Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Անպատասխան սեր

23:08, perşembe, 24 оcak, 2013
Անպատասխան սեր

Հեգ ալյակները հանդարտ վետվետում էին ջրի երեսին, ապա միահյուսվում, վազում դեպի ափը, զարնվում խճաքարերին, ետ գալիս ու հանդարտ շարունակում իրենց ձկնակերպ խայտանքը:

Լիճը հարում էր մի գեղեցիկ ժայռի, որն անբռնազբոս հպարտությամբ ճեղքել էր կապույտ անեզրությունը, ու երբ փչում էր մեղմ զեփյուռը, նա դեմքը կնճոռում էր, ալիքվում, և քնքուշ ալիքները կարոտակեզ փարվում էին ժայռի փեշերին:

Պահ էր. ծովի հառաչանքները քամու թևով քշվում էին այս ու այն կողմ, ծավալվում մեծանում, իշխող դառնում ողջ շրջապատում: Ու նրա հանդարտությունը, խաղաղությունը կարծեցյալ էր....

կապտաջինջ երկինքը խժռեցին գորշ ամպերը, և խավարը իր անսահմանափակ իշխանությունը սփռեց ծովի երեսին: Արևը հանգավ ամպերի տակ, լույսը ծվարեց խավարի ճիրաններում: Սկսվում էր անսպասելին. կարծես մի հզոր, կախարդական ուժ էր բարձրանում ծովի ընդերքից` խորտակելու կատարյալը, գեղեցիկը, շնչողը...

Սրնթաց քամին սուլում էր և սուրալով առաջնորդ դառնում մրրկահույզ ալիքների խելագար պոռթկումին: Մեղմ հովիկին փոխարինած մրրիկը շաչում էր ծովի վրայով` փորձելով արմատախիլ անել ափամերձ ծառերը: Լսվում էին թռչունների հուսահատական ճիչերը, կենդանիների աղաղակները: Փոթորկվում էր ամեն ինչ, ծովի անզուսպ ցասումը մոլեգնում էր. խռովք էր պատել նրան:

Երբեմնի խաղաղ ու պարզկա ծովն իր նվիրական գաղտինքն էր մերկացրել լերկ ժայռի առաջ: Նա ալեկոծվում էր ու ընդվզում` անտեսված ու անգթորեն մերժված. փրփրադեզ ալիքները անխղճորեն մաշում էին մամռած քարերը: Անզուսպ ցասումով ծովը ծեփում էր իրեն լերկ ժայռին, այն ժայռին, որ կրակվող երկինքը ուերին առած, կանգնել էր խաղաղ` արհամարանքը դեմքին: Որպես մերժված սիարահար` նա զարնվում էր ժայռի մերկ ափերին ու սեր հայցում....ամեն անգամ խփվելիս հալվում էր, անէանում, սակայն նոր ուժ առած` վերստին շաչում էր ու որոտում:

Վերջ չկար այս խենթացմանը, չկար մի ուժ, որ կասեցներ այն…

Ծովը հանդարտվեց անսպասելի, ինչպես անսպասելի խենթացել էր, հանդարտվեց ու կրկին վերագտավ իր մեղմությունն ու անդորրը: Լուսընկա երկինքը, որ վկան էր այս խռովահույզ ալեբախումների, այժմ ողջունում էր նրան բյուրավոր աստղերով:

Համատարած լռության ու ներդաշնակության մեջ ծովը նիրհեց:

Բնության այս զարմանահրաշ ստեղծագործությանը ամեն անգամ նայելիս ակամայից թախծում ու փոթորկվում ես…..անպատասխան սիրո տառապանքը հավերժ է….


    
    
    
    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4979 | 0 | 0
Facebook