Loading...

Articles

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ին Ս. Խաչը կամ Խաչվերաց

13:43, Saturday, 14 September, 2013
     Մեր նպատակը չէ ներկա շարադրանքում անդրադառնալ տոնի եկեղեցական բնույթին, ուստի կսահմանափակվենք միայն որոշ պատմական տվյալների հաղորդմամբ եւ հիմնականում կանդրադառնանք տոնի ազգային բովանդակությանն ու արարողակարգին:
     610թ. պարսից Խոսրով Բ թագավորը հարձակվում է Բյուզանդիայի վրա եւ 614թ. գրավում նաեւ Երուսաղեմը՝ համարյա կործանելով ամբողջ քաղաքը: Գերի է տարվում նաեւ Քրիստոսի խաչափայտը: Հերակլ կայսրը խաչափայտն ազատագրելու համար, հարձակվում է պարսիկների վրա եւ հաղթանակ տանում (նրա բանակում կռվում էին նաեւ Հայաստանի հունական մասի գնդերը՝ Մժեժ Գնունու ղեկավարությամբ):
     Կնքվում է խաղաղության դաշն, որի կարեւոր կետերից մեկն էր խաչափայտի վերադարձը: Հերակլը այն դարձյալ Երուսաղեմ է փոխադրում, որն ուղեկցվում է մեծ հանդիսություններով ու կրոնական արարողություններ: Այդ դեպքի հիշատակը հավերժացնելու համար, բոլոր քրիստոնյա եկեղեցիներում հաստատվում է Խաչվերացի տոնը (սեպտեմբերի 14): Հայոց եկեղեցում Խաչվերացը տոնվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած կիրակի օրը:
     Ինչպես հավաստում են ազգագրական աղբյուրները, ժողովրդի մեջ տոնը գլխավորապես առնչվում է ննջեցյալների (մանավանդ նոր մահացածի) հիշատակը նշելու, պահպանելու հետ, դրանով իսկ՝ յուրօրինակ ձեւով սերունդներին ավանդելով նախնյաց պատմությունը: Այսպես. Ս. Խաչի օրը Շիրակում թե քաղաքում եւ թե գյուղերում, համարյա յուրաքանչյուր տուն մի ուլ էր մորթում, ամբողջությամբ կախում թոնրում ու խորովում: Այնուհետեւ, որպես մատաղ, այն բաժանում էին մոտ դրացիներին: Այդ մսից փաթաթում էին լավաշի մեջ եւ իբրեւ ննջեցյալների բաժին, տանում դնում էին գերեզմանատան քարերի վրա: Այդ օրը մոտ ազգականները նաեւ նոր ննջեցյալատիրոջ տուն էին ուղարկում սեւ հագուստներ ու մի կենդանի ուլ: Զանգեզուրում նույն տարում ննջեցյալ ունեցողները Ս.Խաչի ուրբաթ օրը ոսպով շորվա էին եփում ու իբրեւ հոգեբաժին բաժանում, գերեզմանները օրհնել էին տալիս, ինչպես նաեւ ուխտ էին գնում մոտակա վանքերն ու ոչխարներ զոհաբերում: Ս.Խաչի օրը ննջեցյալներին բաժին տանելու եւ նրանց հիշատակը հարգելու սովորությունը ընդունված էր եւ մինչեւ այժմ էլ կատարվում է ամբողջ Հայաստանում ու իր արմատներով առնչվում է նախնիների պաշտամունքի հետ,
     դրանով իսկ մշտապես պահպանելով հոգեւոր կապը հին ու նոր սերունդների միջեւ: Ճշմարիտ է ասված. ՙՆորահաս սերունդը կտրվեց անցնող կամ անցած գնացած սերունդներից՝ նա էապես կտրվում է մինչ այդ գոյություն ունեցող ցեղի արժեքներից ու սրբություններից... Հին սերունդից կտրվողը դառնում է հոգեպես անհող եւ անուղի: Էականը հոգեհաղորդակցությունն է սերունդների միջեւ, որի շնորհիվ վերջինները փոխանցում են ցեղի հավիտենական բոցը... Հոգեհաղորդակցվել, ասել է՝ պատմական հիշողությամբ վերապրել անցյալ սերունդների կյանքը՝ նրանց ճակատագրին կապելով մերը՚. (Գ.Նժդեհ): Ահա, հենց այդ խորհուրդն ունի Ս.Խաչի տոնը, որը նախնիների հիշատակը պահ-պանելու առումով, թերեւս, միակն է մեր տոնակարգում: Ուստի, պատահական չէ, որ մեր ժողովուրդը իր ՙմեծ մեռելների՚ պաշտամունքը դարերով փոխանցել է նրանց հիշատակին նվիրված տոներով (ՙՎարդանանց՚, ՙՍահակ-մեսրոպյան՚), իսկ Ս.Խաչը ամեն տարի այդ ամենը սրբագրում է հանձինս ներկա ու անցյալ ննջեցյալների: Որ Ս.Խաչի գլխավոր խորհուրդը նախնիների հիշատակը հավերժացնելու մեջ է, վկայում է նաեւ հետեւյալ իրողությունը. ինչպես հաղորդում է հայագետ Մ. Մինասյանը, Տավրոսյան լեռներում կար մի վայր, ուր, դեռ մինչեւ մեր դարասկիզբը, անհիշատակելի ժամանակներից, ամեն տարի սեպտեմբերի 14-ին շրջակա գավառներից համախմբվում էին բարեկամ ու թշնամի ազգեր (հայեր, քրդեր, ասորիներ եւ այլն) ՝ ողջակեզ մատուցելու առ Աստուած: ՙՆոյի զոհաբերութեան ընդունուած թուականն է այս օրն, երբ ջրհեղեղէն փրկեալներու նահապետը իր առաջին գոհաբանական ողջակէզն մատոյց առ Աստուած՚: Ուստի, տոնելով Ս. Խաչը, հանգստություն մաղթենք մեր նախնիների շիրիմներին ու վերածնվեþնք մեր մեծերի պայծառ օրինակով...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4844 | 0 | 0
Facebook