Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անտոն Չեխով /ՃԱՌԱՍԱՆԸ/

Aram Hovhannisyan
Հեղինակ`
Aram Hovhannisyan
12:16, կիրակի, 18 օգոստոսի, 2019 թ.
Անտոն Չեխով /ՃԱՌԱՍԱՆԸ/
    
Չեխով եմ ռուսերեն կարդում։ Լավ գործերը շատ են։ Գայթակղված՝ մեկը որոշեցի ներկայացնել։ Տանը հայերեն հատորներն ունեմ /կարծեմ՝ հինգը/, բայց թե խորքերում է, քանդել-քրքրելու հավես չկար։ Չգիտեմ էլ՝ սա հայերեն փոխադրվա՞ծ է։ Համացանցը չբերեց, ուստի, ծուլությունը վանելով՝ անվարժ թարգմանեցի։ Սկզբում անվարան փոխադրեցի վերնագիրը՝ «ОРАТОР» , բայց․․․ այն չէր․ հռետոր բառը բացասական երանգ չունի, մինչդեռ գործը ծայրեծայր ծաղր է։ Ճարտարախոսն ու ճարտասանն էլ լրիվ չէին փոխանցում միտումը։
Ընթերցելիս տխուրների էլ դեմքին ժպիտ կծաղկի, կարծում եմ։

