Loading...

Articles

ԳՈՒԹԹԵՆԲԵՐԳՅԱՆ ՊԼԱԳԻԱՏԻ ՄԻ ՆՈՐ ՕՐԻՆԱԿ

22:25, Saturday, 05 April, 2014

Նախորդ շաբաթվանից գերմանական լրատվամիջոցների ուշադրության առանցքում նորից հայտնվեց 2011-ի մարտ ամսին հրաժարական տված ԳԴՀ պաշտպանության նախկին նախարար Կարլ Թեոդոր ցու Գութթենբերգը: Մի մարդ, որ 2009-ին արդեն քաղաքական գործիչների վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականն էր զբաղեցնում, նույն թվականի փետրվարին 37 տարեկանում տնտեսության նախարարի պաշտոնը ստանձնելով համարվում է Մերկելին արժանի փոխարինող, եւ որը ՔՍՄ կուսակցության շողշողուն աստղն էր, այնքան սրընթաց զրկվեց իր տիտղոսներից, որ քաղաքական օլիմպոսի անսայթաք վերելքը, թվաց, ուրիշի կոշիկներով է բարձրացել: Երբ բրեմենցի իրավաբան, պետականագետ Անդրեաս Ֆիշեր-Լեսկաուն 2011-ի փետրվարի կեսերին հանրությանն իրազեկեց, թե նախարարի դոկտորական թեզը լի է պլագիատովՙ գրագողությամբ, եւ Բայրոյթի համալսարանն էլ ետ վերցրեց նրա դոկտորի տիտղոսը, պաշտպանության նախարարը հասկացավ, որ թիկունքին նույնիսկ Մերկել էլ ունենալով, միեւնույն էՙ անպաշտպան է այն հասարակության առջեւ, որը սկսել է գրագողերի նոր անուններ որոնել ու հրապարակելՙ «ստի վրա կենսագրություն չես կառուցի» ճշմարտության բանաձեւից ելնելով:

Հրաժարականից հետո Գութթենբերգն ապաստանեց ԱՄՆ-ում, օրերս հայտնի դարձավ դատարանի վճիռըՙ պաշտպանության նախկին նախարարը կարող է ազատության մեջ լինել, եթե տուգանք մուծիՙ 20 000 եվրոՙ քաղցկեղով հիվանդ երեխաների կարիքների համար: Դրամը փոխանցված է: Շատերի համար վերջակետ գտած այս պատմությունը անակնկալ շարունակություն ունեցավ:

Երեքշաբթի գրախանութ է հասել հրաժարականից հետո ԱՄՆ-ում ապաստանած գերմանացի քաղաքական գործչի եւ «Դի ցայթ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ջիովաննի դի Լորենցոյի հարցազրույցների գիրքը, ուր թեպետ գրագողության մասինՙ «սա իմ կյանքի ամենացավոտ քայլն է» զղջման ձեւակերպումը կա, բայց նաեւ արդարացումՙ գիտակցված չի արել, քաոսային աշխատաոճի արդյունք է: Սա պատվի հարց է, ասում է արիստոկրատական դաստիարակություն ստացած Գութթենբերգը: Մարդու մի սխալը կարելի է ներել, մանավանդ, երբ խոսքը շնորհալի քաղաքական գործչի մասին է, համոզված պնդում են նրա համակիրները: Իսկ գրքում հնչեցրած մեղադրանքներըՙ համալսարանին, թե անկողմնակալ չի եղել, իր կուսակիցներին, Բունդեսթագի նախագահ Լամերթին, քաղաքական տարբեր գործիչների, թե թիկունքից հարվածել են, հարցնում են խնդիրն առավել խորքայինՙ բարոյական հարթության մեջ դիտարկող լրատվամիջոցները... Լավագույն պաշտպանությունը հարձակո՞ւմն է: Սանրվածքը փոխել է, ակնոցը հանել, տարեսկզբին քաղաքականություն վերադառնալու ակնհայտ հավակնություն ունեցող Գութթենբերգն արտաքին տեսքը հասցրել է փոխել, իսկ ուրիշի մտավոր սեփականությունը յուրացրած ներքի՞նը: Չի փոխվել, եզրակացնում է «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի» մեր գործընկերը:

