Loading...

Articles

Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահը կալանավորվել է

11:15, Thursday, 04 July, 2013
Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահը կալանավորվել է

Բանակի ղեկավարության կողմից պաշտոնանկ արված Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին կալանավորված է երկրի պաշտպանության նախարարության շենքում, նրան այդկերպ մեկուսացրել են իր աշխատակազմի ձերբակալված աշխատակիցներից, հուլիսի 4-ին լրագրողներին հայտնել է «Մահմեդական եղբայրներ» շարժման ներկայացուցիչը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Եգիպտոսի բանակի ռազմական հրամանատարության ներկայացուցիչները պաշտոնապես հաստատել են, որ պաշտոնանկ արված Մուրսին կալանքի տակ է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով AFP-ին: Ըստ անանուն աղբյուրի` Մուրսին կալանավորվել է՝ նրան մեղադրանք ներկայացնելու հավանականության հետ կապված:

Եգիպտոսի անվտանգության ուժերը ձերբակալել են նաեւ «Մահմեդական եղբայրներ» շարժման առաջնորդներին: Ազատության եւ արդարության կուսակցության նախագահ Սաադ ալ-Քաթաթնին ձերբակալվել է հուլիսի 4-ի գիշերը, ինչպես եւ «Մահմեդական եղբայրներ» շարժման գլխավոր խորհրդականի տեղակալ Ռաշադ ալ-Բայումին: Ավելի վաղ ձերբակալվել էր «Մահմեդական եղբայրների» գլխավոր առաջնորդ Մուհամեդ Բադիան:

Լրատվամիջոցներ. Եգիպտոսում ձերբակալվել է «Մահմեդական եղբայրների» առաջնորդը

Հաղորդվում է նաեւ, որ զինվորականները «Մահմեդական եղբայրներ» շարժման 300-ից ավելի մարդու ձերբակալման կարգադրություն են տվել, եւ նրանցից շատերն արդեն կալանավորված են, հաղորդում է «Էխո Մոսկվին»:
     Ոստիկանությունը վերահսկում է մայրաքաղաքի հեռուստակենտրոնը: Փակվել են չորս հեռուստաալիքներ, որոնք աջակցում էին Մուրսիին: Արաբերենով հեռարձակումը դադարեցրել է «Ալ Ջազիրան»: Անվտանգության ուժերը զավթել են Կահիրեի հեռուստաընկերության խմբագրությունը, հաղորդում է ՆՏՎ-ն:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մտահոգություն է հայտնել` զինվորականների կողմից պետական հեղաշրջմամբ նախագահ Մուրսիին պաշտոնանկ անելու կապակցությամբ: ԱՄՆ-ի նախագահի հայտարարության մեջ նաեւ նշվում է երկրում իշխանության քաղաքացիական կառավարման ձեւին վերադառնալու անհրաժեշտությունը: Օբաման հույս է հայտնել, որ բանակը կարող է պաշտպանել բոլոր եգիպտացիների շահերը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ի երեկոյան Եգիպտոսի ռազմական հրամանատարությունը պաշտոնանկ էր արել Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիին եւ երկրի Սահմանադրությունը անվավեր հայտարարել: Մուրսին իր Թվիթերում գրել էր, որ «զինված ուժերի հայտարարություններն անընդունելի են բոլոր ազատ մարդկանց համար, որնք պայքարել են հանուն Եգիպտոսի ժողովրդավարության»:

Ռազմական հեղաշրջում Եգիպտոսում. գեներալները պաշտոնանկ են արել նախագահին եւ չեղյալ համարել Սահմանադրությունը

Եգիպտոսի Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրը հուլիսի 3-ի ուշ երեկոյան նշանակվել է երկրի ժամանակավոր նախագահ: Նրա երդմնակալությունը նախատեսվում է հուլիսի 4-ին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3968 | 0 | 0
Facebook