Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարդկության պատմության մեջ ժանտախտի առաջին մեծ համաճարակը (սկիզբը՝ նախորդ հոդվածում)

13:15, երկուշաբթի, 16 մարտի, 2020 թ.
Մարդկության պատմության մեջ ժանտախտի առաջին մեծ համաճարակը (սկիզբը՝ նախորդ հոդվածում)

Այս հիվանդության սարսափներից գլխավորը հուսալքությունն էր: Հենց որ մարդը մի քիչ տկարանում էր, հուսալքվում էր ու արդեն չէր դիմադրում հիվանդությանը: Բացի այդ, մարդիկ իրար խնամելու ժամանակ կենդանիների պես վարակվում էին ու մեռնում: Ամենամեծ մահացությունը վարակումից էր առաջանում: Եվ, իսկապես, եթե ոմանք երկյուղից չէին ցանկանում մոտենալ ուրիշներին, ապա մեռնում էին մենակության մեջ: Այս եղանակով շատ տներ դատարկվեցին հիվանդներին խնամող մարդ չլինելուց, իսկ եթե ուրիշները մոտենում էին հիվանդներին, ապա մեռնում էին հենց իրենք: Ամենից շատ մեռնում էին այն մարդիկ, որոնք որևէ ծառայություն էին ցանկանում մատուցել մեկ ուրիշին: Պատվի զգացումից դրդված՝ նրանք չէին խնայում իրենց և այցելում էին բարեկամներին, երբ նույնիսկ ընտանիքի անդամները վերջ ի վերջո լքում էին յուրայիններին՝ մեռնողների վշտից հոգնատանջ և զարհուրելի աղետից ապշահար:

Մեռնողներին և հիվանդներին ավելի կարեկցում էին հիվանդությունից ապաքինվածները, որովհետև նրանք արդեն հիվանդությունը հաղթահարել էին և արդեն հանգիստ էին: Համենայն դեպս, հիվանդությունը, կրկնվելու դեպքում ոչ ոքի համար մահացու չէր լինում:

Ի լրումն այս աղետի՝ աթենացիներին ճնշել էր դաշտերից քաղաք եկած ժողովրդի կուտակումը՝ առանձնապես եկվորները: Քանի որ տուն չկար, այդ պատճառով ամռանը նրանք ապրում էին հեղձուցիչ տնակներում կամ մեռնում էին կատարյալ խառնակ դրության մեջ: Մեռնողները դիակների նման կամ կիսամեռ վիճակում ընկած էին իրար վրա, սողում էին փողոցներում և բոլոր ջրհորների շուրջը՝ տոչորվելով ծարավից: Սրբավայրերը, որտեղ կենում էին եկվորները, լցված էին դիակներով, որովհետև մարդիկ մեռնում էին հենց այդտեղ: Քանի որ հիվանդությունը մոլեգնության աստիճանի էր հասել, և մարդիկ չգիտեին, թե ինչ է կատարվելու իրենց հետ, դադարեցին հարգել թե՛ սրբությունները, թե՛ աստվածային օրենքները: Ոտնահարվեցին թաղման ընթացքում նախկինում կատարվող բոլոր արարողությունները, և յուրաքանչյուրը թաղումը կատարում էր այնպես, ինչպես կարողանում էր: Շատերը, որոնք արդեն թաղել էին յուրայիններից շատերին, սկսել էին ոչ պատշաճ թաղումներ կատարել, որովհետև բացակայում էին թաղման համար անհրաժեշտ պարագաները: Ոմանք իրենց հանգուցյալին դնում էին ուրիշի խարույկի վրա և դիակը հրկիզում էին խարույկը պատրաստողների հայտնվելուց առաջ: Ուրիշներն էլ բերված դիակը խարույկն էին նետում այն ժամանակ, երբ դրա վրա ուրիշ դիակ էր հրկիզվում:

Ժանտախտը քաղաքի բնակիչներին ծայրահեղ ցոփության մղեց: Հիմա ավելի հեշտությամբ էին համարձակվում կատարել այնպիսի արարքներ, որպիսիք նախկինում թաքուն էին անում, որպեսզի սանձարձակության մեջ չմեղադրվեն: Պատճառն այն էր, որ մարդիկ տեսնում էին, թե ինչպիսի արագությամբ էր փոխվում հարուստների բախտը, թե ինչպես էին նրանք հանկարծակի կործանվում, և թե ինչպես այն մարդիկ, որոնք նախկինում ոչինչ չունեին, անմիջապես տեր էին դառնում մեռնողի ունեցվածքին: Այդ պատճառով մարդիկ ցանկանում էին ավելի շատ տրվել զգայական հաճույքներին՝ հավասարապես երազական համարելով թե՛ կյանքը, թե՛ հարստությունը: Ոչ ոք այլևս ցանկություն չուներ բարի համբավի համար տառապանք կրել, որովհետև նրան անհայտ էր՝ նախքան այդ նպատակին հասնելը կմեռնի՞, թե կապրի: Թե՛ գեղեցիկ և թե՛ օգտակար էր համարվում այն, ինչը տվյալ պահին հաճույք էր պատճառում ու սաստկացնում էր զգայական հաճույքը: Մարդկանց չէր սանձահարում ո՛չ աստվածներից երկյուղը, ո՛չ մարդկային օրենքները, որովհետև նրանք տեսնում էին, որ ամենքը հավասարապես մեռնում էին և այդ պատճառով նրանց համար մեկ էր՝ կհարգեն, թե չեն հարգի աստվածներին, հավասարապես ոչ ոք հույս չուներ, թե ինքը կապրի այնքան, մինչև որ դատարանը պատժի իրեն գործած հանցանքի համար: Շատ ավելի ծանր դատավճիռ էր համարվում այն, որն արդեն իսկ կախված էր մարդու գլխին, ուստի բնական էր համարվում նախքան պատուհասի մոտենալը գոնե վայելել կյանքի որևէ հաճույք:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1903 | 0 | 0
Facebook
COMMENT.am