16:47, Friday, 04 January, 2013
Կարաբանչելի բանտում, մինչև միջանցքներին հասնելը, տեսակցությունների սրահի մոտ փայտե նստարաններով մի սենյակ կա, որը սիրո օթևան է համարվում: Այնտեղ որոշ բանտարկյալներ, որոնք դուրս գալու իրավունք չունեն, սակայն անբասիր վարքի տեր են, համաձայն բանտային կանոնակարգի որոշակի նորմերի՝ ամիսը մեկ անգամ կարող են կենակցել իրենց օրինական կանանց հետ: Դա այնքան էլ հարմարավետ տեղ չէ: Փոշոտ մի լամպ է կախված սենյակի առաստաղից, պատերը կեղտակալված են, անկյուններում աղբ է կուտակված: Օդափոխության չկատարվելու պատճառով օդում հոտած գուլպաների ծանր գարշահոտ է թանձրացել, որն իրականում խտացման վիճակում գտնվող հաճույքից քամված հեղուկի հոտն է: Այս օթևանը շենքի համընդհանուր աղտեղության մի մասն է կազմում, սակայն բանտարկյալները հույսները միայն դրա վրա կարող են դնել դեպի հարավային ծովերն իրենց զույգի հետ նավարկելու համար: Անկախ ամեն բանից, այստեղ շատ գեղեցիկ սիրային պատմություններ են հյուսվել: Սկզբում նա ստիպված էր վերջ տալ երակները կտրելու կամ պատառաքաղ կուլ տալու սովորությանը, որն անում էր ամեն անգամ, երբ սիրած աղջկանից նամակ էր ստանում՝ մի ծալած թուղթ, որի վերջում շրթներկե համբույր էր լինում դրոշմված: Այդ բոցավառ էջերից ամեն անգամ նրա ներսում մի ավերիչ մեխանիզմ էր ծառս լինում: Սովորաբար ինքն իրենից բացի ոչ ոքի վրա չէր հարձակվում, և դա առավելություն էր: Նա կարող էր երկար ժամանակ վանականի անխռովությամբ ավլել բանտախուցը: Եվ միայն սիրած աղջկա նամակը կարդալուց հետո էր դառնում վտանգավոր: Արյունը հանկարծ գլխին էր խփում, առնում էր շուրջը եղած առաջին պատահած մետաղյա իրն ու ձեռքի տակ ընկած անցքով մտցնում սիրահար մարմնի մեջ: Մինչ վիրաբույժը երկու կես էր անում նրան, բուժկետում աջ ու ձախ գրազ էին գալիս, թե ա՞յս անգամ ինչ կտրող կամ ծակող իր կարող է կուլ տված լինել, իսկ մեր սիրահարն, անզգայացնող դեղերի ազդեցության տակ, իր սխրանքի մասին խոսող խառնաշփոթ ձայներ էր լսում: - Ասացի, է՜լի, պտուտակամերի բանալի է: - Բայց ես չեմ տեսնում: - Կերակրափողում: - Հիմա տեսա: - Երևում է մեր էս ջահելը շատ է սիրում աղջկան: Քիչ տղամարդիկ կան, որոնք ընդունակ են կնոջ նկատմամբ տածած սիրո պատճառով հասնել պտուտակամեր կուլ տալու ծայրահեղությանը: Շատերը չէին համարձակվի անգամ մատիտսրիչ կուլ տալ: Անհույս սիրո այս դեպքի համար բանտի պաշտոնյաներից մեկը կալանավոր Խուան Ռեքեխո Գոմեսին խոստացավ, որ եթե այսուհետ լավ պահի իրեն և վերջ տա գդալներ, շշի տակեր, ժանգոտ մեխեր կուլ տալու սովորությանը, ոչ հեռու ապագայում մի օր երեք ժամով կարող է իր սիրեցյալի հետ մենակ մնալ ներքևի այդ սենյակում: Մինչ այդ նա աղջկան տեսել էր միայն այցելությունների կարճ պահերին, տեսակցության սրահի պլաստմասե դեղնավուն ապակու ետևից: Բանտարկությունից մի քանի տարի անց նրա աղճատված պատկերն էր պահպանվել հիշողության մեջ, և ի վերջո աղջիկը դարձել էր վանդակաճաղերի ետևում գտնվող այն աղոտ ուրվագիծը, որ ամեն շաբաթ երշիկ էր բերում և գոռալով պատմում գործարանի անցուդարձը, շաբաթվա ֆիլմի դրամատիկ պահերը, Չինչոն կատարած էքսկուրսիայի հին պատմությունը. միշտ նույն երգը, նույն խոնավ ժպիտն ու օդային համբույրները հրաժեշտի պահին: - Վաղը կգրեմ: - Հա՜, գրիր: - Բայց բան կուլ չտա՜ս: - Չէ՜: - Երդվու՞մ ես: Այնուհետև ապուշ կտրած կանգնում էր ճաղերի դիմաց՝ նայելով աղջկա հետույքին, սրունքներին, ծոծրակի ուրվագծին, մինչ նա կիսաքանդ սրահի միջով դեպի ելքն էր քայլում: Երկու անգամ էլ հանուն նրա էր փորձել աշխատավարձի գանձարկղ թալանել՝ մի անգամ Չամարտինի1 մի արտոնագրային գրասենյակի գանձարկղը, երկրորդը՝ Վիլյավերդեի2 մի արտասահմանյան առևտրային գրասենյակինը: Բայց նա լավ տղա էր և ընդամենն ուզում էր բնակարան գնել, որպեսզի ամուսնանար: Նույնիսկ իրեն հարմար մեկը տեսել էր Ալկորկոնում՝3 իննսուն քառակուսի մետր, մինչև առաստաղը սալիկապատ լոգասենյակ, պատերի մեջ հարմարեցրած պահարաններ, Forlady ֆիրմայի խոհանոցային կահույք, դաշտում արածող մերինոս ոչխարների հոտի տեսարանով պատշգամբ, տնամերձ պարտեզում՝ մի խեղճուկրակ ուռենի, երկու ճոճանակ, եզրապատի երկայնքով մեքսիկական ագավաների թմբեր. ընդամենը՝ հինգ միլիոն, մեկ միլիոնը՝ բանալիները հանձնելիս, մնացածն՝ ըստ պայմանավորվածության: Միմիայն մի ելք ուներ՝ վերցնել կարճափող հրացանն ու մի երկու այցելություն կատարել: Երբ Չինչոն արվարձանում սիրեցյալի հետ պառկած էր լինում բարդիների տակ, երկուսով երազում էին ապագայի մասին, որ ունենալու էին արվարձանային այդ փոքրիկ դրախտում: Աղջիկը սայլակով մյուս թաղամասի հանրախանութը կգնար՝ գնումներ անելու, իսկ ինքը տարածք կվարձեր մոտոցիկլետների արհեստանոց բացելու համար, և իրենք այն զույգերից կլինեին, որոնք կիրակի օրերին բարում միդիաներով ապերիտիվ են խմում՝ հետները մանկասայլակի մեջ քշելով բրդյա գլխարկը գլխին մի փոքրիկի: Կողոպտած գումարը կյանքում առաջ ընթանալու համար պետք է լիներ, իսկ մինչ այդ, այնտեղ՝ բարդիների պուրակում, աղջիկը թույլ էր տալիս միայն մի քիչ շոյել իրեն հագուստի վրայից, համբուրում էր տղային վաղեմի սիրեցյալի պես, սակայն համառորեն կանգնեցնում էր նրան, երբ վերջինս ձեռքերին ազատություն էր տալիս: Նա ուզում էր սեր անել միայն սեփական՝ լուսամփոփներով, մոխրամաններով, հեռուստացույցով, արհեստական