Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ.

Հոդվածներ

Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության Հուշագիրը (նոտա) Խորհրդային կառավարությանը

21:31, երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ.
Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության Հուշագիրը (նոտա) Խորհրդային կառավարությանը

IV

Բալկաններ ԽՍՀՄ ներթափանցմամբ այնտեղ տարածքային հարցեր ծագեցին: Ռումինիան ու Հունգարիան 1940 թվականի ամռանը դիմեցին Գերմանիային` լուծելու իրենց միջև վիճարկելի տարածքային հարցերն այն բանից հետո, երբ այդ տարաձայնությունները, որոնք բորբոքվել էին անգլիացի գործակալների կողմից, օգոստոսի վերջում սուր ճգնաժամի հանգեցրին: Ռումինիայի ու Հունգարիայի միջև պատերազմի անմիջական սպառնալիք ծագեց: Գերմանիան, որին Ռումինիան ու Հունգարիան բազմիցս դիմել էին իրենց միջև վեճը լուծելու խնդրանքով, Բալկաններում խաղաղությունը պահպանելու համար Իտալիայի հետ երկու պետություններին հրավիրեց Վիեննա` կոնֆերանսի, և այնտեղ, նրանց խնդրանքով, 1940 թ. օգոստոսի 30-ին կայացվեց Վիեննայի Հաշտարար դատարանի որոշումը: Դատարանը հունգարա-ռումինական սահմանագծում կատարեց, և, իր ժողովրդի առաջ տարածքային զոհաբերությունների համար Ռումինիայի կառավարությանն արդարանալու հնարավորություն տալու և ապագայում այդ ոլորտում ցանկացած վեճ բացառելու նպատակով, Գերմանիան և Իտալիան ստանձնեցին մնացած ռումինական պետության անվտանգության երաշխավորությունը:

Քանի որ այս մարզում խորհրդային պահանջները բավարարվեցին, այդպիսի երաշխիքը երբեք չէր կարող ուղղված լինել ԽՍՀՄ-ի դեմ: Չնայած դրան` Խորհրդային Միությունը ներկայացրեց իր առարկությունները և ի ցուց դրեց հակասությունն իր նախկին հայտարարությունների, որոնց համաձայն Բեսարաբիայի ու Հյուսիսային Բուկովինայի ձեռքբերումը բավարարել է իր պահանջները Բալկաններում:

Այդ պահից սկսած խորհրդային Ռուսաստանի` Գերմանիայի դեմ ուղղված քաղաքականությունն ավելի ու ավելի հստակորեն է արտահայտվում: Գերմանիայի կառավարությունն ավելի ու ավելի շատ կոնկրետ վկայություններ է ստանում այն մասին, որ անգլիայի դեսպան Քրիփսի` Մոսկվայում արդեն երկար ժամանակ ձգձգվող բանակցությունները բարենպաստ զարգացում են ստանում: Միաժամանակ Գերմանիայի կառավարությունը փաստական ապացույցներ է ստացել բոլոր ոլորտներում Խորհրդային Միության ինտենսիվ ռազմական նախապատրաստությունների մասին: Այդ ապացույցները, ի դեպ, հաստատվել են 1940 թ. դեկտեմբերի 17-ին Մոսկվայում Հարավսլավիայի ռազմական կցորդի զեկուցմամբ, որը վերջերս գտնվել է Բելգրադում, և որում տառացիորեն ասվում է հետևյալը. «Խորհրդային շրջանակների հայտարարությունների համաձայն` օդային նավատորմի, տանկերի և հրետանու սպառազինումը ներկա պատերազմի փորձի հիման վրա ամբողջ թափով ընթանում է և հիմնականում կավարտվի 1941 թ. օգոստոսին: Դա, ամենայն հավանականությամբ, վերջին ժամկետն է, որից առաջ խորհրդային արտաքին քաղաքականության խոշոր փոփոխություն չի կարելի սպասել»:

