Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դիպվածներ գերմանացի կոմպոզիտոր և դաշնակահար Յոհանես Բրամսի կյանքից

23:50, շաբաթ, 28 մայիսի, 2022 թ.
Դիպվածներ գերմանացի կոմպոզիտոր և դաշնակահար Յոհանես Բրամսի կյանքից

Մի անգամ Յոհաննես Բրամսին հյուրընկալել է երկրի ազնվականներից մեկը: Ցանկանալով մի հաճելի բան անել իր անվանի հյուրի համար՝ տանտերը հանձնարարել է սեղանին մատուցել իր նկուղներում պահվող գինիներից լավագույնը: Նա ի պատիվ կոմպոզիտորի բաժաճառ է ասել ու այն ավարտել է հետևյալ խոսքերով.

«Պարոնայք, սա իմ նկուղներում պահվող գինիներից լավագույնն է, այսպես ասած, գինիների Բրամսը»:

Որոշ ժամանակ անց նա կոմպոզիտորին հարցրել է, թե մատուցված գինին իրեն դուր եկել է: Եվ Բրամսը պատասխանել է. «Գինին լավն էր, իսկ դուք ձեր գինիների մեջ միգուցե Բեթհովե՞ն էլ ունեք»:

***

Բրամսը երկար ժամանակ բուժվել է առողջարաններից մեկում և հանքային ջուր է շարունակ խմել: Երբ բուժման կուրսն ավարտվել է, բժիշկը նրան հարցրել է.

«Արդյո՞ք դուք ամեն ինչից գոհ եք: Գուցե ձեզ ինչ-որ բան պակասո՞ւմ է»:

Բրամսը պատասխանել է.

«Շնորհակալ եմ, իմ ամեն ինչը տեղում է: Այն բոլոր հիվանդությունները, որ բերել էի այստեղ, հետ եմ տանում»:

***

Մի անգամ Բրամսը նվագակցել է թավջութակահար ոմն ամբարտավանի և դիտմամբ շատ բարձր է նվագել, որպեսզի խլացնի նրա վատ նվագը: Ելույթից հետո շատ դժգոհ թավջութակահարը հայտարարել է, թե ինքն իր նվագը չի կարողացել լսել: Բրամսը պատասխանել է.

«Երջանի՛կ մարդ»:

***

Բրամսի մի երկրպագու, հանդիպելով նրան իր տան մոտ, ոգևորությամբ բացականչել է.

«Պատկերացնո՜ւմ եմ, թե ինչ է գրվելու այս տան պատին ձեր մահվանից հետո»:

Բրամսը տխրամած պատասխանել է.

«Վարձակալության է տրվում բնակարան»:

***

Մի սկսնակ կոմպոզիտոր բանաստեղծ Շիլլերի բանաստեղծություններից մեկի խոսքերի հենքով երգ է գրել և Բրամսին խնդրել է լսել այդ երգը:

Բրամսը լսել է երգը և ասել.

«Հիմա ես համոզվեցի, որ Շիլլերի բանաստեղծություններն անմահ են»:

***

Մի մեծամասշտաբ ընդունելության կազմակերպիչները շատ են ցանկացել, որ այդ ընդունելությանը լինի նաև Բրամսը: Ծրագրած լինելով կոմպոզիտորին հաճույք պարգևել՝ նրանք նրան ցույց են տվել բոլոր հրավիրյալների ցուցակը և առաջարկել են այդ ցուցակից ջնջել մեծարգո հյուրին ոչ հաճելի բոլոր մարդկանց ազգանունները: Բրամսը մի քանի վայրկյան մտածելուց հետո ջնջել է միայն իր ազգանունը:

***

Երբ Բրամսը մեկի տանը հյուրընկալվել է, տանտիրուհին նրա պատվին մի կարկանդակ է թխել, որի վրա խմորից պատրաստված նոտաներով գրառել է կոմպոզիտորի էտյուդներից մեկը: Բրամսը կարկանդակից մի կտոր կտրել է և հանգիստ ասել.

«Դուք ինձ ոչ միայն նվագում եք, այլև խորովում»:

***

Մի երիտասարդ կոմպոզիտոր դիմել է Բրամսին՝ խնդրելով գնահատել իր նոր ստեղծագործությունը: Բրամսը երկար ժամանակ ուշադրությամբ կարդացել է պարտիտուրը, հետո տարուբերել է գլուխն ու հարցրել.

«Երիտասա՛րդ, որտեղի՞ց եք գնում այսպիսի որակյալ նոտայի թուղթ»:

Նկարում՝ Բրամսի գերեզմանը Վիեննայի Կենտրոնական գերեզմանոցում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2033 | 0 | 0
Facebook