    
Անտոն Չեխով․ ՃԱՌԱՍԱՆԸ

    
Մի հիասքանչ առավոտ թաղում էին կոլեգիական ասեսոր Կիրիլ Իվանի Վավիլոնովին՝ մահացած երկու հիվանդությունից, որ այնքա՜ն տարածված է մեր հայրենիքում՝ չար կնոջից և խմիչքից։ Երբ հուղարկավորողների թափորը եկեղեցուց ուղղվեց գերեզմանոցի կողմը, հանգուցյալի պաշտոնակիցներից մեկը՝ ոմն Պոպլավսկի, կառք նստելով շտապեց մտերիմներից Գրիգորի Պյոտրի Զապոյկինի մոտ՝ երիտասարդ, բայց արդեն բավական հայտնի։ Զապոյկինը, ինչպես գիտեն շատ ընթերցողներ, օժտված է հարսանիքների, հոբելյանների, թաղումների հանպատրաստից ճառեր ասելու հազվադեպ տաղանդով։ Նա կարող է խոսել երբ ասես՝ քնատ, սոված, անզգա հարբած, տենդի մեջ։ Նրա ճառը սահուն է, հավասար, ինչպես ջրի շիթը խողովակից և կուռ․ սրտաճմլիկ բառերը նրա հռետորական բառարանում ավելի շատ են, քան ցանկացած պանդոկում խավարասերները։ Նա միշտ արտահայտիչ է խոսում և երկար, ուստի երբեմն, հատկապես վաճառականների հարսանիքներում, կանգնեցնելու համար հարկադրված են ապավինել ոստիկանների միջամտությանը։
-Իսկ ես, եղբայր, քեզ մոտ եմ գործով, -սկսեց Պոպլավսկին՝ բռնելով նրան տանը։ -Իսկույն հագնվիր և գնանք։Մերոնցից մեկը մահացել է, հիմա նրան այն աշխարհ ենք ճամփում, պետք է նրա համար, ախպերս, հրաժեշտի որևէ բան բստրվի․․․ Քեզ վրա է ամբողջ հույսը։ Եթե մանրերից մեկնումեկը մեռներ, քեզ չէինք անհանգստացնի, բայց սա քարտուղար է․․․ գրասենյակային սյուն ինչ-որ առումով։ Անհարմար է նման դեմքին առանց խոսքի թաղելը։
-Հա՜, քարտուղա՛ր, հարբեցո՞ղը․․․
- Այո, հարբեցողը։ Բլիթներ կլինեն, խորտիկներ․․․ Կառքի համար կվճարվես։ Գնանք, հոգիս։ Շիրիմի մոտ որևիցե ցիցերոնային անկապություն ճամարտակիր, ու ի՜նչ շնորհակալություն կստանաս։
Զապոյկինը սիրով համաձայնեց։ Հարդարեց մազերը, դեմքին թախիծ իջեցրեց և Պոպլավսկու հետ ելավ փողոց։
-Գիտեմ ձեր քարտուղարին, -ասաց նա՝ նստելով կառքը։ Սատանա է, խարդախ, վերին արքայությունը նմաններին քիչ է․․․
-Չեղավ, Գրիշա, տեղին չէ հանգուցյալին այպանելը։
-Դե, իհարկե․aut mortuis nihil bene /աղավաղված լատիներեն՝ հանգուցյալի մասին կամ լավը, կամ ոչինչ/, բոլոր դեպքերում ժուլիկ էր։
Բարեկամները հասնելով թաղման թափորին՝ միացան նրանց։ Հանգուցյալին տանում էին դանդաղ, այնպես որ նրանք մինչև գերեզմանոց հասնելը հասցրին երեք անգամ պանդոկ մտնել և հանգուցյալի հոգու հանգստության համար մի փոքր կոնծել։
Գերեզմանոցում պատարագ մատուցվեց։ Զոքանջը, կինը և քենին, ավանդույթին հլու, շատ լացեցին։ Երբ դագաղը փոսն էին իջեցնում, կինը նույնիսկ բղավեց․ «Ինձ նրա մոտ թողեք», բայց ամուսնու շիրմափոս չիջավ՝ հավանաբար հիշելով թոշակի մասին։ Սպասելով մինչև ամեն բան խաղաղվի՝ Զապոյկինն առաջացավ, բոլորին ընդգրկեց հայացքով և սկսեց․
-Հավատա՞լ աչքերին և ականջին։ Սոսկալի երազ չէ՞ այս դագաղը, այս լացող դեմքերը, հոգոցներն ու ճիչերը։ Ո՛չ, սա երազ չէ, և տեսողությունը չի խաբում մեզ։ Նա, ում մենք բոլորովին վերջերս տեսնում էինք այնքան առույգ, պատանեկան թարմությամբ և մաքուր, ով ոչ շատ առաջ մեր աչքի առաջ, ինչպես անդադրում մեղու, հանուն պետության բարգավաճման, իր բաժին մեղրն էր կրում համայնքային փեթակ, նա, ով․․․ նույն ինքը դարձավ մոխիր, իրական մշուշ։ Անկասելի մահը իր ընդհատող ձեռքը պարզեց այն ժամանակ, երբ նա, չնայած ծերությանը, դեռ լի էր ծաղկուն ուժերով և լուսապայծառ հույսերով։ Անփոխարինելի կորուստ։ Ո՞վ մեզնից կփոխարինի նրան։ Լավ պաշտոնյաները մեզանում շատ են, բայց Պրոկոֆի Օսիպիչը միակն էր։ Նա մինչև հոգու խորքը նվիրված էր իր ազնիվ պարտականությանը, ջանք չէր խնայում, ծաղրում էր նրանց, ովքեր ընդհանուր գործին վնաս պատճառելու նապատակով կամենում էին կաշառել իրեն, ովքեր կյանքի բարիքների համար փորձում էին շեղել իր պարտականություններից։ Այո՛, մեր աչքերի առաջ Պրոկոֆի Օսիպիչը իր ոչ մեծ աշխատավարձը բաժանում էր աղքատ ընկերներին, և դուք հենց նոր լսում էիք այրիների և որբերի ողբը, որոնք ապրում էին նրա ողորմածությամբ։ Ծառայողական պարտքին և բարեգործությանը հավատարիմ՝ նա կյանքում չունեցավ ուրախություններ, անգամ հրաժարվեց ընտանեկան երջանկությունից․ ձեզ հայտնի է, որ նա մինչև կյանքի ավարտը ամուրի էր։ Իսկ ո՞վ է փոխարինելու նրան, որպես մեր ընկերոջ։ Այս պահին տեսնում եմ նրա ածիլված, գորովով լի դեմքը՝ ուղղված մեզ բարի ժպիտով, լսում նրա մեղմ, նուրբ-սրտացավ ձայնը։ Հանգստություն աճյունիդ, Պրոկոֆի Օսիպիչ։ Հանգչիր, ազնիվ, հարգարժան աշխատավոր։
Զապոյկինը շարունակեց, իսկ ունկնդիրները սկսեցին փսփսալ։ Ճառը դուր եկավ բոլորին, ցայտեցին որոշ արցունքներ, բայց շատ բան հնչածում տարօրինակ էր։ Առաջին՝ անհասկանալի էր, թե ինչու էր հռետորը հանգուցյալին կոչում Պրոկոֆի Օսիպիչ, երբ անվանում էին Կիրիլ Իվանովիչ։ Երկրորդ՝ բոլորին հայտնի էր, որ հանգուցյալը ողջ կյանքում մարտնչել էր իր օրինական կնոջ դեմ, ըստ այդմ չէր կարող ամուրի համարվել, երրորդ՝ ուներ շեկ, թանձր մորուք, ծննդյան օրվանից չէր սափրվել, ուստի և հասկանալի չէր, հանուն ինչի՞ հռետորը նրա դեմքը ածիլված որակեց։ ՈՒնկնդիրները տարակուսած էին, հայացքներ էին փոխանակում և թոթվում ուսերը։
-Պրոկոֆի Օսիպիչ, -շարունակեց հռետորը ոգեշունչ՝ նայելով շիրիմին, -քո դեմքը գեղեցիկ չէր, նույնիսկ այլանդակ էր, դու խոժոռ էիր և խիստ, բայց բոլորս գիտեինք, որ այդ պատյանի տակ տրոփում է ազնիվ, բարի սիրտ։
Շուտով լսողները սկսեցին ինչ-որ տարօրինակություն նկատել հենց հռետորի պահվածքում։ Նա սևեռվեց մի կետի ուղղությամբ, անհանգիստ շարժվեց և սկսեց տարուբերել ուսերը։ Հանկարծ լռեց և, բերանն ապշած բացելով, շրջվեց Պոպլավսկու կողմը․
-Լսիր, նա ողջ է, -ասաց՝ սարսափով։
-Ո՞վ է ողջ։
-Դե, Պրոկոֆի Օսիպիչը։ Հրեն, կանգնած է հուշարձանի մոտ։
-Նա չի էլ մեռել։ Մահացածը Կիրիլ Իվանիչն է։
-Բայց ինքդ ասացիր, որ ձեր քարտուղարն է մեռել։
-Կիրիլ Իվանիչը նույնպես քարտուղար էր։ Դու, աննորմալ, խառնել ես։ Պրոկոֆի Օսիպիչը, ճիշտ է, նախկինում եղել է մեր քարտուղարը, բայց երկու տարի առաջ որպես բաժնի վարիչ երկրորդ բաժանմունք տեղափոխեցին։
-Ահ, սատանան ձեզնից գլուխ չի հանի։
-Ի՞նչ ես լռել։ Շարունակիր, անհարմար է։
Զապոյկինը շրջվեց հողաթմբի կողմը և նույն պերճախոսությամբ շարունակեց ընդհատված ելույթը։ Հուշարձանի մոտ կանգնածն իրոք Պրոկոֆի Օսիպիչն էր՝ սափրված դեմքով ծեր աստիճանավորը։ Նա նայում էր հռետորին զայրույթից խոժոռ․
-Եվ ի՞նչը քեզ դրդեց, -ծիծաղում էին պաշտոնակիցները, երբ Զապոյկինի հետ վերադառնում էին թաղումից, - ողջ մարդուն թաղել։
-Վատ է, երիտասարդ, -քրթմնջաց Պրոկոֆի Օսիպիչը։ -Ձեր ճառը, հնարավոր է պետքական էր հանգուցյալի համար, բայց ողջ անձնավորության հասցեին միմիայն ծաղր է։ Ներեցեք, ի՞նչ ասացիք դուք՝ անկողմնակալ, չի գնվում, կաշառք չի վերցնում։ Կենդանի մարդու մասին կարելի՞ է այդպես միմիայն հեգնանքով արտահայտվել։ Եվ ոչ ոք ձեզ, պարոն, չէր խնդրել ծավալվել իմ դեմքի շուրջ։ Տգեղ է, անամոթություն, և ինչու՞ հանրության առաջ նկարագրել իմ կերպարանքը։ Ամո՛թ է։
    
     Թարգմանությունը՝ Արամ Հովհաննիսյանի։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7567 | 0 | 0
Facebook