Loading...

Articles

Վարդան Պետրոսյանը վթարի ենթադրյալ պահին խոսել է հեռախոսով՝ ցույց է տվել հեռախոսազրույցների վերծանումը:

AAA A
Author:
AAA A
19:51, Friday, 20 June, 2014

Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 20-ին, դատավոր Վաղինակ Մկրտչյանը հրապարակեց դեպքի օրը դերասանի հեռախոսային զրույցների վերծանման արձանագրությունները:

«Մուտքային վերջին երկու զանգերը եղել են 22: 09 րոպեին՝ զրո վայրկյան տեւողությամբ, եւ 22: 10 րոպեին՝ 40 վայրկյան տեւողությամբ: Զանգը եղել է Օնիկ Հակոբյանին պատկանող հեռախոսահամարից», - ընթերցեց դատավորը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, վթարը տեղի է ունեցել 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22: 10–ի սահմաններում։

Վարդան Պետրոսյանը հայտարարեց, որ վթարի պահին հեռախոսով չի խոսել, կարճ զրույց է ունեցել վթարից առաջ, ոչ այդ ճանապարհահատվածում:

«Ես վթարից առաջ շատ կարճ խոսել եմ Օնիկ Հակոբյանի հետ, ասել եմ՝ ղեկին եմ, կհասնեմ քաղաք, կխոսենք: Դա եղել է վթարի վայրից 5-6 կիլոմետր հեռու։ Վթարի պահին ես չեմ խոսել հեռախոսով», - ասաց դերասանը:

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի կարծիքով էլ՝ վթարի ժամանակը սխալ է արձանագրված մեղադրանքի մեջ, եւ նպատակն այն է, որ Վարդան Պետրոսյանին «մեղավոր դարձնեն»:

Տեղեկանում ենք, որ նիստի ամբողջ ընթացքում իրավապաշտպան Գագիկ Սարուխանյանը տեղից խոսում էր, դատավորը նրա նկատմամբ սանկցիա կիրառեց՝ դահլիճից հեռացնելով: Երբ դատավորը նրան խնդրել է կանգնել, իրավապաշտպանը կանգնեց եւ խոսեց՝ ձեռքերը գրպաններում, ինչն ավելի բարկացրեց դատավորին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22: 10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ», նա կալանավորված է: Դատական քննությունն սկսվել է մարտի 12-ին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2892 | 0 | 0
Facebook