Loading...

Articles

Ես այդ ընտանիքում արյուն չեմ թափել. Սուրիկ Խաչատրյանի հարցազրույցը

00:10, Wednesday, 10 July, 2013

Նման թշնամություն ծնվում է կամ այդ տեսակ թշնամաբար հարձակվում են ոխերիմ թշնամու ընտանիքի վրա, որ փորձեն կոտորեն, սպանեն, վերացնեն: Բայց ես այդ ընտանիքում ոչ արյուն եմ թափել, ոչ էլ այդ ընտանիքում բարոյականության հետ կապված խնդիր եմ ունեցել: մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ:

Պարոն Խաչատրյան, Ձեր տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպից արդեն մեկ ամիս է անցել: Կարո՞ղ եք ասել, կամ այս ընթացքում փորձե՞լ եք հասկանալ, թե որն էր դժբախտ միջադեպի պատճառը:

Ինձ համար պատճառը հասկանալի չէ: Նման թշնամություն ծնվում է կամ այդ տեսակ թշնամաբար հարձակվում են ոխերիմ թշնամու ընտանիքի վրա, որ փորձեն կոտորեն, սպանեն, վերցանեն: Բայց ես այդ ընտանիքում ոչ արյուն եմ թափել, ոչ էլ այդ ընտանիքում բարոյականության հետ կապված խնդիր եմ ունեցել: Այդ ընտանիքը ինձ համար հարգված ընտանիք է եղել: Հետեւաբար` մինչեւ հիմա չհասկացա, թե այդ մարդիկ ինչի պետք է հարբած, խմած, զինված գային հարձակվեին իմ ընտանիքի վրա: Իսկ ամենացավալին այն էր, որ մի ողջ լրատվական դաշտ վերցրեց, ուղղությունը շեղեց: Առանց հասկանալու, որ մարդ է մահացել ու ծնողներին ցավ են պատճառում: Այստեղ մեկ այլ խնդիր էլ կա: Սուրիկ Խաչատրյան քաղաքացուց բացի նաեւ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետն էր: Այդ հարձակումը եղել է Սյունիքի մարզպետի վրա: Իսկ ես նորից եմ կրկնում, որպես մարզպետ թույլ չեմ տվել, որ գան իմ տան եւ ընտանիքի վրա հարձակման: Առհասարակ, որեւիցե մեկի հանդեպ այնպես չեմ վարվել, որ նման թշնամություն ծնվի, թե մարզում, թե մարզից դուրս: Հասկանում եք՝ սա է ամբողջ խնդիրը: Այնինչ` մի ամբողջ լրատվական դաշտ գործի ուղղությունը շեղեց: Թե ինչ են ուզում ասել, ես էլ չհասկացա:

Իսկ հակառակ կողմից փորձե՞լ եք պատճառները հասկանալ:

Հակառակ կողմից ես պատճառ չեմ տեսնում: Ումի՞ց հասկանամ պատճառը, եթե ինքս նման թշնամության առիթ չեմ տվել: Երբ ես նման թշնամանքի առիթը տայի, այլ հարց կլիներ: Ուզում եմ ասել, որ այսպիսի ոխերիմ թշնամաբար կարող էին գալ միայն այն դեպքում, երբ ես այդ ընտանիքում արյուն թափած լինեի, բարոյական խնդիր մեր մեջ առաջացած լիներ: Բայց ո՛չ մեկը կա, ո՛չ մյուսը: Դրա համար չեմ հասկանում, թե ինչի այդ մարդիկ պետք է թշնամաբար գային, հարձակվեին իմ տան վրա: Սակայն, որեւիցե մեկը չի ցանկանում հասկանա, որ եկել են քնած տանտիրոջ վրա հարձակման: Ի՞նչ պետք է աներ այս մարդը: Պետք է պաշտպանվեր, թե չէ: Հիմա էտ լրագրողին հարց տանք, ասենք, եթե մեկը քեզ բռնաբարի ու դանակը կողքդ լինի, դու կպաշտպանվե՞ս, թե՞ չես պաշտպանվի:

Պարոն Խաչատրյան, ասում են, որ վաճառում եք Գորիսի Ձեր առանձնատունը, որ տեղափոխվեք Սյունիքից:

Նման բան չկա: Ես ապրելու եմ Գորիսում: Ուզում եմ եւ դուք, եւ բոլորը հասկանան, որ ես հրաժարվել եմ իմ պաշտոնից, բայց չեմ հրաժարվել իմ ժողովրդին ծառայելուց: Ես շարունակելու եմ ծառայել իմ ժողովրդին ու կուսակցությանը՝ շարունակելով ապրել Գորիսում:

Իսկ ինչպե՞ս եք գնահատում Սյունիքի մարզպետի պաշտոնին Վահե Հակոբյանի նշանակումը: Ինչ հրաժարական ենք տվել, մամուլը շարունակում է շրջանառել, որ ձեզ ԱԺ պատգամավորի մանդատ են տալու:

Վահե Հակոբյանի նշանակմանը դրական եմ գնահատում: Իսկ իմ հետագա պաշտոնավարման մասով չեմ էլ ցանկանում այս պահին մտածել: Ես այս պահին միայն մտածում եմ, որ քննության ընթացքը լինի օբյեկտիվ: Իրավաբանները ձեւակերպեն որպես անհրաժեշտ պաշտպանություն եւ իմ տղայիս խնդիրը լուծեն: Թող այս ամեն ինչը վերջանա, նոր կտեսնենք, թե պաշտոնավարման հարցը ինչ ընթացք կունենա: Բայց միանշանակ կարող եմ ասել, որ պատգամավորի թեկնածություն չեմ առաջադրելու Վահե Հակոբյանի տեղը: Դա միանշանակ է:

Ի դեպ, լրատվամիջոցները գրել էին, որ ձեր տղայի արյան մեջ թմրանյութ է հայտնաբերվել:

Շրջանառողները ղալաթ են արել: Դա հիմնավորված տեղեկություն չի: Իմ տղան լավ դաստիարակություն է ստացել եւ չի կարող թմրանյութ օգտագործել: Ոչ էլ կարող է ղումար խաղալ ու իրեն անկարգ պահել: Նա այնպես է դաստիարակվել, ինչպես ես եմ ցանկացել, իսկ ես իմ տղային վատ դաստիարակություն չէի կարող տալ: Նա նման բաներից շատ հեռու է:

Ի դեպ, Բուդաղյանների փաստաբանը ասել էր, որ միջադեպի հրապարակված տեսանյութը մոնտաժված է: Եվ նշել, որ ամբողջական տեսանյութում երեւում են մարդիկ, ովքեր հանրությանը հայտնի են:

Նա անուններ չի նշել, հետեւաբար ես չեմ պատասխանի: Այդ հայտարարությանը իմ փաստաբանը կպատասխանի:

Պարոն Խաչատրյան, հայտնի թեւավոր խոսք կա, որ երբ մարդը հայտնվում է մթության մեջ, անգամ իր ստվերն է իրեն լքում: Դուք ձեզ այսօր միայնակ զգո՞ւմ եք, թե՞ ոչ:

Ինքս շատ անգամ եմ լսել, որ նեղության մեջ ընկերները շատերից հրաժարվում են: Բայց ես շնորհակալ եմ իմ ընկերներից: Նրանք, ընդհակառակը, ավելի ամուր են կանգնած իմ կողքին եւ բոլորն են կանգնած: Փառք ու պատիվ իմ բոլոր ընկերներին, ես այսօր նման խնդիր չունեմ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3637 | 0 | 0
Facebook