Դիպվածներ գերմանացի կոմպոզիտոր և դաշնակահար Յոհանես Բրամսի կյանքից
Մի անգամ Յոհաննես Բրամսին հյուրընկալել է երկրի ազնվականներից մեկը: Ցանկանալով մի հաճելի բան անել իր անվանի հյուրի համար՝ տանտերը հանձնարարել է սեղանին մատուցել իր նկուղներում պահվող գինիներից լավագույնը: Նա ի պատիվ կոմպոզիտորի բաժաճառ է ասել ու այն ավարտել է հետևյալ խոսքերով. «Պարոնայք, սա իմ նկուղներում պահվող գինիներից լավագույնն է, այսպես ասած, գինիների Բրամսը»: Որոշ ժամանակ անց նա կոմպոզիտորին հարցրել է, թե մատուցված գինին իրեն դուր եկել է: Եվ Բրամսը պատասխանել է. «Գինին լավն էր, իսկ դուք ձեր գինիների մեջ միգուցե Բեթհովե՞ն էլ ունեք»: *** Բրամսը երկար ժամանակ բուժվել է առողջարաններից մեկում և հանքային ջուր է շարունակ խմել: Երբ բուժման կուրսն ավարտվել է, բժիշկը նրան հարցրել է. «Արդյո՞ք դուք ամեն ինչից գոհ եք: Գուցե ձեզ ինչ-որ բան պակասո՞ւմ է»: Բրամսը պատասխանել է. «Շնորհակալ եմ, իմ ամեն ինչը տեղում է: Այն բոլոր հիվանդությունները, որ բերել էի այստեղ, հետ եմ տանում»: *** Մի անգամ Բրամսը նվագակցել է թավջութակահար ոմն ամբարտավանի և դիտմամբ շատ բարձր է նվագել, որպեսզի խլացնի նրա վատ նվագը: Ելույթից հետո շատ դժգոհ թավջութակահարը հայտարարել է, թե ինքն իր նվագը չի կարողացել լսել: Բրամսը պատասխանել է. «Երջանի՛կ մարդ»: *** Բրամսի մի երկրպագու, հանդիպելով նրան իր տան մոտ, ոգևորությամբ բացականչել է. «Պատկերացնո՜ւմ եմ, թե ինչ է գրվելու այս տան պատին ձեր մահվանից հետո»: Բրամսը տխրամած պատասխանել է. «Վարձակալության է տրվում բնակարան»: *** Մի սկսնակ կոմպոզիտոր բանաստեղծ Շիլլերի բանաստեղծություններից մեկի խոսքերի հենքով երգ է գրել և Բրամսին խնդրել է լսել այդ երգը: Բրամսը լսել է երգը և ասել. «Հիմա ես համոզվեցի, որ Շիլլերի բանաստեղծություններն անմահ են»: *** Մի մեծամասշտաբ ընդունելության կազմակերպիչները շատ են ցանկացել, որ այդ ընդունելությանը լինի նաև Բրամսը: Ծրագրած լինելով կոմպոզիտորին հաճույք պարգևել՝ նրանք նրան ցույց են տվել բոլոր հրավիրյալների ցուցակը և առաջարկել են այդ ցուցակից ջնջել մեծարգո հյուրին ոչ հաճելի բոլոր մարդկանց ազգանունները: Բրամսը մի քանի վայրկյան մտածելուց հետո ջնջել է միայն իր ազգանունը: *** Երբ Բրամսը մեկի տանը հյուրընկալվել է, տանտիրուհին նրա պատվին մի կարկանդակ է թխել, որի վրա խմորից պատրաստված նոտաներով գրառել է կոմպոզիտորի էտյուդներից մեկը: Բրամսը կարկանդակից մի կտոր կտրել է և հանգիստ ասել. «Դուք ինձ ոչ միայն նվագում եք, այլև խորովում»: *** Մի երիտասարդ կոմպոզիտոր դիմել է Բրամսին՝ խնդրելով գնահատել իր նոր ստեղծագործությունը: Բրամսը երկար ժամանակ ուշադրությամբ կարդացել է պարտիտուրը, հետո տարուբերել է գլուխն ու հարցրել. «Երիտասա՛րդ, որտեղի՞ց եք գնում այսպիսի որակյալ նոտայի թուղթ»: Նկարում՝ Բրամսի գերեզմանը Վիեննայի Կենտրոնական գերեզմանոցում: |