Loading...

Articles

Ես մեղավոր չեմ

10:56, Sunday, 06 April, 2014
    
Ինձ մեկ մեկ թվում է, թե ուր որ է գետն եմ ընկնելու. բայց չէ, այդ նրանք են կախվում իմ փեշերից ու իրենց գետը գցում, իսկ ես շարունակում եմ մնալ գետի գլխավերևում կանգուն ու միշտ նայել երկինք. ես երկինք նայելուց այնքան հոգնել եմ: Ախր սիրտս մխկտում է, ախր ոտքերս շարունակ դողում են, երբ վրաս է կանգնում մռայլ մի այցելու և ես իսկույն հասկանում եմ, որ նրան այլևս չեմ տեսնելու:
     Մի քանի օր առաջ էր, անձրև էր գալիս, ամբողջովին թրջվել էի, անխիղճ ցրտից ոտքերս քարացել էին: Միայն գիժ հարևանս էր ալիքները շարունակ ժայռերին խփում. ինքն էլ չգիտեր ինչ է պատահել, պարզապես արդեն հոգնել էր դիակները կոծկել: Ես շատ էի ուզում ձեռք մեկնել նրան, սփոփել իր վիշտը իմ կատակներով, բայց ախր ես էլ տքնում էի անճար` իմ հին հյուրերին հատ-հատ հիշելով: Եվ ուզու՞մ եք ճիշտն իմանալ, ես իսկապես մեղավոր չեմ, ախր նրանք են այս կյանքից զզված իրենց շպրտում երախը մահվան: Ես ին՞չ մեղք ունեմ, որ ինձ շինեցին այս գետի վրա, ես ի"նչ մեղավոր եմ, որ ով ցատկում է իմ վրայից վար, իսկույն սուզվում է գետում խելագառ:
     Նա եկավ, տխուր էր, մարմնովս ահ անցավ, մի աննկարագրելի ցավ պատեց ինձ և սկսեցի աղոթել իր համար: Շատ էի ուզում, որ ինքն էլ մյուսների պես միայն մեկ անգամ չայցելեր ինձ: Անձրևի մաղող կաթիլների հետ նրա արցունքներն էին թափվում դեմքիս, լուռ էր, ոչինչ չէր խոսում, չէր հայհոյում, չէր անիծում, միայն լացում էր:
-Ի՞նչ է պատահել- հարցրեցի ես:
     Ոչինչ չասեց, քայլեց դանդաղ ու երերուն, բռնվեց ոտքերիցս, ապա կախվեց իմ հին ու մաշված զգեստից և բղավեց.
-Ես պարզապես հոգնել եմ սիրել...
Այդ նրա վերջին խոսքերն էին, որ ես երբևէ լսեցի: Գետը դիմավորեց նրա անշունչ մարմինը, որը մխրճվեց գետի թանձր ու լուրթ ալիքներում: Մի ժամ էլ չանցավ, երբ ինձ վրա հավաքվեցին մի խումբ մարդիկ: Չեմ էլ ուզում անգամ հիշել նրանց դժգույն ու սառած դեմքերը, չեմ ուզում հիշել այն աղաղակները, որոնք մինչև հիմա ականջիս մեջ զնգում են անդադար, այն հայհոյանքները որոնք միաբառ ասում էին «անիծվե՛ս դու, անիծվե՛ս»:

     Եվ գիտեք ինչ կա, բա՛վ է Ինձ մեղադրեք, ես մեղավոր չեմ, սա էլ իմ բախտն է, իմ բութ ու մեղսավոր կյանքը: Ես ի՞նչ անեմ, որ կամուրջ եմ տկար, որ միշտ մահվան դուռ եմ ես ոմանց համար, ի՞նչ անեմ, որ մյուս կամուրջների նման, ինձ մոտ չեն գալիս սիրահարները, չեն համբուրվում, սեր չեն խոստովանում, չեն գալիս հարազատ ընկերները, չեն վազվզում ինձ վրայով, չեն կատակում ու ծիծաղում, այլ միշտ հյուր են նրանք, ովքեր հոգնել են ապրել, ովքեր մենակ են ու անհույս, ովքեր խեղդվում են, էլ չեն դիմանում, ովքեր ուզում են մեղք գործել ճղճիմ, քան ապրել այս կյանքում թշվառ ու չնչին: Եվ վերջապես, հավատացե՛ք, ես մեղավոր չեմ, ես ինչ անեմ, որ կամուրջ եմ խուլ կյանքի ու դառը մահվան միջև:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4076 | 0 | 0
Facebook