Loading...

Articles

Սպիտակի քաղաքապետը ծեծկռտուքի մասին. Կարո՞ղ է՝ կինն է հարվածել

20:07, Thursday, 11 July, 2013

Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը հերքում է լրատվամիջոցների տեղեկությունները, թե ինքը հարվածել է քաղաքացու, եւ վերջինս վայր է ընկել: Գագիկ Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այդ քաղաքացին ավել-պակաս խոսել էր:

«Թաղամասում խնդիր կար, պետության միջոցներով այդտեղ ճանապարհաշինություն է իրականացվում, ճանապարհը մաքրել էինք, քերել էինք, ոռոգման առուն փակվել էր, մարդիկ ինձ դիմում էին գրել, ես էլ դիմումի հետքերով գնացել էի այնտեղ, այդ հարցին լուծում էինք տվել, էս հիմարն էլ եկավ, թե սրանք ո՞վ են, ի՞նչ են հասկանում, սրանք հարց լուծող չեն եւ այլն», - ասաց քաղաքապետը` հավելելով, որ խնդրին լուծում է տվել:

Նա հերքեց տեղեկությունները, թե հարվածել է վերջինիս: «Թող դատաբժիշկը գա, տեսնենք, կարո՞ղ է ինքը իր գլուխը պատին է խփել, ես չգիտեմ: Եթե մարդը հատուկ նշանակետ է վերցրել, որ զրպարտի, ամեն ինչի ընդունակ է: Ես էլ ասում եմ` իմ քիթն է կոտրվել, թեւս էլ է կոտրվել, դե եկեք, հավատացեք, ուզո՞ւմ եք՝ հիմա դնեմ, թեւս կոտրեմ: Ես չգիտեմ` ինքը վնասվածքներ ունի, թե չունի: Ես թեւից բռնել եմ, ասել եմ կողք գնա, գնա նստի մեքենադ, կարո՞ղ է իր կինն է իրեն հարվածել», - ասաց նա:

Հարցին, թե միգուցե ձեր աշխատակիցներն են նրան հարվածել, քաղաքապետն ասաց, որ եթե իր աշխատակիցներն են հարվածել, իսկ ոստիկանություն դիմած անձը իր անունն է տալիս, դա զրպարտություն է, «կլյաուզնիկություն»: Գագիկ Սահակյանն ասաց, որ իրեն կանչել են ոստիկանություն` հարցաքննության, ինքն էլ պատմել է ամբողջ եղելությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սպիտակի բնակիչ, 71-ամյա Լեւիկ Մարյանը դիմել է ոստիկանության Սպիտակի բաժին եւ հայտնել, որ երեկ` հուլիսի 9-ին, ժամը 14: 40-ի սահմաններում, Տեր-Սիմոնյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Սպիտակի քաղաքապետ, 48-ամյա Գագիկ Սահակյանը հարվածել է իրեն: Հարվածի հետեւանքով վերջինս վայր է ընկել եւ ստացել մարմնական վնասվածք: Լեւիկ Մարյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր, հանգամանքները պարզվում են:

Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվել է ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, այն պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4202 | 0 | 0
Facebook