Այս սկանդալային պատմությունը, որին հետեւում եմ մեծ հետաքրքրությամբ, նոյեմբերի սկզբին դարձավ նաեւ իմ պատմությունը, այն բանից հետո, երբ «Օրերի» գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանն ինձ հուշեց կարդալ Հասմիկ Պապյանի հետ «մի շատ լավ» հարցազրույց «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթում: Ուրախացա ու ...տխրեցի.սեպտեմբերի 2-ին թվագրված «Անվանի մարդիկ» բաժնում զետեղված այդ հարցազրույցը վերնագրից մինչեւ վերջին նախադասությունն իմն էրՙ տարբերությամբՙ չկար «Ազգում» սեպտեմբերի 2-ին լույս տեսած իմ զրույցի քննադատական նախաբանը, անուն-ազգանունս:

Մնում էր կարծել, որ Հասմիկ Պապյանի հետ նույն հարցերը տալով հանդիպել-զրուցել է «Հայերն այսօրի» սեփական թղթակից Լեւոն Մութաֆյանը, ինչպես եւ ներկայացված էր էլեկտրոնային պարբերականում:

Խմբագրությունը ներողություն խնդրեց, այդ հարցազրույցի նախաբանում վերականգնելով թե՛ իմ անունը, թե՛ այն աղբյուրը, որից արտատպել ենՙ չբացահայտելով միայն այն հեղինակին, որի անունը երկու ամիս շարունակ ոչ միայն կցվել է ուրիշի մտավոր սեփականությանը, այլեւ այլ թերթում (մեզ առայժմ հայտնի է միայն Պոլսի «Ժամանակը») արտատպվել հենց նրաՙ Լեւոն Մութաֆյան անունով:

Մեր «գութթենբերգյան» պատմությունը կարելի է ասել սկսվում է նրանից, երբ ոչ ինքնակամՙ մեր խիստ ցանկությանն ընդառաջելով Լեւոն Մութաֆյանը զանգահարում ու բացատրում էՙ «սովորական տեխնիկական սխալ է, միտում չի եղել»: Պատմում է նաեւ, թե բոլոր թերթերի, այդ թվումՙ նաեւ մեր պրակտիկայում այդպիսի դեպքերՙ ինչքան ուզես: 90-ականներից «Ազգի» աշխատակից լինելովՙ թույլ տվեք չհամաձայնելՙ «Ուղղում» բառը խորթ չէ մեր թերթի պրակտիկային, ինչպես նաեւՙ հղում անելը, որ կարծում եմ, հարստացնում է նյութը, բարոյական հարթությունից զատ վկայում հեղինակի ոչ միայն գրելու, այլ նաեւ ուրիշի գրածն էլ կարդալու պարտադիր պայմանը լրագրության մեջ:

Ենթադրում ենք, որ երկու ամիս շարունակ Լեւոն Մութաֆյանին շնորհավորել են նաեւ հիշյալ հարցազրույցիՙ ասել է թե ուրիշի մտավոր սեփականությունը իրենը ներկայացնելու համար: Մանավանդՙ արդեն ասացինք, որ այն, ցավոք սրտի, փաստ են դարձրել նաեւ ուրիշներ:

Ու մեղմ ասածՙ զարմանալի է, որ տիտղոսակիր հեղինակը «տեխնիկական» սխալն ինքնուրույնՙ 2 ամսում սրբագրելու հնարավորություն չի ունեցել:

Առաջին հերթին «Ազգում» գրավոր զղջում, ներում տպագրելու փոխարեն Լեւոն Մութաֆյանը մեր մշակութային հավելվածում առաջնահերթ է տեսնում իր նոր հոդվածի տպագրությունը:

Բարի ընթերցանություն:

Հետգրության փոխարեն - Ցանկություն չունեինքՙ այսօր զանազան դատական քաշքուկների մեջ հայտնված հայաստանյան մամուլը կամ մի տիտղոսակիր հեղինակի նորից այդ ատյանում տեսնել: Բայց վատ չէր լինի, որ պլագիատի հայկական տարբերակում 20 000 եվրոն կամ համարժեք հայկական դրամը հատկացվեր քաղցկեղով հիվանդ մանուկների հայաստանյան կենտրոնին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2694 | 0 | 0
Facebook