Հարցազրույց դերասան, բեմադրիչ Սարգիս Շողունցի հետ...
Ես Սարգիս Շողունցն եմ։Արմատներով Սյունեցի եմ, թեպետ ծնվել և մեծացել եմ Երևանում: Սովորել եմ Ստեփան Լիսիցյանի անվան թիվ 34 դպրոցում։Սովորել եմ, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի` դերասանական բաժնում։Ես առաջին մասնագիտությամբ դերասան եմ, երկրորդ մասնագիտությամբ բեմադրիչ։Բեմադրությամբ սկսեցի զբաղվել այն ժամանակ, երբ հասկացա, որ չեմ կարողանում չբեմադրել։
Իմ կյանքի լավագույն դրվագներից է եղել, Արմեն Սանթրոսյանի թատերական խմբակ ընդունվելս…
_Ո՞րն է եղել Ձեր խաղացած առաջին դերը թատրոնում, հեշտությամբ եք մտնում Ձեզ վստահված կերպարի մեջ։
_Առաջին դերս եղել է Թամարա Գաբբեի` «Անագե Մատանիներ» պիեսում` Կոհինուրի դերը, որը եղել է իմ առաջին դերը թատրոնում։Այդ դերը ես միշտ մեծ հաճույքով եմ հիշում, որովհետև միշտ ասում եմ, որ ես բեմ չեմ մտել, ընկել եմ։Մուտքի ժամանակ երբ հասավ իմ հերթը, ես որոշեցի չմտնել, որովհետև վախենում էի, ու իմ ընկերներից մեկը հրեց ինձ ու ես ընկա բեմ, այդ ընկնելն էր, որ ընկա, դրանից հետո չեմ լքել բեմը։
Ոչ մի կերպար հեշտ չի տրվում, պետք է խոստովանեմ որ ես նյարդայնանում եմ երբ դերը շատ դժվար է ստացվում, բայց ինձ մոտ նման բան քիչ է լինում։Ես սիրում եմ շատ արագ լավ արդյունք ցույց տալ ռեժիսորին։
Եվ որպես բեմադրող ինքս պահանջում եմ, որ դերասանները հասկանան կերպարը, էմոցիաները։Սիրում եմ միանգամից ասեմ ու անեն, որովհետև ինքս այդպիսինն եմ։
_ Ո՞րն էր Ձեր կողմից բեմադրված առաջին ներկայացումը թատրոնում ի՞նչ մրցանակաբաշխությունների եք մասնակցել։
_Առաջին ներկայացումը, որը բեմադրել եմ եղել է ԵԹԿՊ-Ի բեմում` Եսենինի մասին մոնո ներկայացում, որտեղ Եսենինի դերակատարում իմ ընկեր տաղանդաշատ դերասան` Արման Մաթևոսյանն էր։Դա իմ առաջին պրեմիերան էր, թեպետ եղել են ներկայացումներ, որ պետք է բեմադրեի բայց կորոնավիրուսի պատճառով չշարունակեցի, որը պետք է լիներ լավագույնը, որի համար ես միշտ փոշմանում եմ։
Բեմադրել եմ Թմկաբերդի առումը, որը գրեթե բոլոր մարզերում խաղացել ենք և դեռ կշարունակենք խաղալ։
Մասնակցել եմ Արմոնո միջազգային փառատոնին Եսենինը ներկայացումով:
Մինչ ինստիտուտ ընդունվելս ես սովորել եմ Երևանի թիվ մեկ տարածաշրջանային պետական քոլեջում, այնտեղ ամեն տարի եղել են մրցանակաբաշխություններ, փառատոններ, որտեղ բավականին շատ մրցանակներ եմ ստացել։
Էտյուդի համար եմ մրցանակ ստացել, որպես լավագույն երիտասարդ դերասանի, լավագույն երկրորդ պլանի դերասանի մրցանակների եմ արժանացել։
_ «Երեք նամակ Բելլայից» հեռուստասերիալում նկարահանվելու, Ձեր ակնկալիքների, նկարահանման ընթացքի մասին խոսեք։
_Ես հաճույքով եմ համաձայնել կերպարին, որովհետև առաջին օրը կարդացի, հասկացա թե ինչի մասին է և, որ կերպարը պետք է լինի իմ պատկերացմամբ։Ես ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել խաղալու տաղանդաշատ, հայտնի դերասանների հետ`
Շանթ Հովհաննիսյան, Մարո Հակոբյան…
Ակնկալիքներ ունեցել եմ, որովհետև դա իմ առաջին նկարահանումն էր երկարաժամկետ սերիալում։Դա հնարավություն էր փորձ ձեռք բերելու։Եվ այն, որ իմ կերպարը սիրվեց հեռուստադիտողների կողմից դրա համար շատ ուրախ եմ։
Ես նկարահանվել եմ տասնվեց մասից բաղկացած հեռուստանովելում, որը դեռ չի ցուցադրվել։
_Վերջին օրերին զբաղված եք եղել` «Երազ իմ երկիր» ներկայացման բեմադրմամբ, կպատմեք այդ մասին։Եվ արդյոք երիտասարդները հաճախում են թատրոն։
Վերջին շրջանում թատրոնը իր նորարական և փորձարարական վիճակներին ունեցավ մի ֆորմատ, որ լինի բացօթյա ներկայացում, մոտ բնությանը։
Եղվարդի նորաբաց թատրոնում բեմադրեցի` «Երազ իմ երկիր» հայրենասիրական թեմայով ներկայացումը, որը իմ առաջին բացօթյա ներկայացումն էր։Փորձել եմ ստանալ գյուղական մթնոլորտ, որպեսզի կերպարները տրվեն դերասանական տարերքին և իրենց ասելիքը հասցնեն հանդիսատեսին։Սա իմ կյանքի կարևոր էջերից է, որովհետև ինքս իմ առաջ մեծ փորձություն էի դրել ու անցա այդ փորձությունը։ Ընդամենը տաս օրում ես բեմադրեցի այդ ներկայացումը։
Երիտասարդները հաճախում են թատրոն և դա շատ ոգևորող է, որովհետև ես հիշում եմ կային ժամանակներ, որ մենք խաղում էինք դատարկ դահլիճի առաջ, կամ դահլիճում շատ քիչ մարդիկ էին նստած, իսկ հիմա լեփ լեցուն են դահլիճները և մեծամասնությունը երիտասարդներ են։
_Լինելով երիտասարդ բեմադրող և դերասան ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր մասնագիտությունն ընտրած ուսանողների։
_Ես ունեմ աշակերտներ, դասավանդում եմ, և որպես խորհուրդ միշտ ասում եմ, որ պետք է ինքներդ Ձեզ դադար տաք, եթե վերադառնալու պահանջը Ձեզ չի խեղդում, մի վերադարձեք, սա Ձերը չի։Սրանից հետևություն եթե չեք ուզում զբաղվել թատրոնով, մի զբաղվեք, որովհետև թատրոնը անվերապահ սեր և նվիրում է պահանջում, գիտակցում, որ մենք պետք է թատրոնին տանք ամեն ինչ փոխարենը ոչինչ չստանանք, դա նվիրական աշխատանք է։
Միշտ փորձեք զբաղվել նրանով ինչով չզբաղվել չեք կարող։
_Կա՞ն առաջարկներ նոր նախագծերում նկարվելու։
_Հեռուստատեսության առումով նոր առաջարկներ չունեմ։Թատրոնում և որպես դերասան, և որպես բեմադրող շատ հետաքրքիր առաջարկներ ունեմ, որոնք աշխատանքային փուլում են։
Իսկ էկրաններին լինելու նոր և հետաքրքիր առաջարկների դեպքում չի բացառվում, որ համաձայնվեմ…