Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ի՞նչ արժեքավոր գրքեր է ձեռք բերում Ազգային գրադարանը

23:02, երկուշաբթի, 24 մայիսի, 2021 թ.
Ի՞նչ արժեքավոր գրքեր է ձեռք բերում Ազգային գրադարանը
     Հայաստանի ազգային գրադարանի նոր ձեռքբերումներից է 4 գրքից կազմված ալիգատը։ Հատկանշական է, որ կազմի գրքերը տպագրվել են տարբեր տարիների, տարբեր երկրներում և տպարաններում։
     Ալիգատի 4 գրքերն են՝
     «Կենսագրութիւն յարութիւն ամիրայի Պէզճեան» ։ Ապրիլ 15, մայիս 15, յունիս 15, յուլիս 15/ Թանգարան ժողովրդեան 2-ին տարի, Հ.1 թիւ 4-7։ Կ.Պոլիս, տպ. Մէճմուատայը հավատիս լրագրու, 1884թ. 116 էջ։ (Գազազ Արթին կամ էլ Արթին Ամիրա Պեզճյանը Սուլթանական գանձարանի պատասխանատուն է եղել, Սուլթան Մահմուդ Երկրորդի խորհրդականը։ Նա սովորել է Գում Գափուի հայկական կրթարանում՝ Մայր վարժարանում (Պեզճյան դպրոց), որն ավարտելուց հետո սկսել է հոր հետ մետաքսի առևտրով զբաղվել։ Այդ պատճառով էլ ստացել է Գազազ մականունը։ 1802 թ․ մետաքսի առևտրի մենաշնորհը վերցրած Տյուզյան ընտանիքի հետ աշխատելիս ծանոթացել է օսմանյան պալատականների հետ։ Նա դարձել է Մահմուդ Երկրորդի ֆինանսական և անձնական խորհրդականը և մոտ ընկերը։ Նա արքունիքում դարձել է հայկական համայնքի ներկայացուցիչը: Կրթությանը նույնպես մեծ նշանակություն տվող Պեզճյանը Բեյօղլուում հիմնադրել է օրիորդաց դպրոց (1826) ։ Նա է հիմնել նաև Գում Գափուի (1828, ներկայում Պեզճյանի անվան միջնակարգ դպրոց), Սուրբ Առաքելոց Ազգային (1830), Պողոսյան որդիների (1832), Վարվառյանի օրիորդաց (1832), Թոփ Քափըի Պեզճյան (1832), Էյուփի (1832) դպրոցները։ Նրա սկսած, սակայն ավարտը չտեսած ամենակարևոր կառույցը Քըզըլչեշմեում գտնվող Սուրբ Փրկիչ հիվանդանոցն է (1834, Յեդիքուլե հայկական հիվանդանոցը), որն այսօր էլ շարունակում է գործել։ Պեզճյանի ջանքերով և ֆինանսական օժանդակությամբ կառուցվել է Պատրիարքության շենքը (1823), հրատարակվել է բալթացի Գևորգ դպիր Տեր-Հովհաննիսյանի պատրաստած պարսկերենից հայերեն բառարանը և Վենետիկի Մխիթարյան միաբանության հայերեն բառարանը։ Պեզճյանը պոլսահայության շրջանում դարձել է հայրենասիրության խորհրդանիշ։ Նրա գործունեությունը պատմության մեջ է մտել որպես «Պեզճյանի ներդրում», իսկ ապրած «փառահեղ ժամանակաշրջանը» ՝ «Պեզճյանի դարաշրջան» ։) ։
     «Մանր ուսմունք քրիստոնէական հաւատոյ» ։ Ա.Տ.Ա.Թ, 148 էջ։ Մալազէան Յովսէփ Ս. /դասատու հարկաբանութեան/։
     «Հրահանգ սիրոյ աւանդեալի ձեւ հարցման եւ պատասխանւոյ ի պէտս դպրոցական մանկաց» ։ Յերուսաղէմ, տպ Առաքելական աթոռոյ Ս. Յակովբեանց, 1870թ. 132 էջ։
     «Բարի Ֆռիտօլենը եւ չար Թիթեռին» ։ Գլուխ Ա-ից Գէ-ԺԵ։ Կ.Պօլիս, 1854. 116 էջ։ Ձեռք բերված գրքից Ազգային գրադարանում այլ օրինակներ չկան՝ ոչ ամբողջական կազմով, ոչ առանձին գրքերով։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
237 | 0 | 0
Facebook
COMMENT.am