Չնայած բալկանյան հարցում Խորհրդային Միության անբարյացկամ դիրքորոշմանը` գերմանիան նոր ջանք է գործադրում ԽՍՀՄ-ի հետ համաձայնության համար. Գերմանիայի Արտաքին գործերի նախարարը պարոն Ստալինին հղված նամակում համակողմանիորեն շարադրում է Գերմանիայի կառավարության քաղաքականությունը մոսկովյան բանակցություններից ի վեր: Այդ նամակում առանձնապես շեշտվում է հետևյալը. Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի միջև կնքված դաշնադրության ժամանակ միաձայն հայտարարվեց այն մասին, որ այդ դաշինքը ոչ մի դեպքում ուղղված չէ Խորհրդային Միության դեմ, բայց որ երեք տերությունների բարեկամական հարաբերությունները և նրանց պայմանագրերը ԽՍՀՄ-ի հետ այդ պայմանագրով լիովին անխաթար են մնում: Երեք տերությունների Բեռլինյան դաշնադրությամբ դա արտահայտվեց փաստաթղթային ձևով: Միաժամանակ նամակում ցանկություն և հույս էր հայտնվում, որ կհաջողվի միասնաբար հստակեցնել բարեկամական հարաբերությունները Խորհրդային Միության հետ, որը ցանկանում են Դաշինքի երկրները, և դրան կոնկրետ ձև տալ: Այդ հարցերի հետագա քննարկման համար Գերմանիայի արտգործնախարարը պարոն Մոլոտովին Բեռլին է հրավիրում:

Բեռլինում պարոն Մոլոտովի գտնվելու ընթացքում Գերմանիայի կառավարությանը հարկ եղավ համոզվել այն բանում, որ ԽՍՀՄ-ը պատրաստ է իսկական բարեկամական համագործակցություն ունենալԵռյակ դաշինքի տերությունների և հատկապես Գերմանիայի հետ միայն այն դեպքում, եթե վերջինս համաձայն է Խորհրդային Միության հավակնություններին: Այդ հավակնությունները ներառում էին Խորհրդային Միության հետագա առաջխաղացումը Եվրոպայի հյուսիս և հարավ-արևելք: Հաջորդ պահանջները պարոն Մոլոտովը ներկայացրեց Բեռլինում և դրան հաջորդած բանակցությունների ժամանակ, որ Գերմանիայի դեսպանը վարեց Մոսկվայում:

1.Խորհրդային Միությունը ցանկանում է Բուլղարիային երաշխիքներ տալ և այդ պետության հետ փոխօգնության պայմանագիր կնքել` բալթիական երկների հետ կնքած դաշինքների նման, այսինքն` ստեղծել ռազմական հենակետեր, ընդ որում պարոն Մոլոտովը հայտարարեց, թե Բուլղարիայի ներքին ռեժիմն անձեռնմխելի է մնում: Խորհրդային կոմիսար Սոբոլևի այցը Սոֆիա պետք է ծառայեր այդ նպատակների իրականացմանը:

2.Խորհրդային Միությունը պահանջում է Թուրքիայի հետ պայմանագրի կնքում` երկարատև դաշնադրության հենքի վրա Բոսֆորի ու Դարդանելի մոտ ԽՍՀՄ ցամաքային և ծովային ռազմական ուժերի բազաների ստեղծում: Եթե Թուքիան համաձայնություն չտա դրան` Գերմանիան և Իտալիան պետք է միանան խորհրդային դիվանագիտական միջոցառումներին այդ պահանջները կատարելու համար: Այդ պահանջները բխում են Բալկաններում ԽՍՀՄ գերիշխանությունը հաստատելու ձգտումից:

Խորհրդային Միությունը նորից հայտարարում է, թե սպառնալիք է զգում Ֆինլանդիայի կողմի և այդ իսկ պատճառով պահանջում է, որ Գերմանիան ամբողջովին իրեն տրամադրի Ֆինլանդիան, որը գործնականում նշանակում է այդ պետության օկուպացում ու ֆինն ժողովրդի կործանում:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1349 | 0 | 0
Facebook