Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ո՛չ ներքին ցեղասպանությանը

Անի Խամոյան
Հեղինակ`
Անի Խամոյան
20:48, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2013 թ.
Ո՛չ ներքին ցեղասպանությանը

Ասում են կյանքը երկարատև է, եթե այն լիարժեք է. կյանքի չափանիշը երկարատևության մեջ չէ, այլ նրանում, թե ինչպես ես այն օգտագործում….
     Ապրիլի 13-ի առավոտյան, Տիգրանը պետք է արթնանար արդեն 19 տարեկան դարձած… պե՛տք էր, բայց չեղավ…. Գուցեև նա չհասցրեց լիարժեք «օգտագործել» այս կյանքը, բայց ապրեց այնպես, որ իր հիշատակը սրբորեն պահպանվի այն մարդկանց հոգիներում, որոնց նա սիրել է, գնահատել, ապրել նրանց հետ, նրանց կողքին ու նրանց համար…. Ու ապրել է այնպես, որ այսօր էլ, վաղն էլ շարունակելու է ապրել` մեր մեջ, մեզանում` իր ազնիվ, բարի ու պայծառ էությամբ, իր հասուն, առույգ ու խելառ կերպարով……
     Տիգրանի ծննդյան օրը, ընկերները կազմակերպել էին «Հիշատակի երթ»: Մոմերով երթը մեկնարկեց Տիգրանի հարազատ բուհից` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից և ուղևորվեց նրանց բնակարան (ՀՊՏՀ- Հանրապետության հրապարակ- Տիգրան Մեծի պողոտա-Հայրենիք կինոթատրոն- Գարեգին Նժդեհի 16 երթուղով):
     Երթին շատերն էին մասնակցում. ընկերներ, կուրսեցիներ, քույրեր, եղբայրներ ու պարզապես մարդիկ, ովքեր ճանաչում էին նրան….
     Տիգրանենց բակում ենք… հավաքվածների պես դողում են նաև գետնին շարված մոմերը… քամուց է, թե՞ սարսափելի մթնոլորտից` դժվարանում եմ ասել, իսկ մոմերի դասավորությունը հուշում է, որ Տիգրանն արդեն 19 տարեկան է….
     Ծնունդդ շնորհավո՛ր, եղբա՛յր… այս մոմերը կարող էին զարդարել քո ծննդյան տորթը, բայց «զարդարում» են քո բակը… այս մարդիկ, կարող էին լինել քո ծննդյան հյուրերը, բայց եկել են քո անդառնալի բացական հարգելու…. Չէ~, ինչ-որ բան սխալ է….. Բայց… գիտակցում ենք, որ հարկավոր է դիմանալ այն բանին, ինչից հնարավոր չէ խուսափել: Գիտակցում ենք, որ շատ հաճախ, կյանքը մեզ դաժան անակնկալներ է մատուցում. մենք կոտրվում ենք, վշտանում, հուսահատվում, կորցնում հավատը, հույսը, վերանում ինքներս մեզանից ու անձնատուր լինում կատարված դժբախտությանը, բայց հարկավոր է դիմանալ…. Գիտակցում ենք նաև, որ այդ անխուսափելին կատարվում է նրա համար, որ մարդն ի վերջո բացահայտի իր ներսի ուժը: Չէ՞ որ, ինչպիսի դժվարին պայմաններում էլ մենք հարկադրված լինենք ապրել, հոգով չպետք է ընկճվենք, քանի որ մեր ուժերի նկատմամբ հավատը և ուրիշների համար ապրելու ցանկությունը մի վիթխարի ուժ է, որն առաջ է մղում... այդ ուժն ապրում է մեզանից յուրաքանչյուրի մեջ, և հենց այսպիսի պահերին է միայն, որ բացահայտում ենք այն…. Դժվար է… ծանր է… բայց, գիտակցում ենք` պե՛տք է ապրել, հաղթահարել հուսահատությունը և շարժվել առաջ… Եվ այդքանը քաջ գիտակցում է նաև Տիգրանի պապիկը` ՀՊՏՀ փիլիսոփայության ամբիոնի դասախոս պրն Սարգիս Հայրապետյանը, ով բնավորության համաձայն, այդօրն էլ հանգիստ էր ու հավասարակշռված, թեև դժվար է նկարագրել այն, ինչ կատարվում էր ներսում` շա~տ խորը ինչ-որ մի տեղում. «Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, որ այսօր այստեղ եք, որ կազմակերպել եք նմանատիպ գեղեցիկ ակցիա… Ես խոնարհվում եմ Ձեր առաջ և ուզում եմ իմ ու Տիգրանի ծնողների անունից խորին շնորհակալություն հայտնել Ձեզ` այս քայլի համար: Ֆիզիկապես ոչինչ հետ չես բերի, բայց այն հոգևոր թեթևությունը, որն այս պահին պարգևեցիք մեզ, միայն գովեստի խոսքերի է արժանի: Ես երկար տարիներ դասավանդում եմ փիլիսոփայություն և բարոյագիտություն, ու այսօր տեսնելով Ձեզ, նաև իմ ուսանողերին, որոնք այստեղ են, հասկանում եմ, որ ոչինչ զուր չի արվում, զուր տեղը չի կորչում… ես ուրախ եմ ու հպարտ, որ Ձեզանում ապրում է այսքան մեծ բարոյական կերպար, և դա վկայում է Ձեր բարձր դաստիարակության մասին: Շնորհակալ եմ Ձեզ», - այս խոսքերից հետո, պրն Հայրապետյանը