Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մշակի 150-ամյակին նվիրված գիտաժողովն ամփոփվեց Ազգային գրադարանում

15:29, ուրբաթ, 17 հունիսի, 2022 թ.
Մշակի 150-ամյակին նվիրված գիտաժողովն ամփոփվեց Ազգային գրադարանում

[vid:0] «ՄՇԱԿԸ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԶՈՒԳԱՀԵՌԱԿԱՆՆԵՐՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Այսօր Հայաստանի ազգային գրադարանում գրականության և մամուլի եզակի ցուցահանդեսով ամփոփվեց «Մշակը» պատմության զուգահեռականներում միջազգային գիտաժողովը՝ նվիրված «Մշակի» հիմնադրման 150-ամյակին։

Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱԳ տնօրեն Աննա Չուլյանը։ Ընդգծելով «Մշակի» դերը հայ տպագիր մշակութային ժառանգության պատմության մեջ՝ վերջինս ներկայացրեց Հայաստանի ազգային գրադարանի պատրաստած նվերը «Մշակի» 150-ամյա հոբեյանին։

Ինչպես արդեն նշել ենք՝ Հայաստանի ազգային գրադարանը արդեն ձեռք է բերել բացառիկ իրավունք՝ ապահովել ՀԱԳ էլեկտրոնային շտեմարաններում հասանելի ավելի քան 11մլն էջ թվայնացված հայատառ տեքստերի նիշերի օպտիկական ճանաչումը (OCR) ։ Առաջին փորձը «Հայ մամուլ» էլեկտրոնային շտեմարանում հասանելի «Մշակ» թերթի 1872 թվականի լրակազմի նիշերի օպտիկական ճանաչման ապահովումն է (OCR) ։

Ավելին՝ https://youtu.be/av3uvgcdsow

Ցուցադրված գրականության և մամուլի եզակի նմուշները ներկայացրեց ՀԱԳ Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի վարիչի ժ/պ Մհեր Ղազինյանը։ Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուներում պահպանվում է Գրիգոր Արծրունուն և «Մշակ» լրագրին առնչվող բազմաբնույթ գրականություն՝ ընծայագրերով գրքեր և խմբագիր Արծրունուն, և՛ հենց խմբագրությանը։ Հինգ ցուցափեղկերում ներկայացված են «Մշակ» լրագրի տարբեր տարիների բնագրերի լրակազմեր:

Ցուցահանդեսի բացմանը հաջորդեց ամփոփիչ նիստը՝ նախագահական սրահում։ Նիստը վարեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։ Եռօրյա գիտաժողովի անցկացման կարևորությունը ընդգծեց ԳԱԱ գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող բ.գ.դ. Սուսաննա Հովհաննիսյանը։ Գիտաժողովի մասնակիցների ելույթներից խոսեց ԳԱԱ գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող պ.գ.թ. Համո Սուքիասյանը։ Գիտաժողովի աջակիցներին շնորհակալական խոսք ասաց և գիտաժողովի նյութերի ժողովածուի հրատարակման մասին խոսեց նաև ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի թղթակից անդամ, պ.գ.դ. Ալբերտ Խառատյանը։

Որպես ամփոփում ՀԱԳ տնօրեն Աննա Չուլյանը հույս հայտնեց, որ մինչև 2025թ-ը Հայաստանի ազգային գրադարանը կնախաձեռնի և ավարտին կհասցնի Գրիգոր Արծրունու կենսամատենագիտությունը։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1431 | 0 | 0
Facebook