Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ռափայել Պատկանյանի չափածո ուղերձը Ռուսաստանում ապրող հայերին

14:41, կիրակի, 10 մայիսի, 2020 թ.
Ռափայել Պատկանյանի չափածո ուղերձը Ռուսաստանում ապրող հայերին

Հայ և հայություն


    
     Ո՞վ է հայը. մի՞թե նա, որ խոսում է հայ լեզվով,

Եվ կամ՝ որի մականունը հանգում է «յան» մասնիկով,

Որ ուտում է ամենայն օր ճաշին տոլմա ու փըլավ,
     Կամ՝ պարծանոք միշտ հագնում է հայի գդակ ու հալավ1:


     Ո՞վ է հայը. մի՞թե նա է, որ գնում է հայի ժամ,

Ու տարենը հաղորդվում է խիստ սակավից՝ չորս անգամ,

Որ կյանքումը պաս չի կերել, ծոմ էլ պահում է նույնպես,

Հորանջելիս խաչ է կնքում՝ բաց բերանն ու երես:


    

Ո՞վ է հայը. մի՞թե նա է, որ տեսնելիս տերտերին,

«Օրհնյա ի տեր» պատրաստ ունի ամեն րոպե իր բերնին,

Որի համար մեծ ամոթ է, նաև մեղք է մահացու,

Թե զատիկի թաթախմանը չուտե թերխաշ կարմիր ձու:


    

Չէ՛, սիրելի՛ս, ազգությունը չէ արտաքին արարմունք,

Հայ ծնելըդ անգամ չի տալ քեզ հայության իրավունք,

«Ով» է կամ «յան» մականունիդ վերջի վանկի մասնիկը,

Կարմիր ձվով կամ թե անձու կատարում ես զատիկը:


    

Քալլա-փաչա2 կամ թե բորշ է ամեն օրվա կերածդ,

Սեռտուկ, պալտո կամ թե չուխա3 է վրայի հագածըդ-

Ողջը մին է. ծեսով չես տալ ազգիդ վնաս կամ օգուտ,

Տեղը մնա ազգությունը, այդ նաև վարձ չէ՛ հոգուդ:


    

Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,

Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.

Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,

Բայց քու հայի օգուտները միշտ վեր դասե ամենեն:


    

Արվեստ, ուսում, շըքեղարվեստ տարածե՛ հայ ազգի մեջ,

Բայց բռնությամբ միշտ հեռացուր նորա միջեն կրոնի վեճ.

Քեզ ի՞նչ շահ է, թե դու կասես՝ հոգին բըխել է Հորից,

Կամ թե Որդին հոգվով սրբով անսերմ ծնունդ է Մորից…


    

Թո՛ղ, սիրելի՛, այդ խընդիրքը, աչքըդ դարձո՛ւր դեպ հարավ,

Բյուր-բյուր հոգիք դու կըտեսնես կորած դորա պատճառով,

Բայց մինչ այսօր այդ խնդիրքը մնացել է անվճիռ,

Թույլ խելքո՞վըդ աշխատում ես քակել անքակ այդ կընճիռ:


    

Սիրե՛ ազգըդ ո՛չ լոկ խոսքով, սիրե՛ ինչպես քու անձը,

Նորա օգտին, թե պետք լինի, զոհե՛ բոլոր քու գանձը.

Մի՛ խնայիլ կյանքդ անգամ, արյունդ բե՛ր նրան զոհ

Ո՛չ այն հույսով, որ քու ազգը իսկույն լինի քեզնից գոհ:


    

Իստակ սերը չի՛ պահանջում ամենևին տրիտուր4,

Թե տվածը հետ առնվի՝ դորան կասեն առուտուր,

Բայց վա՜յ նոցա, որք անզգա են յուր ազգի վիճակին,

Հազա՜ր անեծք նոցա վերա, երնեկ շան պես սատակին:


    

Թե դու հա՛յ ես՝ գիտե՞ս արդյոք՝ ով է ազգիդ նախահայր,

Որտե՞ղ, ո՞ր կողմ նա ընտրել էր ազգի համար Հայ աշխարհ:

Քանի՞ տարի անկախ մնաց հայը օտար ազգերից,

Ի՞նչն էր պատճառ, որ նա ընկավ իր առաջվա փառքերից:


    

Ո՞ւր ցըրվեցավ քու խեղճ հայը, ո՞ւնի այժմ օգնական,

Կա՞ մի հընար, միջոց կամ հույս նորա կրկին նորոգման.

Թե կա հընար՝ պատրա՞ստ ես անձըդ ազգիդ զոհ անել,

Խիստ կըտըտանք, սաստիկ տանջանք, սով ու ծարավ միշտ տանել:


    

Դու պատրա՞ստ ես թողնել կայքդ, ծնողք, եղբարք սիրական,

Սիրելվույդ տեղ կրծքիդ սեղմել միշտ մահառիթ հրացան.

Դու պատրա՞ստ ես անվախ երթալ թշնամիի սուրի դեմ,

Սարսափելի մահդ տեսնել դու կարո՞ղ ես ծաղրադեմ:


    

Այդ ժամանակ քեզ հայ կասեմ………………………..

Թե ջուր ընկնիս՝ ջրի՛ց, թե՝ հուր, ես քեզ հրից կփրկեմ,

...................................................................................

Հավատացի՛ր, ուտելովդ օգուտ չես բերիլ ազգի:

------------------------------------

1.հալավ – զգեստ, շոր, շապիկ

2.քալլա-փաչա – խաշ

3.չուխա – մահուդից կարված երկար վերարկու

4.տրիտուր - փոխհատուցում

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1882 | 0 | 0
Facebook
COMMENT.am