Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մանկասպանություն զուգարանակոնքում

Лил
Հեղինակ`
Лил
22:13, շաբաթ, 13 ապրիլի, 2013 թ.
Մանկասպանություն զուգարանակոնքում
     Հունիսի 6-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մարտին Սարոյանի նախագահությամբ, քննվում էր աղմկահարույց մի քրեական գործ. 1990 թ. ծնված, Ախուրյան գյուղի բնակչուհի Լուսինե Թորոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2011 թ. փետրվարի 14-ի լույս 15-ի գիշերը տան զուգարանակոնքի մեջ ծննդաբերել էր արական սեռի հասուն, կենսունակ կանխածին: Այնուհետեւ նորածին երեխային խցկել է զուգարանակոնքի մեջ, հատակ մաքրելու փայտով բազմաթիվ հարվածներ հասցրել կրծքավանդակին, 4-րդ կրծքային ողին, ձախ ազդրին, սրունքին եւ սպանել նրան: Նախքան բուն դատաքննությունը ամբաստանյալ Լ. Թորոսյանի պաշտպան Ռազմիկ Շիրոյանը դատարանին միջնորդեց կիրառել արագացված դատաքննության կարգ, քանի որ իր պաշտպանյալը ընդունել էր մեղքը եւ զղջացել: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Նման դեպքերում ամբաստանյալի եւ վկաների հարցաքննություն այլեւս չի իրականացվում դատարանի դահլիճում: Դատավարական կարգի համաձայն` մեղադրող դատախազ Արտյոմ Ավետիսյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Գործով մեղադրյալ Լուսինե Թորոսյանը 2010 թ. հունվար ամսին ծանոթացել է Գյումրի քաղաքի բնակիչ Հ. Մկրտչյանի հետ: Վերջինս իր «Վազ 21012» մակնիշի ավտոմեքենան օգտագործել է որպես տաքսի: Ամբաստանյալը եւ Հ. Մկրտչյանը սկսել են հանդիպել: Օգոստոս ամսվա վերջին իմանալով, որ Հ. Մկրտչյանը ամուսնացած է եւ չի պատրաստվում լքել ընտանիքը, Լուսինեն վերջ է տվել փոխհարաբերություներին: Հ. Մկրտչյանի հետ հանդիպելուն զուգահեռ ամբաստանյալը ծանոթացել է նաեւ Ախուրյան գյուղի բնակիչ Շ. Ղազարյանի հետ: 2010 թ. մայիս ամսին վերջինս Լուսինեին սեր է խոստովանել, սակայն որեւէ հստակ պատասխան երիտասարդն այդ ժամանակ չի ստացել: Բաժանվելով Հմայակից` Լուսինեն որոշել է ընդունել Շ. Ղազարյանի ամուսնության առաջարկը: Հարսանիքը տեղի է ունեցել 2011 թ. փետրվարի 11-ին, ռեստորանում: Դեռ խնամախոսության օրը ապագա սկեսրոջը տարօրինակ էր թվացել հարսնացուի կազմվածքը: Երբ հարցրել է, թե ինչու է փորն այդքան մեծ այն դեպքում, երբ ինքը բավական նիհար կազմվածք ունի, Լուսինեն պատճառաբանել է, թե գեներով հորաքրոջն է քաշել եւ իրենք «փորից են չաղանում»: Հարսանիքից օրեր անց` փետրվարի 14-ին, ամբաստանյալի ինքնազգացողությունը վատացել է: Գիշերը` ժամը 23: 00-ի սահմաններում` սեռական ակտից հետո, Լ. Թորոսյանը որովայնի եւ սեռական օրգանների շրջանում սուր ցավեր է ունեցել: Ժամը 2: 00-ի սահմաններում տեսնելով, որ կնոջ վիճակը չի կարգավորվում, Շ. Ղազարյանն արթնացրել է մորը` Խանում Ղ.-ին: Վերջինս էլ, մտածելով, որ հարսի ստամոքսը խանգարվել է, նրան մեկ հատ «Սպազմալգոն» տեսակի դեղահաբ է տվել: Դեղը խմելուց հետո ամբաստանյալն անմիջապես գնացել է լոգարան, դատարկել ստամոքսի պարունակությունը, ապա ներսից փակելով դուռը, գիշերը` ժամը 03: 20-ին, զուգարանակոնքի վրա նստած վիճակում ծննդաբերել է արական սեռի հասուն կենսունակ կանխածնի: Այնուհետեւ, հետքերը թաքցնելու նպատակով, երեխային խցկել է զուգարանակոնքի մեջ եւ ձայն տվել սկեսրոջը, որ միացնի ջրի պոմպը: Միաժամանակ ամբաստանյալը հատակ մաքրելու փայտով հարվածներ է հասցրել նորածնին` ձգտելով կոյուղատարը ազատել խցանումից: Սկեսուրը 4 անգամ միացրել է ջրի պոմպը, այնուհետեւ անհանգստանալով հարսի երկարատեւ բացակայությունից` պահանջել է, որ բացի լոգարանի դուռը: Տեսնելով հարսի հագուստի եւ հատակի արյունը` հարցրել է, թե ինչ է պատահել: Աբաստանյալը ստել է` ասելով, թե թութք ունի եւ արյունահոսել է: Սկեսուրը փոխել է հարսի հագուստները, տարել ննջարան, այնուհետեւ մտնելով լոգարան` տեսել, որ զուգարանակոնքը խցանված է, ու փորձել հատակ մաքրելու փայտով վերացնել խցանումը: Փայտով եւ խոզանակով չկարողանալով մաքրել խցանումը` Խանում Ղ.-ն, ձեռքը սրբիչով փաթաթելով, մտցրել է զուգարանակոնքի մեջ եւ դուրս բերել նորածին երեխային: Սկզբում երեխայի անջատված ոտքն է հայտնվել կնոջ ձեռքում, երկրորդ անգամ ձեռքը մտցնելով` հանել է ամբողջ մարմինը: Կատարվածի մասին հայտնել է ոստիկանության Ախուրյանի բաժին: Հունիսի 8-ին կայացած դատական նիստի վիճաբանության փուլում մեղադրող Ա. Ավետիսյանն իր ճառում ասաց, որ ամբաստանյալի մեղքը հիմնավորված է: Լ. Թորոսյանը հանցանքը կատարելու պահին չի գտնվել աֆեկտի վիճակում, առկա է եղել շփոթվածություն, սթրեսային վիճակ, սակայն ամբաստանյալը լիովին գիտակցել է կատարած արարքի նշանակությունը: Այսինքն` Լուսինե Թորոսյանը կատարել է հանցանք, որը նախատեսված է Քրեական օրենսգրքի 106 հոդվածով: Մեղադրող Ա. Ավետիսյանը դատարանից միջնորդեց հանցավոր ճանաչել ամբաստանյալ Լ. Թորոսյանին եւ դատապարտել ազատազրկման 3 տարի ժամանակով: Լ. Թորոսյանի նկատմամբ կիրառել ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարելիցի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը եւ նրան ազատել պատժի կրումից: Նույն օրը դատարանը հրապարակեց դատավճիռը, որով Լ. Թորոսյանին մեղավոր ճանաչեց Քր. օր.-ի 106 հոդվածով եւ դատապարտեց 3 տարի ժամկետով ազատազրկման: Միաժամանակ, դատարանը կիրառեց ԱԺ-ի 26.05.2011 թ. ընդունած համաներումը` ամբաստանյալին ազատ արձակեց դատարանի դահլիճից:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4761 | 0 | 0
Facebook