Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դեդալոսի ևս մի հնարամտությունը. Մինոսի սպանությունը

22:00, երեքշաբթի, 30 հուլիսի, 2019 թ.
Դեդալոսի ևս մի հնարամտությունը. Մինոսի սպանությունը

Դեդալոսը դեպի արևմուտք է թռչում այնքան ժամանակ, մինչև վայրէջք է կատարում Կումախում՝ Նեապոլի մոտ: Այստեղ նա իր թևերն ընծայաբերում է Ապոլոնին և ոսկետանիք տաճար է կառուցում նրա համար: Դրանից հետո նա այցելում է Սիցիլիայի Կամիկ քաղաքը, որտեղ նրան սիրով հյուրընկալում է Կոկալոս թագավորը, և սկսում է ապրել սիցիլիացիների հետ՝ վայելելով իր փառքի պտուղներն ու բազում հոյակերտ շինություններ կառուցելով:

Այդ ընթացքում Մինոսը մեծ նավատորմ է կառուցում և մեկնում է Դեդալոսին գտնելու: Նա իր հետ վերցնում է տրիտոնի խեցի և, որտեղ ժամանում է, խոստանում է պարգևատրել ցանկացածին, ով կկարողանա խեցու միջով թելն անցկացնել՝ նախապես իմանալով, որ միայն բազմահմուտ Դեդալոսը կարող է դա անել: Հասնելով Կամիկոս՝ նա նույնն առաջարկում է Կոկալոս թագավորին, որը փորձում է թելը խեցու միջով անցկացնել, և, ինքնին հասկանալի է, Դեդալոսն անմիջապես կռահում է, թե դրա համար ինչ պետք է անել: Սարդոստայնը կապելով մրջյունին՝ նա խեցու մյուս ծայրին ծակ է անում, ապա ծակը փակում է մեղրով, որպեսզի մրջյունը խեցու ոլորանի միջով անցնելով, հասնի խայծին: Դրանից հետո նա վուշի թելը կապում է սարդոստայնի ծայրին ու այն ձգում է խեցու միջով: Այսպես թելն անցկացվում է խեցու միջով, և Կոկալոսը Մինոսին է վերադարձնում թելած խեցին ու պարգև է պահանջում: Համոզվելով, որ ինքը, վերջապես, պարզել է, թե որտեղ է թաքնվում Դեդալոսը, Մինոսը պահանջում է իրեն հանձնել փախստականին: Բայց Կոկալոսի աղջիկները չեն ուզում բաժանվել Դեդալոսից, որն իրենց համար գեղեցիկ տիկնիկներ էր պատրաստել, և նրա հետ դավ են նյութում Մինոսի դեմ: Դեդալոսը բաղնիքի տանիքի միջով խողովակ է անցկացնում, և երբ Մինոսը բաղնիքում լողանում էր, խողովակի միջով նրա վրա եղման ջուր են լցնում, իսկ ոմանք էլ ասում են, թե հալված խեժ են լցնում: Կոկալոսը, որը, հնարավոր է, մասնակցել էր այս դավադրությանը, Մինոսի դիակը վերադարձնում է կրետեացիներին՝ հայտարարելով, թե Մինոսը բաղնիքի գորգի վրա սայթաքել է ու ընկել եռման ջրով լիքը կաթսայի մեջ:

Մինոսի ուղեկիցները մեծ հանդիսավորությամբ նրան թաղում են, իսկ Զևսը նրան Ստորգետնյա թագավորության տիրակալ Հադեսին ծառայող դատավոր է նշանակում, որը պետք է դատեր մեռածներին: Այս գործում նրան պետք է օգներին իր եղբայրՌադամանդոսն ու իր հակառակորդ Էակոսը: Քանի որ Մինոսը թաղվել էր Կիմիկեում շինված Աֆրոդիտեի տաճարի կենտրոնում, նրա գերեզմանը Աֆրոդիտեի տաճար ուխտագնացություն կատարող բազում սերունդների այցելության վայր է եղել: Հետո Մինոսի աճյունը Ակրագանտայի բռնակալ Տերոնոսը վերադարձնում է Կրետե:

