Ամիսներ առաջ էր, խոսում էինք հեռախոսով, քննարկում էինք քո բանակ գնալ- չգնալու հարցը: Պատասխանը միանշանակ էր` գնալ: Ու դու հանկարծ ասացիր. - Գիտես, զգում եմ ` Ղարաբաղ եմ գնալու ու հենց դիրքեր : Մարմնովս դող անցավ, անկախ ինձնից մտածեցի, որ դա ինձ համար շատ կլինի ու բարկացա. - Ինչ ես խոսում, հա էլի կծառայես, բայց ոչ Ղարաբաղում: Ինչպիսի շինծու լավատեսություն: Ես քեզ խաբեցի, բայց ոչ սրտիս, ախր զգում էի չէ, որ այդ Ղարաբաղ անունը ինձ հանգիստ չի տալիս: Ամիսներ են անցել: Մենք բաժանվեցինք, ավելի ճիշտ … ավելի ճիշտ այդպես ստացվեց, իսկ եթե ավելի ու ավելի ճիշտ ես սպանեցի ամեն ինչ, բայց այդպես էլ չկարողացա մինչև վերջ սպանել ոչ ինձ մեջ, ոչ առավել ևս `քո: Այո, ամիսներ անցան: Հուլիսյան մի ջերմ օր էր, երեկո… ամեն բան դաջվել է հիշողությանս մեջ: Հանկարծ զանգ եկավ հեռախոսիս, անծանոթ համար էր, պատասխանեցի, ինքնապատասխանիչը միացավ` զորամասից էր զանգը: Այդ պահին ամեն ոք անցավ մտքովս, բայց միայն ոչ դու: Ու հանկարծ իմ ականջներում հնչեց քո անունը: Ես նույնիսկ չգիտեի, որ դու բանակ ես գնացել, այն էլ Ղարաբաղում ես: Գիտեի, որ պիտի գնաս, բայց թե երբ, վախենում էի ինչ -որ մեկից ճշտել: Ամիսներ առաջ էր…Ու քո Ղարաբաղը ականջներիցս դուրս չէր գալիս: Իսկ ես քեզ նույնիսկ բարի ճանապարհ չմաղթեցի: Իսկ ես… Ես ամենավերջին ստորի նման արցունքներս կուլ տալով խնդրեցի, որ այդ համարով այլևս չզանգեն: Բայց դրա փոխարեն հնչեց, որ դու ուղղակի շատ- շատ բարևներ ես ուղարկում… մնացածն արդեն չեմ հիշում, որովհետև Ղարաբաղն էր պտտվում գլխիս մեջ: Ներիր, որ չասացի բարի ճանապարհ, ներիր, որ մինչև հիմա հիշում եմ քեզ և… սիրում եմ քեզ… Աստված քեզ հետ: