Եկավ առաջին ձյունը, այնքան աննկատ, այնքան լուռ ու խաղաղ… Եկավ առաջին ձյունը և միայն ձյանը հատուկ սառը տաքությամբ և քնքշությամբ ծածկեց վերջին տերևներին հրաժեշտ տված մերկ ծառերը, այն հանդարտ և խնամքով ծածկեց մերկ քաղաքը, տները և կտուրները` խոստանալով իր մաքրությամբ նորոգել դրանք…
Եկավ առաջին ձյունը` իր հետ հետ բերելով ոչ միայն սառնություն ու հանդարտություն, այլև կյանքը մի նոր «սպիտակ» էջից սկսելու հնարավորություն և այդ նոր կյանքում շատ բաների «սառը» հայացքով նայելու հնարավորություն…
Եկավ առաջին ձյունը և մեր սրտերում մի փոքր հրաշք արթնացրեց, հրաշք, որը վաղուց թաքնված ապրում էր մեր սրտի խորը մի անկյունում: Ապրում էր դեռ այն ժամանակներից, երբ առաջին ձյան հետ տնից դուրս էինք գալիս և փորձում դեռ տաք ու արագ հալվող ձյան առաջին շերտից ձնեմարդ պատրաստել… Հրաշքը մեր սրտում էր, երբ մենք դեռ հավատում էինք Ձմեռ պապիկի գոյությանը և առավոտ վաղ վազում էինք տոնածառի տակ նվերներ փնտրելու…
Եկավ առաջին ձյունը և մեզ ստիպեց հավատալ, որ կյանքում միշտ էլ հրաշքների համար տեղ կա…և ինչ հրաշալի է, որ մենք հնարավորություն ունենք ամեն ինչ նոր սպիտակ էջից սկսել, նորից, նորից…..ու նորից… Ինչ հրաշալի է ինչ-որ մի բանի սպասել, ցանկանալ և հավատալ…
Իսկ ես ուզում եմ, որ ձյունը չդադարի… Ուզում եմ դուրս գալ փողոց, ինչպես փոքր ժամանակ՝ առանց գլխարկի և զգալ առաջին ձյան տաքությունը… Ուզում եմ լսել ձյան լռությունը… Ուզում եմ նայել դեպի երկինք և տեսնել ձյուն ամբողջ տիեզերքում… Ուզում եմ նայել շուրջս և տեսնել միայն մաքրություն, տեսնել մաքրություն ոչ միայն ձյան ճերմակության մեջ, այլ նաև մարդկանց սրտերում…©