Անորոշություն
Մեզանից յուրաքանչյուրին ժամանակ առ ժամանակ այցելում է այդ խորհրդավոր ու մշուշապատ դեմքով անծանոթը՝ անորոշությունը: Նրա անտեսանելի ուժին է ենթարկվում ողջ մարդկությունը: Գիշերվա մեջ աստղերը չգիտեն, թե որն է դեպի առավոտ տանող ճանապարհը: Նրանք հետզհետե հալվելով են արարում առավոտը: Մարդը նույնպես ստիպված է ստեղծել իր կյանքի բոլոր ճանապարհները, որոնք երբեմն թվում են հարթ, երբեմն՝ անանց ու խորդուբորդ: Իհարկե, այս ամենի հիմքում ընկած են մարդկային վախերն ու կասկածները: Հանդիպելով անորոշությանը, մենք ասես թակում ենք անծանոթ դռներ: Մենք վախենում ենք սխալ ընտրություն կատարելուց: Բախվելով յուրաքանչյուրին, անորոշությունը դառնում է ողջ մարդկության խնդիրը: Այն կարծես դարձել է կյանքի ստվերն ու անընդհատ հետապնդում է նրան: Բնության նման հավերժ է նաև անորոշությունը: Կա մի պարզ ու անփոփոխ ճշմարտություն. մենք այսօր մտահոգված ենք մեր վաղվա համար: Սակայն կգա վաղը և մենք կսկսենք անհանգստանալ մեր հաջորդ վաղվա համար: Վաղը, որ միշտ թվում է այդքան անծանոթ ու խորհրդավոր: Այն միրաժ է: Թվում է, թե դու մոտենում ես նրան, սակայն, երբ հասնում ես, վաղվա օրը կրկին հայտնվում է առջևում: Եվ այսպես վաղվա սպասումով մենք ապրում ենք մի ողջ կյանք: Վաղվա նման հեռու ու անորոշ են մեր գործերի արդյունքները, մեր հարցերի պատասխանները: Այն պահին, երբ մենք ստանում ենք մեր հարցերի պատասխանները, ծագում են նոր հարցեր: Անորոշությունը մեր բոլոր գործերի ու նախաձեռնությունների անբաժան ուղեկիցն է: Անորոշությունից խուսափելու համար առնվազն պետք է ոչինչ չանել և կանգնեցնել ժամանակի ընթացքը: Բայց չէ՞ որ այդ ժամանակ պարզապես մարդը կդադարի ապրել: Քանի որ ապրել՝ նշանակում անընդհատ գործել և հայտնվել նոր ճանապարհների վրա: Մենք պետք է կարողանանք անցնել անորոշության կողքով՝ առանց հոռետեսության, վախերի ու անգործության: Հաճախ անորոշության վախը խոչընդոտ է հանդիսանում որևէ նոր գործ սկսելու համար: Սակայն, եթե շատ մարդիկ առաջնորդվեին վախով և ոչինչ չանեին, ապա մեզ այսօր հայտնի չէին լինի աշխարհի ամենահաջողակ մարդկանց (գործարարներ, երաժիշտներ, դերասաններ և այլն) անունները: Պետք է հիշել, որ հաջողակ մարդիկ կյանքի ամենատարբեր ոլորտներից ու երևույթներից քաղում են նշանակալի օգուտներ: Այս առումով բացառություն չի կազմում նաև անորոշությունը: Մենք չենք կարող խուսափել անորոշությունից, սակայն կարող ենք այն օգտագործել մեր հաջողության համար: Իսկ ինչպե՞ս կարողանալ նրանից «արագ վազել», երբ նա առջևում է և շատ հեռու: Կարծում եմ, որ հարցերի բարդությունը կարևոր չէ, քանի որ միշտ էլ կան պատասխանների հնարավորություններ: Առաջին հերթին պետք է կարողանալ կառավարել անորոշության հանդեպ վախը: Այդ վախը չպետք է մարդուն կանգնեցնի և մատնի անգործության: Անորոշության հանդեպ վախն առաջանում է այն ժամանակ, երբ մարդ կյանքի հայեցողությանն է թողնում իր ապագան: Երբ դուք մտովի նախագծում եք Ձեր ապագան, այդ ժամանակ կարողանում եք կառավարել անորոշությանը: Հաճախ մարդկանց վախեցնում է այն, թե ինչ է լինելու ապագայում: Ես այն մարդկանցից եմ, որոնց համար անընդունելի են բախտ և ճակատագիր (նախագծված կյանք) հասկացությունները: Իսկ ինչու՞ պետք է վախենալ ապագայի անորոշությունից, երբ ընդհանրապես ապագան դեռ գոյություն չունի: Այո, մեր ապագան գոյություն ունի միայն մեր մտքերում ու պատկերացումներում: Մենք ապրելով պետք է կառուցենք այն: Մեր ճիշտ ու վճռորոշ գործողություններով պետք է կարողանանք կառուցել այն ապագան, որն ապրում է մեր ցանկությունների ու երևակայության մեջ: Փաստորեն վախենալ ապագայի անորոշությունից, նշանակում է վախենալ մի բանից, որը գոյություն չունի: Իսկ մի՞ թե դա անհեթեթ չէ: Ուրեմն առանց վախերի ու կասկածների կառուցենք մեր ապագան: Կյանքը հետաքրքիր և հագեցած է դառնում, երբ մշտապես կան նպատակաուղղված գործողություններ, որոնք փոխում են կյանքի գույները և ստիպում են հասնել ավելի հեռուն: Անորոշության վախը կանգնեցնում է մարդուն այն պահին, երբ անհրաժեշտ է գործել: Սկզբում շատ կարևոր է հավատալ, որ ձեռնարկած գործն անպայման հաջողությամբ է պսակվելու: Որևէ գործում հաջողության հասնելու համար պետք է անել առաջին քայլը: Ճիշտ է, շատ դժվար է սկսել ինչ-որ բան անել, երբ սկզբում անորոշ են նպատակինհասնելու ուղիները: Ամեն դեպքում պարզ է, որ հեռուն հասնելու համար նախ և առաջ պետք է սկսել ճանապարհը: Կարևորն առաջին քայլն անելն ու հավատալն է: Ես կարծում եմ, որ սա համարվում է կյանքի բացահայտված գաղտնիքներից մեկը: Ամփոփելով այս ամենը, կարելի է հասկանալ, որ կյանքը չափազանց կարճ է անորոշության վախով ապրելու և չգործելու համար: Կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը հավատա ինքն իրեն և այն ապագային, որը կառուցում է: Վերջում՝ միշտ հիշեք, որ մարդու մեծ ներքին ուժի մասին են խոսում անորոշությունից անկախ ապրելն ու հոգեպես հանգիստ լինելը: |