Zham.am-ի բացառիկ հարցազրույցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:
-Պարոն Ծառուկյան, չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ ողջ հանրությունը, որ նաեւ արտերկրում բնակվող միլիոնավոր մեր հայրենակիցներ սպասում են Ձեր որոշմանը` կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ: Ե՞րբ կընդունեք Ձեր որոշումը:
-Բնականաբար, նման կարեւորագույն որոշումները չեն ընդունվում վերջին պահին եւ հանպատրաստից: Ասեմ ավելին. ես իմ մեջ որոշումն արդեն կայացրել եմ: Այլ հարց է, որ քանի դեռ ընտրական օրենսդրությունը թույլ է տալիս այն չհրապարակել, ես օգտվում եմ այդ հնարավորությունից: Մյուս կողմից, սա նաեւ օպտիմալ ժամանակահատված է կուսակցական ընկերների եւ քաղաքական դաշտում գործընկեր կուսակցությունների կարծիքները եւ առաջարկները լսելու համար:
-Ի դեպ` ժամանակի մասին: Կա կարծիք, որ Ձեր վերջնական խոսքի ուշացման պարագայում ժամանակն աշխատում է Ձեր դեմ, կա նաեւ հակառակ տեսակետ, որ ժամանակը աշխատում է Ձեր օգտին:
-Գիտեք, որ ժամանակը դեմ կամ կողմ աշխատելուց բացի, ունի նաեւ այլ կարեւոր հատկանիշներ: Ժամանակը պահանջում է նաեւ համբերություն եւ ճշգրիտ, հաշվարկված որոշումներ կայացնելու անհրաժեշտություն: