Անպատասխան սեր
Հեգ ալյակները հանդարտ վետվետում էին ջրի երեսին, ապա միահյուսվում, վազում դեպի ափը, զարնվում խճաքարերին, ետ գալիս ու հանդարտ շարունակում իրենց ձկնակերպ խայտանքը: Լիճը հարում էր մի գեղեցիկ ժայռի, որն անբռնազբոս հպարտությամբ ճեղքել էր կապույտ անեզրությունը, ու երբ փչում էր մեղմ զեփյուռը, նա դեմքը կնճոռում էր, ալիքվում, և քնքուշ ալիքները կարոտակեզ փարվում էին ժայռի փեշերին: Պահ էր. ծովի հառաչանքները քամու թևով քշվում էին այս ու այն կողմ, ծավալվում մեծանում, իշխող դառնում ողջ շրջապատում: Ու նրա հանդարտությունը, խաղաղությունը կարծեցյալ էր.... կապտաջինջ երկինքը խժռեցին գորշ ամպերը, և խավարը իր անսահմանափակ իշխանությունը սփռեց ծովի երեսին: Արևը հանգավ ամպերի տակ, լույսը ծվարեց խավարի ճիրաններում: Սկսվում էր անսպասելին. կարծես մի հզոր, կախարդական ուժ էր բարձրանում ծովի ընդերքից` խորտակելու կատարյալը, գեղեցիկը, շնչողը... Սրնթաց քամին սուլում էր և սուրալով առաջնորդ դառնում մրրկահույզ ալիքների խելագար պոռթկումին: Մեղմ հովիկին փոխարինած մրրիկը շաչում էր ծովի վրայով` փորձելով արմատախիլ անել ափամերձ ծառերը: Լսվում էին թռչունների հուսահատական ճիչերը, կենդանիների աղաղակները: Փոթորկվում էր ամեն ինչ, ծովի անզուսպ ցասումը մոլեգնում էր. խռովք էր պատել նրան: Վերջ չկար այս խենթացմանը, չկար մի ուժ, որ կասեցներ այն… Համատարած լռության ու ներդաշնակության մեջ ծովը նիրհեց: Բնության այս զարմանահրաշ ստեղծագործությանը ամեն անգամ նայելիս ակամայից թախծում ու փոթորկվում ես…..անպատասխան սիրո տառապանքը հավերժ է…. |