Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սպանություն, որի պատվիրատուների բացահայտումը նպատակահարմար չի եղել

16:23, հինգշաբթի, 18 մարտի, 2021 թ.
Սպանություն, որի պատվիրատուների բացահայտումը նպատակահարմար չի եղել

1913 թվականի մարտի 18-ին Թեսաղոնիկե (Սալոնիկ) քաղաքում գնդակահարվել է Հունաստանի Գեորգիոս 1-ին թագավորը՝ Դանիայի Քրիստիան 9-րդ թագավորի երկրորդ որդին, որը Հունաստանի թագավոր է ընտրվել Հունաստանում 1862 թվականին անցկացված հանրաքվեի արդյունքով:


    

Արքայասպանը եղել է հույն Ալեքսանդրոս Սքինասը, որ Գեորգիոսին սպասել է ոստիկանական կոմիսարիատի մոտակայքում: Մոտենալով թագավորին՝ երկու քայլ հեռավորությունից նա ընդամենը մեկ անգամ կրակել է խոշոր տրամաչափի ատրճանակից:

Թագավորին ուղեկցող ոստիկանը կարողացել է ձերբակալել մարդասպանին: Ահաբեկիչն հրաժարվել է պատասխանել ոստիկանության հարցերին և հայտարարել է, թե սպանելու դրդապատճառների մասին կպատմի դատարանում: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է նամակ, որում գրված է եղել է, թե ինքն անարխիստ է ու ցանկություն ունի սպանել Հունաստանի թագավորին և ինքնասպան լինել:

Մի քանի օր անց, մարտի 23-ի առավոտյան, նրան բանտից տեղափոխել են քննիչի սենյակ, որտեղ նրան ազատել են ձեռնաշղթաներից: Ըստ քննչական հանձնախմբի եզրակացության՝ արքայասպանը, կարողանալով շեղել իրեն հսկողի ուշադրությունը, կոտրել է սենյակի ապակին և նետվել է 10 մետր բարձրությունից:

Մի խոսքով, քննությունը չի կարողացել կամ չի ցանկացել պարզել սպանության պատվիրատուներին:

Այժմ այն մասին, թե ինչու է սպանությունը տեղի ունեցել Թեսաղոնիկեում:

1912 թվականի հոկտեմբերի 8-ին սկսված Առաջին Բալկանյան պատերազմում Հունաստանը, Սերբիան, Բուլղարին և Մոնտենեգրոն կռվում էին Օսմանյան կայսրության դեմ:

Քսանօրյա հաղթական մարտերից հետո հունական զորքերը մոտենում են Թեսաղոնիկեի դարպասներին և պաշարում են քաղաքը: Քաղաքի թուրքական կայազորի հրամանատար Հասան փաշան, հասկանալով, որ դիմադրելն անհնար է՝ բանակցություններ է սկսում ինչպես հունական զորքերի գլխավոր շտաբի, այնպես էլ քաղաքին մոտեցող բուլղարական զորքերի հրամանատարության հետ: Բայց հույները թուրքերին առավել բարենպաստ պայնաններ են առաջարկում, և թուրքական հրամանատարությունը քաղաքն հանձնում է հույներին: Հունական զորքերը, թագավորի որդի Կոնստանդինի և թագավորական ընտանիքի այլ անդամների գլխավորությամբ, նոյեմբերի 8-ին մտնում են Թեսաղոնիկե: Հուսեին փաշան իր սուրը հանձնում է Կոնստանդինին:

Բայց հունական զորքերը բուլղարական զորքերից, որոնց գլխավորում էին գեներալ Գեորգի Տոդորովն ու արքայազն Բորիսը, ընդամենը մի քանի ժամով էին առաջ ընկել: Հույների հաղթանակից խիստ դժգոհ Տոդորովը Կոնստանդինին հայտարարում է, թե քանի որ թուրքերի դեմ պայքարում հույներն ու բուլղարները դաշնակիցներ են, նրանց զորքերը պետք է միասին տիրեն քաղաքին: Հույները պատասխանում են, թե այդ իրենք են կարողացել ստիպել թուրքերին, որ քաղաքը հանձնեն, և քաղաքին տիրելու իրավունք միայն իրենք ունեն: Երկու բանակների միջև խիստ լարվածություն է առաջանում, բայց Բուլղարիայի թագավոր Ֆերդինանդ Առաջինի՝ Աթենք այցից հետո որոշում է կայացվում Թեսաղոնիկեի հարցը տեղափոխել ապագա հաշտության բանակցությունների փուլ, իսկ մինչ այդ, Բուլղարիայի թագավորի համաձայնությամբ, քաղաքը պիտի մնար հույների վերահսկողության տակ:

Կոնստանդինը դառնում է նվաճված քաղաքի կառավարիչ և 1912-ի նոյեմբերի 12-ին ընդունում է իր հորը՝ Գեորգիոս Առաջինին և վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսին: Թագավորին քաղաքի բնակիչները ցնծությամբ են ընդունել:

Ցանկանալով օգուտ քաղել հաղթանակից իր դինաստիայի դիրքերն ամրապնդելու համար՝ Գեորգիոս 1-ինը որոշել է հրաժարվել գահից հօգուտ որդու: 1913 թվականի մարտի 18-ին թագավորը Թեսաղոնիկեում նախաճաշում է իր երեք որդիների հետ և նրանց տեղեկացնում է, որ ինքը ցանկանում է հեռանալ իշխանությունից իր ծննդյան տարեդարձի առթիվ, որը պիտի տեղի ունենար հոկտեմբեր ամսին: Միապետը նրանց բացատրել է, որ այլևս այն կայտառությունը չունի, որպեսզի պատշաճորեն կատարի իր պարտականությունները, իսկ Կոնստանդինն արդեն գահակալելու համար անհրաժեշտ իդեալական տարիքում է և ունի կառավարելու հմտություն:

Ճաշից հետո Գեորգիոս 1-ինը, գրեթե առանց պահակախմբի, գնում է քաղաքում զբոսնելու՝ ինչպես դա արել էր Աթենքում՝ գահակալության առաջին իսկ օրերից ի վեր: Սպիտակ աշտարակի մոտ նրան սպասել է անարխիստ Ալեքսանդրոս Սքինասը, որը նրա վրա ատրճանակից կրակել է: Միապետին արագ տարել են հիվանդանոց, բայց նա ճանապարհին մահացել է:

Նկատի առնելով այն հանգամանքը, որ թագավորի սպանությունը տեղի է ունեցել հիմնականում սլավոններով բնակեցված քաղաքում և դա կարող էր վերստին բորբոքել լարվածությունը Բուլղարիայի և Հունաստանի միջև, Վենիզելիոսի կառավարությունը մերժել է քննության առնել սպանության ցանկացած քաղաքական դրդապատճառ և հայտարարել է, թե Սքինասը պարզապես մի հարբեցող թափառաշրջիկ է: Սակայն կալանավորումից հետո նրան բանտում տանջաքննության են ենթարկել, ու նա վեց շաբաթ անց հենց բանտում մահացել է: Պաշտոնապես հայտարարվել է, թե նա պատուհանից ցած է նետվել:

Թագավորի մարմինը Հունաստանի մայրաքաղաք է տարվել նավով: Այն ծածկված է եղել Հունաստանի և Դանիայի դրոշներով: Թագավորի դին հրաժեշտի համար դրվել է Աթենքի մայր տաճարում, երեք օր: Այնուհետև թաղվել է Աթենքից 15 կիլոմետր հեռու գտնվող Տատուայի թագավորական պալատի այգում, որտեղ թագավորը շատ է սիրել զբոսնել:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1568 | 0 | 0
Facebook
COMMENT.am