կոչ արեց հավաքվածներին, որ ամեն տարի, ապրիլի 13-ին կազմակերպվի նմանատիպ միջոցառում. «Խնդրում եմ Ձեզ, որ այս ամենը շարունակական բնույթ կրի, որ ամեն տարի այսօրը, Դուք նշեք մեր Տիգրանի ծննդյան օրը: Ես չեմ ասում, որ կազմակերպվի Տիգրանի մեծարման արարողություն, ո՛չ, պարզապես պետք է հիշեցնել այս դաժան իրողության մասին… հիշեցնել այնքան ժամանակ, մինչև մեզանից կվերանա այս վայրագությունը: Թող Տիգրանի ընտանիքի նման ընտանիքներ այլևս չլինեն մեր երկրում, թող Տիգրանի պապիկի, ծնողների, ընկերուհու, հարազատների ցավը այլևս ոչ-ոք չապրի: Մեզ համար շատ դժվար է, անտանելի դժվար, բայց պետք է շարունակել ապրել, ապրել ու պայքարել այսպիսի դաժանությունների դեմ…. Կո՛չ եմ անում, որ այս երթը տեղի ունենա ամեն տարի, ամեն տարի այս օրը հիշեցնեք հանրությանը կատարվածի մասին, ու Ձեր ակցիայով, Ձեր երթով, կոչ անեք` դատապարտել նման ոճրագործությունները, սթափվել, ուշքի գալ…. որ այսպիսի դեպք, այլևս երբե՛ք, ո՛չ մի ընտանիքում չկրկնվի…»:
     Իր սրտի խոսքն ասաց նաև Տիգրանի մյուս պապիկը` Սեյրան Հայրապետյանը: Նա ևս շնորհակալություն հայտնեց ներկա գտնվողներին` նման նախաձեռնություն իրականացնելու համար և միանալով Սարգիս Հայրապետյանի խոսքերին` ավելացրեց. «Սիրելի՛ երիտասարդներ, ես նույնպես կոչ եմ անում, որ ամեն տարի ապրիլի 13-ին կազմակերպեք այսպիսի ակցիա ու թող Ձեր ակցիան կրի. «Ո՛չ ներքին ցեղասպանությանը» խորագիրը: Միայն անտեր և անգլուխ երկրում է նման բան տեղի ունենում…. Պայքարե՛ք դրա դեմ, ապագան Ձե՛րն է, մաքրե՛ք Ձեր ապագան կեղտից: Խոնարհվում եմ Ձեր առաջ…. Շնորհակալ եմ Ձեզ…»:
     Ապագան մերն է, այո՛… ու մենք խոստանում ենք, որ սա անպայման շարունակական բնույթ է կրելու, որ ամեն տարի, ապրիլի 13-ին մենք անցկացնելու ենք այս ակցիան ու կոչ ենք անելու, որ վերջ տրվի այս «ՆԵՐՔԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ» …. Հիշեցնելու ենք, որ այս թարս ու շիտակ աշխարհում, ապրել է մի բարի Տիգրան, որից խլել են իր ապագան, այն ապագան, որը նա պետք է կառուցեր` բազում երազանքների ու նպատակների հիման վրա, ով անշահախնդիր սիրում էր, նվիրվում, ով իր մեջ այնքա~ն կյանք ուներ, ապրելու այնքա~ն մեծ ցանկություն…. և դա անհետ չկորչեց. այդ ցանկությունը Տիգրանը փոխանցեց մեզ` ապրողներիս, որ մենք բացահայտենք մեր ներսի ուժը, որ այդ ուժով շարժվենք առաջ ու պայքարենք այս անմարդկային արարքների դեմ, այս գազանության դեմ, որ քանդում է մեր երկիրը, մեր ընտանիքները, մեզ ու մեր ներաշխարհը…….
     Սիրելի՛ Տիգրան, մեր լա՛վ ընկեր, մեր եղբայր, մեր բարեկամ, ՄԵՆՔ ԴԱ ԿԱՆԵ՛ՆՔ, ԽՈՍՏԱՆՈՒ՛Մ ԵՆՔ!!!!!!!!!!
     Հ.Գ. Վերջում, Տիգրանի պապիկը շա~տ բարի ժպիտով հավաքվածներին հրավիրեց տուն, ասում է թե. «Տիգրանը կնեղանա, պետք է բարձրանաք, երեխեք ջան…. Այսօր իր ծնունդն է, Տիգրանը սպասում է Ձեզ…» …..
     Տիկ ջան, տե՛ս, բարձրացել ենք, դու միայն մի նեղացիր…. բարձարացել ենք, բայց ու՞ր ես … հայացքով քեզ ենք որոնում…. թվում է, թե հիմա սենյակից դուրս կգաս, կժպտաս բոլորին քո լայն ժպիտով ու կհրավիրես սեղանի մոտ… չէ~… դեռ չենք հավատում, դեռ չենք համակերպվել այն մտքին, որ այսուհետ մեզ պետք է ժպտաս միմիայն նկարներից…..
     Դե~… գնանք մենք… «Ծնունդն ավարտվեց» …. Տիկ ջան, հուսով եմ այս անգամ բոլորիս կներես, որ առանց նվերի էինք քեզ հյուր եկել…. Ախր, կյանքը իր պարգևած նվերը այնպե~ս դաժանորեն խլեց մեզանից, որ հիմա մենք անզորությունից ուզում ենք գոռալ, բայց դա էլ չենք կարողանում….սպառվել ենք երևի… ու հիմա… թաց աչքերով հեռանում ենք` գլուխներս կախ, անխոս ու մի քիչ էլ մեղքի զգացումով..… Չե՞ս ուղեցում մեզ, լա~վ… ոչի՛նչ… չենք նեղանում…. կգնանք…. Բայց, հետ ենք գալու…. ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆՔ…..
    
    
    
     ©Անի Խամոյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6580 | 9 | 0
Facebook