Loading...

Articles

Երբ պատմությունդ սկսում է շնչել տեսախցիկում

13:38, Sunday, 11 June, 2023
Երբ պատմությունդ սկսում է շնչել տեսախցիկում
     Հարցազրույց` «Քո ներսի գազանը» ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ Մարտին Հակոբյանի հետ։
    


     _Ըստ Ձեզ ի՞նչ է ռեժիսուրան:
    
    

_ Ռեժիսուրան ինչպես արվեստի ցանկացած դրսևորում, մարդու սյուբեկտիվ ընկալումների արդյունքն է, մարդու անձնական, ներքին աշխարհի պրոցեսների, ներքին կռիվների վերարտադրումն է, բայց դա դառնում է արժեքավոր, երբ արդեն մատուցվում է ընդհանուրի լեզվով ու ընդհանուրի համար, մեծ հաշվով մարդիկ գիտակցական և ենթագիտակցական մակարդակում կարող են թքած ունենալ թե ի՞նչ է կատարվում արվեստագետի ներսում, այդ դեպքում արվեստագետն ունի խնդիր և նպատակ` սյուբեկտիվ ընկալումները մատուցել համընդհանուր ճշմարտությունների մեջ, եփելով, հղկելով իր մեջ ծնված գաղափարները, դարձնելով լայնաշերտ ու արժանահավատ։


     _Ի՞նչ եք կարծում ցանկացած մարդ կարող է դառնալ ռեժիսոր։
    
    

__Ցանկացած մարդ կարո՞ղ է դառնալ ռեժիսոր թե ոչ, կամ իրավունք ունի՞ թե ոչ մի փոքր այլ է, բայց գիտեմ հստակ մեկ բան, ռեժիսորը և ընդհանրապես արվեստագետը պետք է կռիվ ունենա աշխարհի հետ, ներքին կռիվներ ու փոթորիկներ, որոնք ծնում են նոր մտքեր, գաղափարներ, որոնք էլ տանում են դեպի կյանքի գաղափարական կողմի, երևույթների մեկնաբանմանը, այլ հարց է թե արվեստագետը դա ի՞նչ ճանապարհով է անում։


     _Ինչո՞ւ ընտրեցիք այդ մասնագիտությունը։
    
    

_Ես ընտրեցի այս մասնագիտությունը, որ զբաղվեմ մարդ_ով ու մարդու հետ, այո ես սիրում եմ զբաղվել մարդ_ով, գործ ունենալ մարդ արարծի և նրանից դուրս եկող ամենի հետ, ամենասարսափելի և միաժանակ ամենահաճելի դողերոցք առաջացնող պրոցեսը այն է, երբ սցենարումդ բառակույտերի տեսք ունեցող պատմությունդ ու կերպարներդ սկսում են շարժվել մարդու տեսքով ու պատմությունդ սկսում է շնչել տեսախցիկում։
    
     _Ինչպե՞ս ստացվեց որ որոշեցիք ստեղծել «Քո ներսի գազանը» ֆիլմը։
    
    

_ «Քո ներսի գազանը» ֆիլմը ի սկզբանե հեղինակային պիես է եղել, հետո որոշում կայացրեցի իրեն վերածել կինոսցենարի, երբ դեռ նոր էի ուզում սկսել ու ընկերներս իմացան, որ դեբյուտային ֆիլմ եմ ուզում նկարել, ընդ որում դրամա, հոգեբանական դրամայի շեշտադրումներով, ծանր շերտերով մի պատմություն, որի սյուժեն պետք է զարգանա երկու հոգու հարաբերությունների հիման վրա, ինձ ասացին, որ սա ինձ համար կլինի ստեղծագործական «Ինքնասպանություն», որովհետև առաջին ֆիլմը միշտ ենթադրում է քննադատությունների ու «հարվածի» հսկայական ալիք։


     _Ի՞նչ բարդությունների հետ եք առնչվել աշխատանքի ընթացքում։
    
    

_ Բարդություններ շատ շատ են եղել, թե տեխնիկական թե հոգեբանական, որովհետև դեբյուտային ֆիլմ է ու շատ երևույթների հետ ստիպված ես լինում առաջին անգամ առնչվել, առաջին ֆիլմ ստեղծելիս դու թելադրողի դերում չես, ավելի շատ ուսումնասիրողի, վերծանողի, բոլորը «դատավոր» են իսկ դու կարծես մեղադրականի աթոռին գամված, էստեղ քեզ պետք է օգնի քո հոգեբանական ամրությունը, բարդություններ շատ եղան տարբեր հարթություններում, տարօրինակ կհնչի գուցե, բայց էս ֆիլմը նկարելու ընթացքը և հետարտադրական փուլը ինձ օգնեցին ճանաչել մարդկանց, որոնց առաջ այլ կերպ էի ընկալում, եղան հանձնվողներ, ինձ մենակ թողնողներ, ես այդ երևույթն էլ կարողացա ճանաչել, բայց արդարության համար նշեմ, որ եղան նաև նրանք, ովքեր մինչև վերջին րոպեն մնացին ինձ հետ կռվում, հա պաթետիկ կհնչի թե ոչ, բայց առաջին ֆիլմ ասվածը ինձ համար փոքրիկ ու դժվար մի ճակատամարտ էր, որի միջով անցա, անցանք, կարողացա, կարողացանք։


