Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2021 թ.
Թվիթեր

Հոդվածներ

«Մարմնավաճառուհիների ծառայություններից մշտապես օգտվող Ուայլդը շուտով սկսել է օգտվել նաև տղամարդ մարմնավաճառների ծառայություններից»

20:06, ուրբաթ, 01 հոկտեմբերի, 2021 թ.
«Մարմնավաճառուհիների ծառայություններից մշտապես օգտվող Ուայլդը շուտով սկսել է օգտվել նաև տղամարդ մարմնավաճառների ծառայություններից»

1891 – 1895 թվականներն Ուայլդի գլխապտույտ հաջողությունների տարիներն են: 1891 թվականին նա գրել է «Մարդու հոգին սոցիալիզմի պայմաններում» տրակտատը, որում մերժել է ամուսնությունը, ընտանիքը և մասնավոր սեփականությունը: Այստեղ Ուայլդը պնդել է, թե «մարդը ոչ թե ցեխի մեջ խրվելու, այլ լավագույն առաքելության համար է ստեղծված»: Նա երազել է այն ժամանակի մասին, երբ «այլևս չեն լինի գարշահոտ որջերում ապրող գարշահոտ շապիկ հագած մարդիկ…երբ հարյուրհազարավոր գործազուրկներ, որոնց հասցրել են զայրացուցիչ չքավորության, փողոցներում քարշ չեն գա…երբ հասարակության յուրաքանչյուր անդամ կլինի մասնակիցը համընդհանուր բարեկեցության»:

1892 թվականին բեմադրվել է նրա առաջին կատակերգությունը՝ «Լեդի Ուինդերմիրի հովհարը», որն այնպիսի մեծ հաջողություն է ունեցել, որ հեղինակը դարձել է Լոնդոնի ամենահանրահայտ մարդը: Այս կատակերգության առաջնախաղի հետ կապված հետաքրքիր պատմությունը կա: Ներկայացման ավարտից հետո բեմ բարձրանալով՝ Օսկար ծխախոտ է վառել, ապա ասել է. «Տիկնա՛յք և պարոնա՛յք, հավանաբար, այնքան էլ քաղաքավարի չէ, որ ես ձեր առջև կանգնած ծխում եմ, բայց… նույնքան անքաղաքավարի է ծխելու ժամանակ ինձ անհանգստացնելը»:

1895 թվականին բեմադրվել են նրա «Իդեալական ամուսին» և «Լուրջ լինելը կարևոր է» կոմեդիաները, որոնցում իր ամբողջ փայլով դրսևորվել է Ուայլդի՝ որպես սրամիտ զրուցակցի տաղանդը: Նրա երկխոսությունները հոյակապ են: Թերթերը նրան անվանել են «տվյալ ժամանակաշրջանի դրամատուրգներից լավագույնը» ՝ ընդգծելով նրա խելքը, օրիգինալությունը և ոճի կատարելությունը: «Մտքի սրությունը, պարադոքսների հղկվածությունը այնպես է հիացնում, որ ընթերցողը պիեսի ամբողջ ընթերցանության ընթացքում հիմարացած վիճակում է հայտնվում: Նա ամեն ինչ կարողանում է ենթարկեցնել խաղին, և մտքի խաղը հաճախ այնքան է հափշտակում Ուայլդին, որ այն վերածվում է ինքնանպատակի, և այդժամ նշանակալիության տպավորությունը ստեղծվում է դատարկ տեղում: Եվ դրանցից յուրաքանչյուրում ներկա է իր Օսկար Ուայլդը, որը հանճարեղ պարադոքսների մարգարիտներ է շաղ տալիս», - գրել է քննադատներից մեկը:

Բայց իսկական սկանդալը լինում է 1895-ին, երբ նրա դեմ դատական գործ է հարուցվում: Այդ ժամանակ Ուայլդը վայելել է «Որքան կարևոր է լուրջ լինելը» կատակերգության՝ իր նշանավոր ստեղծագործություններից մեկի հաջողության պարգևած ուրախությունը: Սկանդալի պատճառը Ուայլդի մտերիմ հարաբերությունն էր լորդ Ալֆրեդ Դուգլասի` Քուինսբերիի մարքիզի որդու հետ: Դուգլասը, որին հարազատներն ու ընկերները «***ի» են անվանել, Ուայլդից 16 տարով փոքր է եղել: Նա է ցանկացել ծանոթանալ գրողի հետ: Շուտով Ուայլդը սկսել է վճարել նրա ծախսերը: Մարմնավաճառուհիների ծառայություններից մշտապես օգտվող Ուայլդը շուտով սկսել է օգտվել նաև տղամարդ մարմնավաճառների ծառայություններից: 1892 թվականին շանտաժի ճանապարհով փող շորթելու մեջ արդեն հմտացած ***ին (գողացվել էր Ուայլդի նամակը՝ հասցեագրված հերթական սիրեկանին) դիմել է Ուայլդին, և Ուայլդը նրան փող է տվել, որ հանձնի շորթողներին: Ամուսնու պարբերական անհետացումներն ու չափից մեծ ծախսերը մի օր էլ անհանգստացրել են գրողի կնոջը՝ Կոնստանցին: Նա այդ մասին հարցրել է նրան, և վերջինիս բացատրություններն այն մասին, թե այդ ծախսերն իրեն անհրաժեշտ են ստեղծագործելու համար, խեղճ կնոջ մեջ կասկած չեն հարուցել: Բայց Դուգլասը մտադիր չի եղել թաքցնել իր կապն Օսկարի հետ և ժամանակ առ ժամանակ նրանից պահանջել է ոչ միայն գաղտնի հանդիպումներ, այլև պահանջել է, որ այդ հանդիպումներն ի տես բոլորի լինեն: Ուայլդն ու Դուգլասը դարձել են լոնդոնյան շանտաժիստների գլխավոր թիրախները:

1893 թվականին ***ին թողել է ուսումնառությունն Օքսֆորդում և նորից շանտաժի է ենթարկվել (սպառնացել են հրապարակայնացնել նրա նույնասեռականությունը): Նրա հայրը՝ մարքիզ Քուինսբերին, որը նույնպես հայտնի է եղել սեփական հաճույքների համար մեծ ծախսեր կատարելու սովորությամբ, փաստաբանի միջոցով փող է տվել շանտաժիստներին, որպեսզի սկանդալը կոծկվի: Դրանից հետո Դուգլասի հայրն ու մայրը որոշել են վերջ տալ իրենց որդու անպատիվ հարաբերություններին՝ ոչ միայն Ուայլդի, այլև ուրիշ տղամարդկանց հետ (մայրն Ուայլդին խնդրել է ազդել ***իի վրա, իսկ հայրը սկզբում որդուն զրկել է ամենամյա նպաստից, ապա սպառնացել է, թե կգնդակահարի Ուայլդին): 1894 թվականի հունիսի 30-ին Քուինսբերին ծածուկ եկել է Ուայլդի տուն և նրանից պահանջել է դադարեցնել հանդիպումներն իր որդու հետ: Փաստորեն, լորդը գործարք է առաջարկել. մի կողմից, կա վկայություն Ուայլդի դեմ և նա տանջվում է շանտաժիստների ձեռքում, մյուս կողմից՝ Քուինսբերին Ուայլդին հասկացնում է, թե մտադիր չէ նրա նկատմամբ մեղադրանք հարուցել հրապարակային քննության պարագայում (թե ինչպես է զվարճանում Ուայլդը, դա նրա անձնական գործն է): Բայց Ուայլդն ու Դուգլասը կազմակերպել են համատեղ արտասահմանյան ուղևորություններ: Հորը գրած նամակներում Դուգլասն սպառնացել է, թե եթե նա չդադարեցնի իրեն «ցուցմունք տալ՝ ինչպես իրեն դրսևորի», ապա ինքը նրան կամ կգնդակահարի, կամ Ուայլդն իրեն բանտարկել կտա զրպարտության համար:

Նկարում՝ Օսկար Ուայլդը և լորդ Ալֆրեդ Դուգլասը 1893 թվականին:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
681 | 0 | 0
Facebook