Նոյեմբերի 21-ին Ախթալա քաղաքի թաղամասերից մեկում, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի չգործող «Նազիկ» պոչամբարի հողածածկ տարածքում կազմակերպվեց ծառատունկ, որի ընթացքում 1 հա-ում տնկվեցին 800 ծառեր և թփեր` թխկի, հացենի, կեչի, բարդի ևայլն:
Ըստ, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ, երկրաբնապահպանական գիտությունների թեկնածու Արտակ Դեմիրչյանի վստահեցմամբ, նման ծառատունկը մեր տարածաշրջանում, այսինքն ողջ Կովկասում կազմակերպվում է առաջին անգամ և ունի փորձարարական նշանակություն:
«Նազիկ» պոչամբարը, որպես չարիք, տարիներ շարունակ անհանգստացրել է Ախթալայի բնակիչներին, մարզի բնապահպաններին: Վերջապես, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Թափոնների կառավարում-ԵՀԳԳ Արևելք» ծրագրի, ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի կլիմայի փոփոխության ծրագրի, Լոռու մարզպետարանի և «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի փոխհամաձայնեցված ուսումնասիրությունների և մշակված ծրագրերի համաձայն, մի քանի տարի առաջ հողի շերտով ծածկվեց Ախթալայի պոչամբարի երկու հեկտար տարածքը` հետագայում նպատակ ունենալով ծառատունկի միջոցով կանխելու սողանքասելավային երևույթները, քամիներից էրոզիայի առաջացումը, ինչու չէ նաև պոչամբարի տարածքը բարեկարգել, հնարավորինս նվազեցնել վնասակար ազդեցությունը:Ծառատունկին մասնակցեցին բազմաթիվ մարդիկ, մասնագետներ, իսկ տնկիների արմատային համակարգն էլ մշակվեց հատուկ «Բայկալ-1» տեսակի լուծույթով, որն օգնում է մթնոլորտից և հողից որսալ ազոտ և այլ հանքային նյութեր, որոնք խթանում են տնկիների աճը: Տնկիների կպչողականությունը բարձրացնելու նպատակով արմատները հագեցվեցին 25 բեռնատար սևահողով:Տարածքը հատուկ խնամքի և հոգածության տակ կլինի, կանցկացվի ոռոգման համակարգ, հաջորդ տարվա ընթացքում կիրականացվի մոնիտորինգ, կորոշվի ծառերի և թփերի կպչողականությունն ըստ տեսակների, կկատարվեն լրացումներ: