Loading...

Articles

ՄԻ ՄԵԾ ԱՇԽԱՐՀ` ՓՈՔՐԻԿ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ

09:39, Monday, 21 April, 2014

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում հիմնադրման օրվանից ի վեր գործում է նկարչական խմբակ: Խմբակ հաճախում են նախադպրոցական տարիքից սկսած մինչև շրջանավարտները: Անվճար պարապմունքներ անցկացվում են շաբաթական մի քանի ժամով: Երեխաները հաճախում են սիրով, ու այդ հաճույքը կրկնապատկվում է, երբ մասնակցում են հանրապետությունում կազմակերպվող տարբեր ցուցահանդեսների և ստանում խրախուսական նվերներ, մրցանակներ ու պատվոգրեր: Լուրջ ձեռքբերում կարելի է համարել խմբակի սաների մասնակցությունը 2000-ին Երևանում կայացած Սիդնեյի օլիմպիական խաղերին նվիրված մրցույթին, ապա նաև Հայաստանում քրիստոնեության 1700 ամյակին նվիրված ցուցահանդեսին: 2004-ին Երևանում` Ազգային գեղագիտության կենտրոնում բացվեց անհատական ցուցահանդես` մի քանի երեխաների անհատական աշխատանքներով: Այնուհետև ևս եղել են ցուցադրություններ և պարգևներ: Հիշարժան է նաև 2011թ. սեպտեմբերի 5-ին Հայաստանի անկախության քսանամյակին նվիրված «Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն» -ին մասնակցությունը: Այստեղ ևս երեխաները ստացան բազմաթիվ մրցանակներ: Անհատական ցուցահանդեսներ կազմակերպվել են նաև Մարտունի քաղաքի պատկերասրահում:

Խմբակի ղեկավար Նեկտար Սահակյանը գտնում է, որ երեխաներից յուրաքանչյուրը շնորհալի է յուրովի, յուրաքանչյուրն օժտված է որոշակի տաղանդով, իսկ հետագայում կշարունակեն զբաղվել նկարչությամբ թե ոչ, ժամանակի ընթացքում են որոշում և ընտրում են այն, ինչը ավելի հոգեհարազատ է իրենց, ամեն դեպքում ողջունելի է, որ երեխաները իրենց մեջ բացահայտում են նոր հատկանիշ և, ինչու չէ, հետաքրքրվում են նաև արվեստով:

Իսկ դպրոցի տնօրեն Գագիկ Եղիազարյանը նշեց, որ այդպիսի խմբակներն իսկապես անհրաժեշտ են դպրոցներում, քանի որ միայն ծրագրով նախատեսված դասաժամը իսկապես չի բավարարում երեխաների սիրելի առարկային տիրապետելու համար: Տնօրենը կարևորում և խրախուսում է այդպիսի խմբակների գոյությունը, քանի որ երեխաները հնարավորություն են ունենում հաղորդակցվելու արվեստին:

Այժմ երեխաների ստեղծած գործերը ցուցադրվում են միայն դպրոցի միջանցքներում, քանի որ դպրոցը չունի համապատասխան սրահ` ամբողջական ցուցադրության համար: Այնուամենայնիվ, մայրաքաղաքում անհատական ցուցահանդես կազմակերպելու ծրագրեր կան: Հովանավորող ունենալու դեպքում կտպագրվի նաև երեխաների աշխատանքներով գիրքը: (Լուսանկարներում միայն մինչև 7 տարեկան սաների աշխատանքներն են)

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3122 | 0 | 0
Facebook