Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ինչպե՞ս.. հակաթո՞ւյն...ընդդեմ կեսարի՞...»

23:33, կիրակի, 14 մարտի, 2021 թ.
«Ինչպե՞ս.. հակաթո՞ւյն...ընդդեմ կեսարի՞...»

Հին Հռոմում սպանության բավականին տարածված եղանակ է եղել թունավորումը: Հռոմեացի պատմիչ Տիտոս Լիվիոսն իր «Պատմություն» -ում բավականին մանրամասնորեն անդրադարձել է մ.թ.ա. 331 թվականի թունավորումների «համաճարակին» և պատմել, թե ինչպես են, ստրկուհու մատնությամբ, բռնել100 պատրիկներին թունավորածներին:

Պրինցիպատի, այսինքն Օկտավիանոս Օգոստոս կայսեր կառավարման ժամանակ թունավորման միջոցով սպանությունների թիվն այնքան է աճել, որ ստեղծվել է կերակուրը փորձելով ստուգող հատուկ հիմնարկություն: Այն ծառայություն է մատուցել ինչպես կայսերական արքունիքին, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաներին, ազնվատոհմիկներին և այն հարուստ մարդկանց, որոնք կասկած են ունեցել, թե իրենց կարող են թունավորել:

Այդ ժամանակներում նաև սովորույթ է եղել գավաթներն այնպես չրխկացնել, որպեսզի մի գավաթի գինին ցայտի մյուս գավաթի մեջ: Համոզմունք է եղել, թե թունավորելու մտադրություն ունեցողը այդ եղանակով սպանության փորձ չի կատարի, որովհետև այդ դեպքում հնարավոր է, որ նա մեռնի իր իսկ պատրաստած թույնից:

Թունավորման գործում խորագիտակ և հմուտ է եղել կայսր Կալիգուլան: Նա ժամեր շարունակ իրար է խառնել թույները, նոր թույներ է ստացել, ապա դրանք փորձարկել է ստրուկների և իր իրական թշնամիների կամ այն անձանց վրա, որոնք նրան կասկածելի են թվացել: Հայտնի է, որ երբ գլադիատորական մարտերից մեկի ժամանակ թեթևակի վիրավորվել է գլադիատորներից մեկը՝ «Աղավնի» մականունով, Կալիգուլան անմիջապես բաց վերքի վրա է լցրել իր ստեղծած նոր թունավոր խառնուրդը, գոհ է մնացել արդյունքից ու թույների իր ցուցակում գրառել է այդ նոր թույնը՝ «Աղավնային» անվամբ: Եթե կասկածել է որևէ սենատորի, թե նա դավ է նյութում իր դեմ, Կալիգուլան նրան թունավորված կերակուր է ուղարկել:

Պատրաստվելով մահապատժի ենթարկել իր հարազատ եղբորն այն բանի համար, որ նա իբրև թե դեղ էր խմել թունավորված լինելու երկյուղից, Կալիգուլան բացականչել է. «Ինչպե՞ս... հակաթո՞ւյն... ընդդեմ կեսարի՞...»:

Սա այն կայսրն է, որը պահանջել է մարդկանց մահապատժի ենթարկել մանր, հաճախակի հարվածներով՝ կրկնելով իր հետևյալ նշանավոր հրամանը. «Խփի՛ր, որպեսզի նա զգա, որ մեռնում է»:

Ինչպես բոլոր բռնակալները, սա ևս սիրել է ամբոխին հաճոյանալ, ինչպես արդի պոպուլիստներն են վարվում: Օրինակ՝ գերմանական ցեղերի դեմ կռվում զոհված հռոմեացի զինվորների աճյունները, որոնք փտել ու ցրիվ էին եկել, նա հանձնարարել է թաղել ընդհանուր գերեզմանում և առաջինն է սկսել ձեռքով հավաքել դրանք և լցնել մի տեղ:

Այս բռնակալ հրեշին դաժանաբար սպանելուց հետո, երբ բացել են նրա սնդուկը, տեսել են որ այն բերնեբերան լցված է թունավոր նյութերով: Հաջորդ կայսրը՝ Կլավդիոսը, հրամայել է սնդուկն իր պարունակությամբ այրել: Բայց մեկ այլ վարկած էլ ասում է, թե այդ սնդուկը ծովն է գցվել, որից հետո մի քանի օր շարունակ ծովն ափ է նետել այդ սնդուկի պարունակությունից թունավորված ձկներ:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3137 | 0 | 0
Facebook
COMMENT.am