ծաղիկներով բնակարանում, քանի որ կուսությունն օժիտից զատ միակ բանն էր, որ աղջիկը կարող էր բերել ամուսնական օջախ: Անհաջող գործ ստացվեց: Մի աշխատավարձի օր տղան ճանկեց հրացանը և հենց առաջին իսկ բախումից հազիվ ճողոպրեց առանց ավարի, բայց որոշ վկաների աչքով էր ընկել, և երկրորդ փորձի ժամանակ բռնեցին փախուստի պահին՝ պարկը ձեռքին, բացի այդ էլ ընդհարման պահին մի ոստիկան էր տուժել, թեկուզև վնասվածքը թեթև էր: Նյութական միջոցների կարիք ուներ նա, և այդտեղ ավարտին հասավ միջին դասի մի երազանք: Այս մեկի նման քանի՛ երազանքներ կան դրոշմված Կարաբանչելի բանտի այդ սենյակի պատերին: Որպես կանոն ամեն օր այնտեղ սոճենու տախտակի վրա մի քանի անգամ կատաղի ձեռնակռիվներ են սկսվում՝ բանտապահի կողմից խրոնոմետրաժի ենթարկվող ժամանակը նշելու հետ միասին: Երբեմն միջանցքից լսվում են մեկի մարմնին դիպչող փայտի խուլ հարվածներ, խեղդված ճիչեր կամ վայրենի ծիծաղի պոռթկումներ, և այս ամենն այնքան ժամանակ, մինչև բանտապահը նայում է ժամացույցին և հասկանում, որ վերջին գրոհն ավարտվել է: Այդ ժամանակ նա հնչեցնում է զանգը, մի երկու անգամ հենց այնպես բռունցքով թակում օթյակի դուռը: - Վերջ: - Մի րոպե: - Սա ձեզ համար Հոլիվուդը չէ: - Գնում ենք, գնում: - Մարդիկ սպասում են: Պետք է հաճոյանալ նրան: Սիրային գործերի սպասարկման հարցը ստանձնած բանտապահը որոշ հանդուրժողականություն ունենում է որոշելու համար, թե կալանավորը մե՞կ, թե՞ երեք ժամ կարող է ներսում մնալ: Եթե մեկն ուզում է նավարկություն կատարել ութ քառակուսի մետրանոց այս ծովախորշում, պետք է լավ վարք ունեցողի անուն և անբիծ անձնական գործ ունենա, մի քանի ամիս առաջ լրացրած լինի որոշ պարտադիր փաստաթղթեր՝ դիմում գրած լինի ղեկավարությանը և ապացույցներ բերի, որ սպասված այցելուն օրինական կինն է: Իսկ եթե կալանվորը լավ մարդ է, ինչ-որ մեկը կարող է և մատների արանքով նայել այս ամենին: Այդ դեպքում վեցամյա ստաժ ունեցող հարսնացուները, ընկերուհիներն ու սիրուհիները նույնպես թաքուն սողոսկում են ներս, հենց որ համապատասխան վարքագիծ են դրսևորում: Որոշ տիկնայք հանդիպման համար վարդագույն գիշերազգեստ ու փչովի ներքնակ են բերում, սենյակը զարդարում են վարդի փնջով, պատերին ծանոթ առարկաներ են փակցնում, օրինակ՝ տատ ու պապի օվալաձև դիմանկարը, որը բանտարկյալ սիրեցյալը բազմիցս տեսել է ամուսնական ննջարանում: Մեկ ժամվա ընթացքում պետք է նոր աշխարհ ստեղծել այս կեղտաջրի առվի ծանր մթնոլորտում: Պորտապարի շարժումներով ցնցվում են կանացի ազդրերը խավարասերներից փրկված փայտե նստարանի վրա, ջերմ խոսքեր են ասվում՝ ի հեճուկս ցեմենտե պատերի, կարճ ժամանակով քառատրոփ սլանում են մեքենայաբար, մայր-կինը գրգռում է ամուսնուն ազդեցիկ խոսքերով. - Աղմուկ մի՜ արա, երեխաները կարթնանան: - Ինչե՞ր ես ասում, է՛: - Վերոնիկան է քնած կողքին: - Խե՞նթ ես, ի՞նչ է: Դրսում միայն պահակն է: - Սիրելիս, չես հասկանում ինձ: Դե շու՜տ, շու՜տ վերջացրու: Աղջկա սիրավառ նամակները բանտ էին գալիս կարմիր շրթներկի համբույրներով, իսկ կալանավոր Խուլիան Ռեքեխո Գոմեսը, գրեթե առեղծվածային ձևով, արդեն ոչ մի մետաղյա իր չէր խրում կոկորդից ներս: Պաշտոնյան շարունակում էր խոսքի տերը մնալ՝ եթե շարունակեր լավ տղա մնալ, շատ շուտով ընկերուհու հետ կարող էր մենակ մնալ այն սենյակում: Եվ այդ օրը եկե՜լ էր: Պետք է ձևակերպեր բոլոր փաստաթղթերը, ստորագրեր ուղեգրերը և սպասեր երեք ամիս: Վերջապես բանտի ղեկավարության կողմից կնքված նավի տոմսի նման մի թուղթ ընկավ նրա ձեռքը: Սիրահար պատանին կարող էր դատարանի առաջ ցույց տալ սիրո պատճառով բզկտված իր մարմինը. անհարթ ու կոպիտ մի քանի կար հատում էր որովայնը, իսկ պարանոցին փայլում էր վիրահատական նշտարից մնացած կապտավուն մի սպի: Եվ մինչ մոտենում էր կնոջ աղոտացած ուրվագիծը ձեռքով ամուր շոշափելու պահը, նա համառորեն իր ամենօրյա ապաշխարանքն էր կատարում՝ ժպիտը դեմքին: Գլուխը սափրած վանականի հնազանդությամբ ավլում էր բանտախուցը, եռակցում ջրատար խողովակները, ուտում ընդհանուր կերակուրը՝ գդալը մի կողմ դնելով, ողջունում բանտապահներին ՚Աստծու բարինՙ բառերով, մասնակցում պատարագին, խաղաղեցնում միջանցքներում ծագած տուրուդմփոցները: Այնուհետև բակում նստում էր մի անկյունում, որ երազեր: Նայում էր, թե ինչպես են օդանավեր ու վայրի աղավնիներ անցնում երկնքի չորս կողմով, և մտածում աղջկա հետ Չինչոն կամ Խարամա1 կատարած կիրակնօրյա էքսկուրսիաների մասին: Ձեռքի ափի մեջ դեռ զգում էր գիրգ ստինքները նախշավոր բլուզի տակ և հիշում դեղձի խավի նման ոսկեգույն աղվամազիկները, որոնք զեփյուռից շարժվում էին աղջկա ազդրերին և փայլփլում ծիածանի բոլոր գույներով: Այս հովվերգական երջանկությունը գրողի ծոցը կորավ Ալկորկոնի մի անիծյալ տան պատճառով: Աղջիկն ընդդիմանում էր մինչ ամուսնությունը տրվելուն, և նա ստիպված եղավ հրացան վերցնել մի քանի միլիոն որսալու համար: Հինգշաբթի՝ այցելության առաջին օրը, տեսակցության սրահում հենց այդպես էլ ասաց աղջկան: Իսկ նա երշիկ էր բերել, լուրեր՝ ընկերների մասին, Փոլ Նյումանի ֆիլմը պիտի պատմեր, մեկ էլ հանկարծ քերծված պլաստմասե ապակու ետևից բղավոց դուրս թռավ. - Թույլտվություն եմ ստացել: - Ինչի՞ համար: - Շաբաթ օրը մի ժամ քեզ հետ կարող եմ լինել: - Որտե՞ղ: - Էստեղ, ներսում: Մի սենյակում: Երկուսով՝ մեն-մենակ: Էնտեղ լայն տախտակ կա: - Իսկ ի՞նչ ենք անելու: - Հիմար մի՜ ձևացիր: Աղջիկն իր հուզավառ նամակներով տարիներ շարունակ գրգռել էր բանտարկյալ սիրեցյալի հիշողությունը, իսկ այժմ երկմտում էր: Պարզապես վախ էր զգում: Կարելի էր կարծել, որ այդ տատանումը չափազանց դաժան էր, սակայն նա առիթ ուներ զգուշանալու վավաշոտ հայացքով պահակներից, ժանգոտած երկաթաճաղերից, աղբանոցի նմանվող ողորմելի միջավայրից, ինչպես նաև այդ տղամարդու կրքից, որն այդքան երկար ժամանակ զսպված սիրո պոռթկման պահին կարող էր ընդունակ լինել խեղդելու նրան բազուկների մեջ: Մինչև հիմա էլ նա դեռ մտածում էր սիրո մասին՝ վարդագույն լուսամփոփներով բնակարանում, իր իսկ ձեռքով իրենց անվան սկզբնատառերն ասեղնագործած ամուսնական բարձի վրա, սակայն կալանավոր Խուլիան Ռեքեխոն անձնուրաց պայքարեց հանուն իր՝ դեմոկրատական սահմանադրության կողմից հաստատված հաղորդակցման իրավունքի, արտասվեց, ծնկաչոք աղաչեց, բռունցքները կծոտեց, բայց այս անգամ ոչ մի մետաղյա իր չխոթեց բերանը, և տագնապալից մի շաբաթ անցկացնելուց հետո, ընկերուհին տեղի տվեց և այդ շաբաթ օրը երեկոյան, խրտնած վիթի նման, ներս մտավ ցանցաճաղե դարպասից: Պատանին նախօրոք կամավոր էր գրվել սենյակը մաքրելու համար: Փալասով ու մի դույլ ախտահանող լուծույթաջրով լվացել էր հատակը, պատերն ու սոճենու տախտակը, սրբել լամպը և խորդենու մի թուփ դրել նստարանի ծայրին: Նարնջի հյութ էր գնել կոոպերատիվ խանութից և սավան փռել տախտակին: Եվ հիմա էլ ախտահանիչի սպանիչ հոտն էր խառնվել հոտած գուլպաների գարշահոտին: Հարմար պահը գալուն պես՝ ծառայողն աղջկան տարավ դեպի ընդհանուր սրահը, որտեղ սպասում էր սպիավոր սիրահարը: Նա բռնեց աղջկա ձեռքը, և երկուսով մտան սենյակ: Պահակը մնաց միջանցքում և նշեց ժամը: Իրար ասելու ոչինչ չունեին: Թռչունի պես դողդողալով՝ աղջիկը նստեց տախտակի եզրին, նյարդային շարժումով երկու անգամ ցած քաշեց կիսաշրջազգեստի փեշը՝ ժպտալով, դեմքը դեպի պատաը սևեռած: Տղան մեղմիկ կսմթեց նրա թևն ու շշնջաց. - Խնդրում եմ: - Ի՞նչ ես անելու հիմա: - Դու տուն էիր ուզում, հիշու՞մ ես: - Այո՜: - Ահա՜ քեզ տուն: Աղջիկը շապկի տակից սկսեց շոյել նրա կուրծքը: Մատների ծայրերը սահեցին սիրեցյալի մարմնի տարբեր մասերում գտնվող որոշ վատ կարած՝ սղոցի ատամներ հիշեցնող կարերի վրայով: Սկզբում նա թեթևակի դիմադրեց, իսկ հետո մարմինը թուլացավ, և տղան քառատրոփ արշավով մտավ իր սեփականության տիրույթները: Դրսում բանտապահը թերթ էր կարդում, երբեմն նայում էր ժամացույցին և ականջը դեմ տալիս սենյակի դռանը, բայց նրան այդպես էլ չէր հաջողվում որևէ բան լսել: |
Like
0
Dislike
0
6852 | 0 | 0 | 0