Մինոսի մահից հետո կրետեացիների կյանքում խառնաշփոթ է սկսվում, քանի որ սիցիլիացիներն այրել էին նրանց նավերի մեծ մասը: Այրված նավերի նավաստիները ստիպված են լինում Սիցիլիայում մնալ ու ափ իջած վայրից քիչ հեռու Մինոս անունով քաղաք կառուցել: Նավաստիների մի մասն էլ գնում է կղզու խորքերը և մի բլրի վրա ամրություններ է կառուցում, որն հետագայում դառնում է Էնգիոն քաղաք՝ մերձակա գետի անունով: Այս քաղաքում նրանք մայրերի տաճար են կառուցում, որոնց նրանք պատվում են նույն ջերմեռանդությամբ, ինչպես պատվել էին Կրետեում:

Դեդալոսը մեռել է Սիկիլիայում: Մեկ այլ առասպելի համաձայն՝ Դեդալոսը Թեսևսի հետ Կրետեից վերադարձել է Աթենք: Աթենքում գոյություն է ունեցել Դեդալոսյանների տոհմը, որը Դեդալոսին համարել է տոհմի նախահայրը: Կրետեում գտնված արձանագրությունները ցույց են տալիս, որ Դեդալոսն սկզբնապես եղել է արհեստներն հովանավորող տեղական աստվածություն: Ավելի ուշ շրջանի արձանագրություններում նա երբեմն նույնացվել է դարբնության աստված Հեփեստոսի հետ: Մի շարք հնագույն կառուցներ ու քանդակներ հաճախ վերագրվել են Դեդալոսին:

Ըստ երրորդ տարբերակի՝ Դեդալոսը հեռացել է Սիցիլիայից ու մեկնել է Սարդինիա կղզի: Սարդինիայում Դեդալոսի բազում ստեղծագործություններ են պահպանվել և կոչվում են «Դեդալոսներ»:

Տալոս են անվանել այն ցլագլուխ պղնձյա պահապանին, որը Զևսը նվիրել է Մինոսին՝ Կրետեն պաշտպանելու համար: Ոմանք ասում են, թե նա Պղնձի դարի այն մարդկանցից մեկն է, որոնք հացենուց են բսնել: Ուրիշներն էլ պնդում են, թե այդ արձանը Սարդինիայում դարբնել է Հեփեստոսը և որ այն ընդամենը մեկ երակ է ունեցել, որը պարանոցից ձեռքի ափերին է հասել, և որտեղ խփվել է պղնձե մեխը: Տալոսը պիտի օրական երեք անգամ Կրետեն վազանցեր և օտար նավերի վրա քարեր նետեր և տարեկան երեք անգամ էլ առանց շտապելու մտներ Կրետեի բոլոր գյուղերն ու գյուղացիներին ծանոթացներ բրոնզե տախտակներին գրված Մինոսի օրենքներին: Երբ Սարդինիայի բնակիչները փորձում են Կրետե ներխուժել, Տալոսն իրեն շիկացնում է և, չարախնդալով, նրանց բոլորին ոչնչացնում է իր հրեղեն գրկում: Այստեղից էլ ծնունդ է առել «սարդինական ծիծաղ» արտահայտությունը: Տալոսի մահվան պատճառը Մեդեան է եղել, որը նրա մարմնով անցնող երակից հանել է պղնձյա մեխն ու հեղել նրա ամբողջ արյունը: Ոմանք էլ ասում են, թե նա զոհվել է նրանից, որ արգոնավորդ Պեանտոսը թունավոր նետով վիրավորել է նրա ձեռքի ափը:

Կարկինը (ցիրկուլ) պղնձագործ դարբնի արվեստի գաղտնիքներից մեկն է: Այն շատ կարևոր է մետաղի եզրամասերը ճշգրիտ կռելու համար, երբ անհրաժեշտ է գավաթ, սաղավարտ կամ դիմակ պատրաստել: Ահա թե ինչու Տալոսը հայտնի է նաև «Կիրկին» («կլոր, շրջանաձև») անունով: Այս մականունը հավասարապես վերաբերում է և՛ արևի շարժմանը, և՛ կարկինի օգտագործմանը:

Տալոսը համարվել է հացենու հավերժահարսի որդին, որովհետև հացենուց ստացված փայտածուխը պղինձն հալեցնելու համար անհրաժեշտ ջերմաստիճան է ապահովում: Այս առասպելը լույս է սփռում այն բանի վրա, թե ինչու է Պրոմեթևսը մարդկանց կավից կերտել:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1307 | 0 | 0
Facebook
COMMENT.am