Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 29 նոյեմբերի, 2021 թ.
Օդնոկլասնիկի

Հոդվածներ

«Մենք ստիպված եղանք փոխել նրա անունը և դնել Դավիհ, որովհետև նա մեր քրիստոնյա ժողովրդին տառապանքների վիհը գլորեց» (2)

20:58, երեքշաբթի, 09 նոյեմբերի, 2021 թ.
«Մենք ստիպված եղանք փոխել նրա անունը և դնել Դավիհ, որովհետև նա մեր քրիստոնյա ժողովրդին տառապանքների վիհը գլորեց» (2)

«Աբուլսուարը…գալիս է ինձ վրա. եթե ինձ չօգնեք, կերթամ կհնազանդվեմ նրան և, դառնալով նրա առաջնորդը, կբերեմ Շիրակ և խավար կմտցնեմ այդ գավառի մեջ»

10-րդ դարի երկրորդ կեսի վերջում Հայաստանի հյուսիս-արևելյան և արևելյան գրեթե յուրաքանչյուր գավառ առանձին թագավորություն է դարձած եղել: Սյունիքում գոյացել է Բաղաց թագավորությունը, որի առաջին թագավոր Սմբատի մասին սյունյաց պատմիչ Ստեփանոս Օրբելյանն ասում է, թե նա թագադրվել է մեծ փառքով, ինչպես վայել է ինքնակալ թագավորների թագադրության կարգին: Իսկ լեռնային Արցախում, որն այդ ժամանակներում ավելի հաճախ Խաչեն անունով է հիշատակվել, այդպիսի փոքրիկ «ինքնակալեները» մի քանիսն են եղել: Օրինակ՝ Աբու Մուսեի տոհմը թագավորություն է հաստատել հարավային Արցախում: Արքայիկների իշխանություններ են եղել Վերին Խաչենում և նրան սահմանակից Փառիսոս գավառում: Նույնիսկ հեռավոր Դերբենդում Աղվանքի արքայական գահ է հաստատվել: Մանրիկ թագավորությունների գոյացումն Արաբական խալիֆայության սաստիկ թուլացման արդյունք է եղել:

Հիշատակված գավառական ինքնակալների դեմ հետևողական պայքար է մղել Գագիկ Ա թագավորը (իշխել է 989 – 1020 թթ.): Սյունյաց թագավորության դեմ նա կռիվներ է մղել Վայոց Ձորում, Աղվանից կամ Արցախի թագավորության դեմ՝ Խաչենում: Բարեկամ լինելու հանգամանքը քիչ դեր է խաղացել Գագիկի քաղաքական գործունեության մեջ: Գագիկն ամուսնացած է եղել Սյունյաց Վասակ թագավորի (Սմբատ Առաջինի որդու) դուստր Կատրանիդեի հետ, բայց այդ հանգամանքն արգելք չի եղել, որ նա իր գահերեցությունն ամրապնդելու համար բերդեր գրավի Վայոց Ձորում: Այն դաժան խստությունը, որով նա պատժել է ապստամբած Դավիթ Անհողինին, ցույց է տալիս, թե նրա համար ո՛րքան կարևոր նշանակություն է ունեցել երկրի կենտրոնացման գործը:

1001 թվականի ձմռանը Գագիկ Ա-ն մտել է Տաշիր, պտույտ է գործել Շամշուլդե բերդի շուրջը, դուրս է եկել Գագ գավառ ու այնտեղից անցել է Աղստևի ձորը: : Այս պատժողական արշավանքը տևել է երեք ամիս, որի ընթացքում Գագիկը քանդել ու ավերել է բոլոր անառիկ կառույցները: Հզոր ուժի դեմ անզոր Դավիթ Անհողին ընդամենը հետևել է իր հորեղբոր բարբարոսությանը: Նրա զորքը չափազանց թույլ է եղել Գագիկի բանակից, և նա ստիպված փորձել է հաշտվել: Միջնորդության համար դիմել է Սարգիս կաթողիկոսին (992 – 1019 թթ.), և կաթողիկոսին հաջողվել է եղբորորդու և հորեղբոր միջև խաղաղություն հաստատել: Դավիթը որդիաբար հնազանդվել է Գագիկին մինչև նրա մահը, իսկ Գագիկը, թեպետ նրան զրկել է նվաճած տարածքներից (այդ է պատճառը, որ Դավթին «Անհողին» մականունն է տրվել), բայց ներել է նրան և հայրական հոգածություն է ցուցաբերել նրա նկատմամբ: Հաստատված խաղաղության 20 տարիների ընթացքում Դավիթը շինարարական մեծ աշխատանք է կատարել իր թագավորությունում, մասնավորապես կառուցել է Գուգարքի պատմության մեջ մեծ դերակատարում ունեցած Լոռի բերդը:

1040 թվականին, երբ խիստ թուլացած էր Բագրատունիների թագավորությունը, Աղվանից աշխարհի արևմտյան գավառները, որոնք, ինչպես վերն ասվեց, Դավիթ Անհողինի տիրապետության տակ էին անցել, ասպատակության են ենթարկվել Դվինի Աբուլսուար ամիրայի զորքերի կողմից, որոնք մեծ ավերածություններ են կատարել, շատերին կոտորել են կամ գերեվարել: Այս քուրդ ամիրան Դավթի փեսան է եղել, նրա քրոջ ամուսինը, բայց բարեկամական կապը չի խոչընդոտել, որ նա աներորդու հետ հողային հաշիվներ մաքրի: Աբուլսուարի մեծ բանակի դեմ Դավիթ Անհողինն ի վիճակի է եղել 10 հազար ռազմիկ հանել, և քանի որ այդպիսի փոքրաթիվ բանակով ճակատամարտը տանուլ էր տալու, նախընտրել է մի ամբողջ տարի սպասել, ապա հուսահատական քայլեր է կատարել թշնամի փեսային երկրից վտարելու համար: Նա պատգամավորներ է ուղարկել Անի՝ հանձնարարելով Հովհաննես-Սմբատ թագավորին հայտնել հետևյալը. «Աբուլսուարն առավ Հայոց աշխարհի բոլոր գավառները և գալիս է ինձ վրա. եթե ինձ չօգնեք, կերթամ կհնազանդվեմ նրան և, դառնալով նրա առաջնորդը, կբերեմ Շիրակ և խավար կմտցնեմ այդ գավառի մեջ»:

Նկարում. Տաշիր-Ձորագետի կամ Լոռվա թագավորությունը (ներկայացված է դեղին գույնով):

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
514 | 0 | 0
Facebook