Loading...

Articles

Սկանդալ Ազգային ժողովում

16:37, Thursday, 04 July, 2013
Սկանդալ Ազգային ժողովում

«Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն»: Այս մասին այսօր` հուլիսի 4-ին, Հայաստանի Ազգային ժողովում նման հայտարարություն արեց Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն: Այս մասին հաղորդում է lragir.am-ը:

Հիշեցնենք, որ արդեն երկու օր է խորհրդարանում ընթանում է համաեվրոպական խորհրդաժողով, որին մասնակցում են մասնագետներ տարբեր երկրներից: Աուրելիա Գրիգորիուն «Մարդու իրավունքների պահպանումը եւ պաշտպանությունը սառեցված հակամարտությունների տարածքում» թեմայով իր զեկույցի ժամանակ հայտարարել է. «Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչն այլեւս միջազգայնորեն ճանաչված փաստ է» ։

Ուշագրավ է, որ մոլդովացի փաստաբանի ելույթից հետո խորհրդաժողովի մասնակիցների մի մասը ծափահարել են։

Արտահերթ ելույթի ձայն է խնդրել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով հակադարձել է այս ապատեղեկատությանը: Նաղդալյանը հորդորել է Հայաստանի խորհրդարանի ամբիոնն ու այս խորհրդաժողովը չօգտագործել պատվեր կատարելու համար։ Նա նշել է, որ անընդունելի է, երբ որոշ փաստաբաններ այս դահլիճում պատվերներ են իրականացնում։

«Ես չգիտեմ, թե դուք ում պատվերն եք իրականացնում, հարգելի փաստաբաններ, բայց ձեր ելույթները կարող եք ձայնագրել, որպեսզի ձեր պատվիրատուները ձեզ շնորհակալություն հայտնեն։ Ես կարծում եմ, որ այստեղ ներկա բարձրաստիճան հյուրերը պետք է անպայման իրենց անհամաձայնությունը հայտնեն, որ գիտական կոնֆերանսը որոշ մարդիկ փորձում են վերածել անթույլատրելի քննարկման», - ընդգծեց Հերմինե Նաղդալյանը:

Նա ասաց, որ նման հարցի շուրջ քննարկումներ տեղի են ունենում այնպիսի լսարանում, որտեղ կան մասնագետներ, ովքեր տիրապետում են թեմային, իսկ հայտարարել, որ այստեղ կամ այնտեղ ցեղասպանություն է եղել, շատ նման է մեր հարեւանների կողմից ամեն օր հնչող միօրինակ հայտարարություններին։ «Ես գտնում եմ, որ տիկին փաստաբանը պետք է ավելի կոռեկտ լիներ իր արտահայտություններում», - նկատողություն է արել Նաղդալյանը:

«Ես չեմ պատրաստվում խորանալ հակամարտության մանրամասների մեջ, ես ուզում եմ ուղղակի ասել, որ անընդունելի է սառեցված հակամարտությունների տարածքներում ոտնահարել մարդու իրավունքները», - արձագանքել է մոլդովացի փաստաբանը:

Լիտվայի օմբուդսմենը միջամտել է` նշելով, որ ավելի ճիշտ կլիներ, եթե մոլդովացի փաստաբանը խոսեր Մոլդովայի սառեցված հակամարտության մասին, այլ ոչ թե անդրադառնար ղարաբաղյան հակամարտության պատմությանը։

«Սա այն տեղը չէ, որտեղ պետք է քննարկվի այս հարցը: Ավելին՝ սա այն հարցը, չէ, որը պետք է քննարկի մի երկրի ներկայացուցիչ, որը որեւէ կապ չունի այս հիմնախնդրի հետ։ Առաջարկում եմ դադարեցնել այս հարցի քննարկումը», - հայտարարել է Լիտվայի օմբուդսմենը:


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4563 | 7 | 0
Facebook