Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ.
Ինսթագրամ

Հոդվածներ

Միակ ղեկավարն աշխարհում, որը ժողովրդին կոչ չի արել իրեն պաշտպանելու համար կրակող զինվորականների դեմ ելնել

15:15, շաբաթ, 11 սեպտեմբերի, 2021 թ.
Միակ ղեկավարն աշխարհում, որը ժողովրդին կոչ չի արել իրեն պաշտպանելու համար կրակող զինվորականների դեմ ելնել

1973 թվականի սեպտեմբերի 11-ին ինքնասպանություն է գործել Չիլիի Նախագահ Սալվադոր Ալիենդեն: Նա

«Ժողովրդական միասնություն» կուսակցությունների դաշինքի կողմից երկրի նախագահի թեկնածու էր առաջադրվել ու 1970 թվականի սեպտեմբերի 5-ին ընտրվել էր հիշյալ պաշտոնում: Ալիենդեն մայրցամաքում եղել է առաջին մարքսիստը, որը երկրի ղեկավար է դարձել օրինական ճանապարհով:
    
Ընտրություններում նրա հաղթանակն այն ժամանակվա խորհրդային մամուլն անվանել է «Լատինական Ամերիկայում իմպերիալիզմին հասցված հեղափոխական հարված»:

Ալիենդեի կառավարությունն ազգայնացրել է երկրի պղնձահանքերն ու բնական այլ ռեսուրսները, որը հարուցել է ձեռնարկատերերի ու նրանց մերձավոր զինվորականների զայրույթը: 1973 թվականի մարտին նախագահական կոալիցիան զրկվել է երկրի կոնգրեսի աջակցությունից. այստեղ մեծամասնություն կազմող ընդդիմադիրները, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության գլխավորությամբ, արգելափակել են Ալիենդեի տնտեսական դեֆորմները:

1973 թվականի սեպտեմբերի 11-ի առավոտյան Չիլիի ռազմական նավատորմը խռովություն է սկսել: Ռազմական հեղաշրջումը գլխավորել է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աուգուստո Պինոչետը: Առաջին փուլում զինվորականները գրավել են հեռուստակենտրոնը և հրետակոծել են անկախ ռադիոկայանները: Պինոչետն Ալիենդեին առաջարկել է ընտանիքի անդամների ու մերձավոր զինակիցների հետ ինքնաթիռով հեռանալ Չիլիից, բայց Ալիենդեն հրաժարվել է: Ժամը 11-ին մոտոհրաձգային զորամասը սկսել է նախագահական «Լա Մոնեդա» պալատի գրոհը: Ալիենդեին և նրա կողմնակիցներին պաշտպանել է 70 զինվոր ու սպա: Պաշարված պալատից նախագահը ռադիոյով դիմել է համաքաղաքացիներին: Հրաձգության ձայների ներքո նա, վերջին անգամ դիմելով բնակչությանը, կոչ է արել դուրս չգալ փողոց և «սեփական անձը չզոհաբերել» հանուն նախագահի կյանքի պաշտպանության: «Աշխատավորությանը մնում է ասել հետևյալը՝ ես հրաժարական չեմ տա: Պատմության այս խաչուղում ես պատրաստ եմ կյանքովս վճարել ժողովրդի վստահության դիմաց»: Այս հայտարարությունից հետո ռադիոն լռել է: Երբ «Լա Մոնեդա» պալատի գրոհին միացել են տանկերն ու ինքնաթիռները, և հարձակվողները գրավել են պալատի առաջին հարկը, Ալիենդեն իր զինակիցներին կարգադրել է դադարեցնել դիմադրությունը և Ֆիդել Կաստրոյի նվիրած ինքնաձիգով ինքնասպանություն է գործել: Ապստամբներն էլ արդեն մեռած նախագահին իրենց հերթին են գնդակահարել: Նրա մարմնում 13 գնդակ է հայտնաբերվել:

Չիլիի ղեկավարի մահվան մասին հաղորդվել է պալատի գրավման հաջորդ օրը:

Պինոչետի ռեժիմը Չիլիում 17 տարի կառավարեց, և այդ ամբողջ ընթացքում Ալիենդեի մահվան շուրջ երկու տարբերակ է շրջանառվել ամբողջ աշխարհում: Ալիենդեի մերձավորներն ու Խորհրդային Միությունը պնդել են, թե նրան սպանել են հեղաշրջում կատարողները: 1991 թվականի մարտի 5-ին Չիլիի նոր կառավարությունը հրապարակեց «Ճշմարտության ու հաշտեցման հանձնախմբի» տասնամսյա աշխատանքի արդյունքները: Հանձնախումբը աներկբայորեն այն եզրակացությանն էր հանգել, որ Ալիենդեն ինքնասպան է եղել:

Սալվադոր Ալիենդեն միակ ղեկավարն է աշխարհում, որը ժողովրդին կոչ չի արել իրեն պաշտպանելու համար կրակող զինվորականների դեմ ելնել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
710 | 0 | 0
Facebook