«Էկովիլ» ընկերությունը արևային տեխնոլոգիաների ոլորտում առաջատարներից է, ներկայացնում է արևային կայաններ, որոնց միջոցով կարելի է ստանալ անվճար էլեկտրաէներգիա:
Նոյեմբերի 30-ին Եղեգնաձորում «Էկովիլ» արևային տեխնոլոգիաների ընկերությունը մեկնարկեց «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղերի մրցաշար ուսանողների համար՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից և Արցախից։ Խաղին ներկա էր խաղի գիտակ Էմիլ Միրզոյանը, որը ողջունեց մասնակիցներին և վարեց խաղը:
-Յուրաքանչյուր մարզում մենք անցկացնելու ենք այս մրցույթը, և հաղթող թիմերը ամռանը տեղի ունեցող մեծ գալա խաղին կհավաքվեն: Կունենանք մեկ հաղթող թիմ Հայաստանի ամբողջ տարածքով, բոլոր հաղթողները կստանան նվերներ, իսկ լավագույն խաղացողի ուսման վարձը մեկ տարի շարունակ կտրամադրի «Էկովիլ» ընկերությունը:
Առաջին խաղը մեկնարկում ենք այսօր՝ Եղեգնաձորում, և այսօր կորոշվի, թե որ թիմն է գալա խաղին մասնակցելու:
Իսկ հիմա եկեք ողջունենք այստեղ հավաքված 5 թիմերին՝ «Արևորդի» թիմը, «Սատար» թիմը, «4+1» թիմը, «Ալպիական» թիմը և «Ավետիս» թիմը:
Մենք ունենալու ենք խաղի երեք փուլ, յուրաքանչյուր փուլում` 10 հարց: Յուրաքանչյուր հարցից հետո ես ասելու եմ ժամանակ, և Ձեզ տրվելու է 1 րոպե ժամանակ, որպեսզի մտածեք հարցի շուրջ, մեկ րոպեն լրանալուց 10 վայրկյան առաջ ես կզգուշացնեմ, թիմերի ավագները պետք է ճիշտ պատասխանը գրանցեն իրենց մոտ եղած թերթիկների վրա` նշելով նաև թիմի անունը և հարցի համարը: Երբ ասեմ` ժամանակ, մեր օգնականները կվերցնեն հարցերի պատասխանները և կփոխանցեն ինձ: Հետո ես կկարդամ ճիշտ պատասխանը:
Այսօր կունենաք երեք հաղթող թիմ: Հաղթող թիմերը, որոնք կներկայացվեն վերջում, լավագույն խաղացողի իրենց թեկնածուին կներկայացնեն, որոնց կտանք 30 հարց: Հարցեր կտանք մինչ այն պահը, երբ կմնա մեկ հոգի, և նա կհամարվի լավագույն խաղացող: Մենք ունենք նաև օնլայն լավագույն հարցեր ուղարկելու հնարավորություն, ընտրելու ենք լավագույն հարցը, որը կհնչի վերջում, և լավագույն հարցի հեղինակը նույնպես կստանա մրցանակ:
Խաղի ընթացքում հնչեցին տարբեր հարցեր՝ բլից հարցեր, տրամաբանական հարցեր: Թիմերի անդամները քննարկում էին հարցը, գտնում պատասխանը, հաճախ ճիշտ պատասխանն էին տալիս, նաև սխալվում էին:
Խաղի ավարտին Էմիլ Միրզոյանը հայտարարեց հաղթող թիմի անունը, որը պետք է մասնակցի գալա խաղին: Հաղթող ճանաչվեց «Ավետիս» թիմը, այնուհետև յուրաքանչյուր թիմից մեկ մասնակից ընտրվեց, նրանց տվեցին հարցեր, հարցերի ավարտին լավագույն խաղացող ճանաչվեց Տարոն Նազարյանը:
Թիմերը ստացան նվեր քարտեր «ԷկոՎիլ» ընկերության կողմից, իսկ հաղթող թիմի մասնակիցները և լավագույն խաղացողը արժանացան նվերների: