Նա չգիտեր: Չգիտեր սիրո մասին խոսել, չգիտեր բանաստեղծություններ ու պատմվածքներ գրել…Չգիտեր երգել և նկարել…Չգիտեր պարզապես մոտենալ և ասել այն, ինչ վաղուց էր զգում, այն, ինչը վաղուց բույն էր դրել իր հոգում և սրտում: Հաճախ նույնիսկ չէր էլ կարողանում բացատրել ի՞նչը և ինչպե՞ս…և չէր կարողանում արտահայտել այն, ինչը անընդհատ այնքան շատ գիտեր և ինչքա՜ն բարի մտքում էր… Նա չէր կարողանում գիշերները շուտ քնել ու չէր կարողանում առավոտները շուտ արթնանալ, որ օրը ավելի շուտ սկսի…Չգիտեր ժպտալ, երբ տխուր էր, չէր կարող կեղծել, թե ամեն ինչ լավ է, երբ հազիվ էր զսպում արցունքները: Նա չէր կարողանում մոռանալ ցավը և արցունքները, չէր կարողանում հեշտ ներել…Նա շատ բան չգիտեր, և չէր էլ ուզում սովորել: Չէր ուզում տնից դուրս գալ, երբ դրսում արև չկար ու անձրև էր, բայց նաև այնքա՜ն էր ուզում ոտաբոբիկ վազվզել ջրափոսերի մեջով և գոնե այդպես հայտնվել մանկության իր աշխարհում…Երբեմն նրան թվում էր, թե ինքը չգիտի ապրել: Նա չգիտեր ինչ ասել մարդուն, ում պետք էր հանգստացնել, ում պետք էր օգնել, չէր կարողանում անակնկալներ մատուցել, չնայած որ այդքան մտքեր ուներ: Նա կարող էր ժպտալ ընդհանրապես անծանոթ մարդու, բայց երբեմն չէր կարողանում աչքերը բարձրացնել ու նայել այն մարդու աչքերին, ում հետ կես կյանք ապրել է…
Նա չգիտեր ապրել, չգիտեր ճի՞շտ է, թե՞ սխալ, չգիտեր ինչից հրաժարվել, ինչի հետ համաձայնվել, չէր կարոողանում ընտրություն անել, և շատ հաճախ էր զղջում կատարած ընտրության համար:
Չէր կարողանում հեռանալ, երբ իրեն պահող ոչինչ էլ չկար….չէր կարողանում վերադառնալ, երբ հետ կանչող այդքա՜ն շատ բան կար…Նա չգիտեր առաջին հայացքից սիրահարվել, չգիտեր մեկ բառով աշխարհ նվիրել, չգիտեր դատարկ խոստումներ տալ… Բայց նա գիտեր ՍԻՐԵԼ, գիտեր սիրել ամբողջ սրտով ու հոգով…Գիտեր սիրել նրան, ով կողքին էր, գիտեր սիրել նրանց, ովքեր հեռու են, ովքեր ոչ միայն նկարներում են, այլ նրա սրտում…նա գիտեր սիրել, և այդ սերը նրան սովորեցրել էր հասկանալ, ներել ու մոռանալ…Այդ սերը նրան սովորեցրել էր պարզապես լռել ու լսել, գալ, երբ իրեն չեն կանչում, զանգել, երբ դրան չեն սպասում…Այդ սերն էր, որ նրան սովորեցրել էր մնալ, երբ հպարտությունը հրամայում է հեռանալ.....