    

_Ի՞նչ է պահանջում հեռուստադիտողը ըստ Ձեզ, և արդյոք հայ ռեժիսորներին հաջողվում է գոհացնել նրանց սպասելիքները և պահանջմունքները։
    
    

_Ես միշտ ասել եմ, հեռուստադիտողը ինքը սպառողն է, «մենք» հրամցնողը, կինոն պետք է ձևավորի հեռուստադիտողի մոտ էսթետիկայի ընկալումները, գեղագիտական ճաշակը, տվյալ հասարակությունը ինչ որ էտապում ինչ - ինչ գործոններով պայմանավորված կարող է լինել մոլորված ու մոլորյալ և հետևաբար քեզանից ակնկալելու է անորակը, վատը, հեշտը, պրիմիտիվը, իսկ ո՞րն է քո միսիան արվեստում, այն է` ձևավորել ճաշակ, կրթել սեփական աուդիտորիան, հեռուստադիտողին, բացել նրա մտահորիզոնը, լայնացնել ու մեծացնել նրա աշխարհընկալումը, ձևավորել նրա մոտ ճաշակ, հետո նոր արդեն կծնվեն պահանջներ, հասարակության մոտ եթե չձևավորվեց ճաշակ չի լինի նաև պահանջ, արդարացի պահանջ, այսօրվա ռեժիսորները կարողանո՞ւմ են դա անել թե ոչ, որակում չեմ կարող տալ և չեմ ուզում, քանզի ինքս երիտասարդ ռեժիսոր եմ ու փնտրտուքների մեջ եմ, բայց գոնե թե ինձ համար արվեստի նպատակն ու գերնպատակը պարզ է ' առաջ բերել նոր ճշմարտություններ, մարդուն երևույթի վրա մտածել տալ, օգնել ու «ստիպել» մարդուն ճանաչել աշխարհը, կյանքի փիլիսոփայական կողմերը, ստեղծել ու հասունացնել գեղեցիկի մասին պատկերացումներն ու ընկալումների դաշտը, և ի վերջո գրողը տանի մարդուն հոգեպես մաքրել կամ մաքուր պահել, ու էդպես շարունակ։


     _Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ այն ռեժիսորներին որոնք պատրաստվում են նկարահանել իրենց առաջին ֆիլմը։
    
    

_Ես կդժվարանամ խորհուրդ տալ, որովհետև ինքս դեռ ստեղծագործական պեղումների ու խորացումների մեջ եմ, բայց մի բան հստակ է` ունենալ ամբիցիաներ ու լինել ամբիցիոզ, տեսակով պինդ, որովհետև, երբ ստեղծարար ես ու ստեղծագործ, դժվարությունները ծորացող մեղրի վրա հարձակվող ճանճերի նման վրա են տալիս, պետք է պինդ լինես ու անկոտրուն։
     Չեմ վախենա ասել, որ այսօր մենք ունենք չկողմնորոշված հանդիսատես ու հեռուստադիտող, այո, չկողմնորոշված, դեռ փորձում են հասկանալ ի՞նչ են ուզում, կամ ընդհանրապես ուզում ե՞ն թե ոչ, և էստեղ էլի վերադառնում ենք այն զրույցին, որ ճաշակը հասարակության մեջ ձևավորել է պետք, դա ինքնիրեն տեղի չի ունենում, հատուկ գործիքակազմի միջոցով պետք է ձևավորել սեփական հասարակության, ունկնդրի, հեռուստադիտողի, հանդիսատեսի, սպառողի ճաշակն ու ընկալումները, կրկնվում եմ բայց․․

Ձևավորենք հասարակության մեջ ճաշակ, հետո նոր կծնվեն պահանջներ։
     Սիրեք արվեստը, կինոն, թատրոնը,
     գեղանկարչությունը,
     երաժշտությունը և այլն։
     Առանց այդ էլ աշխարհի գորշն այնքան շատ է, որ ամեն տեսակ գեղեցիկ բան վտանգված է։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1442 | 0 | 0
Facebook