Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Երբ երկիրդ կեղտոտ է, և բացակայում է կայուն խաղաղությունը, դու նրա մաքրությունը և միասնությունը կարող ես վերադարձնել՝ միայն սեփական արյամբ այն լվանալով»

23:04, հինգշաբթի, 18 մարտի, 2021 թ.
«Երբ երկիրդ կեղտոտ է, և բացակայում է կայուն խաղաղությունը, դու նրա մաքրությունը և միասնությունը կարող ես վերադարձնել՝ միայն սեփական արյամբ այն լվանալով»

1977 թվականի մարտի 18-ին Բրազավիլում սպանվել է Կոնգոյի նախագահ, Կոնգոյի աշխատանքի կուսակցության առաջնորդ Մարիեն Նգուաբին:

Նա իշխանության էր եկել 1968 թվականին, հեղաշրջման շնորհիվ՝ տապալելով Ալֆոնս Մասամբա-Դեբային: Նգուաբին Կոնգոն հռչակել է «ժողովրդական հանրապետություն» և «Աֆրիկայում առաջին մարքսիսիստական-լենինյան պետություն»: Նա սերտ հարաբերություններ է հաստատել Չինաստանի հետ և ԽՍՀՄ-ի հետ կնքել է տնտեսական օգնություն ստանալու մասին պայմանագիր:

38-ամյա նախագահի սպանությունը կատարել են չորս հատուկջոկատայիններ՝ Կոնգոյի բանակի կապիտան Բարտալամիա Կիկադիդի գլխավորությամբ: Մահափորձի մասնակից երեք հատուկջոկատայիններին նախագահի պահակախումբը ոչնչացրել է, իսկ Կիկադիդիին հաջողվել է փախչել ու թաքնվել, բայց մեկ տարի անց հայտնաբերվել ու գնդակահարվել է:

1977 թվականի մարտի սկզբին Կոնգոյի նախկին նախագահ Ալֆոնս Մասամբա-Դեբան Մարիան Նգուաբիին նամակ է հղել, որում նրան կոչ է արել հրաժարական տալ: Դրանից մի քանի օր անց Նգուաբիին զանգահարել է Գաբոնի նախագահ Օմար Բոնգոն և կոչ է արել զգույշ լինել: Մարտի 13-ին Նգուաբին ելույթ է ունեցել Բրազավիլի քաղաքապետարանում ու հայտարարել է, թե իր կյանքին վտանգ է սպառնում ու դրանում մեղադրել է «ֆրանսիական իմպերիալիզմին» ՝ ակնարկելով, թե արյուն է հեղվելու: «Երբ երկիրդ կեղտոտ է, - ասել է նա, - և բացակայում է կայուն խաղաղությունը, դու նրա մաքրությունը և միասնությունը կարող ես վերադարձնել՝ միայն սեփական արյամբ այն լվանալով»:

Մարտի 18-ին Նգուաբին այցելել է Բրազավիլի համալսարան, որից հետո գնացել է Գլխավոր շտաբ: Այստեղ նրան սպասել են հատուկջոկատայինները: Մարիան Նգուաբին սպանվել է գլխին արձակված մի քանի գնդակից:

Կոնգոյի պետական ռադիոն մահափորձի մասնակիցներին անվանել է «իմպերիալիստական ինքնասպանների խումբ», իսկ պաշտոնական Մոսկվան Նգուաբիի սպանությունը «իմպերիալիզմի հանցագործ ակտ» է որակել:

Նգուաբիի սպանությունը խորությամբ հետաքննել է Կոնգոյի աշխատանքի կուսակցության ռազմական կոմիտեն: Տասնյակ մարդիկ բանտարկվել կամ հալածանքների են ենթարկվել: Ռազմական դատարանի վճռով մահապատժի է ենթարկվել երկրի նախկին նախագահ Մասամբա-Դեբան, որին իշխանությունները համարել են դավադրության կազմակերպիչներից մեկը, թեպետ ոչ մի ապացույց չեն ունեցել: Մահապատժի է ենթարկվել 42 կալանավորվածներից տասը:

Նգուաբիի գերեզմանի վրա Բրազավիլում դամբարան է կառուցվել, իսկ 90-ականներից հետո, երբ երկրի քաղաքական կուրսը փոխվել է, Նգուաբիի աճյունը վերաթաղվել է իր հայրենի բնակավայրում՝ Օվանդոյում:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1875 | 0 | 0
Facebook
COMMENT.am