Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ստորության դիմաց իրենց կյանքով են հատուցել

17:22, երեքշաբթի, 23 փետրվարի, 2021 թ.
Ստորության դիմաց իրենց կյանքով են հատուցել

Մոնղոլները Կիևյան Ռուսիան գրավել են 1236 – 1240 թվականներին, բայց այս իշխանության հետ Չինգիզ խանի զորքերի առաջին բախումը տեղի է ունեցել 1223 թվականին, Կալկա գետի մոտ:

Խորհրդային տարիներին դպրոցական ու բուհական բոլոր դասագրքերում գրված էր, թե մոնղոլները նենգությամբ են հաղթել իրենց հակառակորդին, բայց այժմ ստիպված են խոստովանել, որ նվաճողները կոնկրետ այդ ճակատամարտում ամենևին էլ նենգություն չեն գործել: Ընդհակառակը, նենգությունը Կիևյան Ռուսիայի իշխաններից է բխել, նրանց ստոր արարքի պատճառով է տեղի ունեցել հիշյալ ճակատամարտը, որն ավարտվել է մոնղոլների կատարյալ հաղթանակով:

1223 թվականին մոնղոլները ներխուժել են Հյուսիսային Կովկաս, բայց Կիևյան Ռուսիայի դեմ պատերազմելու մտադրություն չեն ունեցել: Նրանց զորքերը հետապնդել են նաև այդ տարածքներում ապրող պոլովցիներին (ղփչաղներին), որոնք Կիևյան Ռուսիայի իշխաններից օգնություն են խնդրել:

Թրքության ճյուղերից մեկը հանդիսացող ղփչաղները հիշյալ ժամանակաշրջանում տարածված էին Դնեպրից մինչև Իրտիշ: Նրանց խաներից մեկը դիմել է իր փեսային՝ Գալիցիայի իշխան Մստիսլավին ու Ռուսիայի այլ իշխանների.

«Մեր հողերն այսօր խլեցին, - ասել է ղփչաղ խանը, - իսկ ձերը՝ վաղն առավոտյան կխլեն»:

Կիևյան Ռուսիայի երեք ուժեղագույն իշխանները՝ երեք Մստիսլավները, որոշել են պաշտպանել ղփչաղներին:

Մոնղելներն այս իշխանների մոտ դեսպաններ են ուղարկել՝ առաջարկելով խզել ռուս-ղփչաղական դաշինքը և խաղաղ հարաբերությունների պայմանագիր կնքել.

«Մենք լսել ենք, որ դուք, - ասել են դեպանները, - հետևելով ղփչաղներին, գալիս եք մեր դեմ, չնայած մենք անվնաս ենք թողել ձեր հողերը, քաղաքները, գյուղերը, ձեզ նույնպես վնաս չենք հասցնի, բայց Աստծո կամքով եկել ենք մեր ղփչաղ ստրուկների, ձիապանների հետևից: Մեզ հետ հաշտություն կնքեք, եթե կփախչեն ձեզ մոտ, վռնդեք նրանց, վերցնելով նրանց ունեցվածքը. մենք լսել ենք, որ նրանք ձեզ էլ են շատ վատություն արել, մենք նրանց նաև դրա համար ենք հալածում»:

Բայց իշխանները խաղաղության առաջարկությունը մերժել են, որը կործանանար հետևանքներով հղի ինչ-որ մի սարսափելի սխալ արարք չի եղել, բայց երբ սպանել են մոնղոլների բոլոր դեսպաններին, սեփական կործանման դուռն են բացել: Մոնղոլների օրենքների համաձայն, եթե դու խաբում ես քեզ վստահողին, տվյալ դեպքում՝ դեսպաններին ու սպանում ես նրանց, դա համարվում է աններելի հանցագործություն ու անպայման վրեժ է պահանջում:

«Դուք, լսելով ղփչաղներին, կոտորել եք մեր դեսպաններին ու հիմա գալիս եք մեր դեմ: Դե եկե՛ք», - ասել են մոնղոլները:

Եվ, ահա, Կալկա գետի մոտ (այս գետը ներկայիս Դոնեցկի մարզում է) տեղի է ունենում ճակատամարտը: 80-հազարանոց ռոս-ղփչաղական զորքը հարձակվել է 20-հազարանոց մոնղոլական զորքի վրա: Բանակը ղեկավարելու տարրական կարողության բացակայության պատճառով հսկայական բանակը ջախջախվել է:

Պարտվածների մի մասը գերի է հանձնվել: Մոնղոլների դաշնակիցներից մեկը համոզել է Կիևի իշխան Մստիսլավին, թե մոնղոլները նրա զինվորների արյանը ծարավի չեն ու ոչ մեկի արյունը չեն հեղի, եթե անձնատուր լինեն: Եվ, իսկապես, մոնղոլները հավատարիմ են մնացել իրենց խոստմանը. նրանք գերիներին չեն գլխատել, այլ տախտակներ են փռել կապկպված գերիների վրա, նստել են տախտակներին ու խրախճանք են սկսել:

Իհարկե, մերօրյա բարոյական օրենքների տեսանկյունից, կարելի է ասել, թե մոնղոլներն ուխտադրուժ են եղել՝ սպանելով Մստիսլավին ու մյուս գերիներին: Բայց, մոնղոլների համոզմամբ, իրենք հավատարիմ են մնացել իրենց խոստմանը, իսկ մահապատիժը ըստ նրանց օրենքների բարձրագույն անհրաժեշտություն է եղել, քանի որ Ռուսիայի իշխանները, սպանելով դեսպաններին, սարսափելի մեղք են գործել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5188 | 0 | 0
Facebook