Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աշնան երազ....

Лил
Հեղինակ`
Лил
23:23, չորեքշաբթի, 02 հունվարի, 2013 թ.
Աշնան երազ....

Ձմեռ էր, ու ձյուն կար: Այժմյան երիտասարդներին հատուկ անհոգությամբ նրանք քայլում էին քաղաքի ամենամարդաշատ փողոցներից մեկով: Փաթիլներն էլ տեղում էին յուրօրինակ քաոսային հերթականությամբ`իրար ձուլվելով: Երկուսով էին…բնականաբար ցրտից կարմրած քթերով ու կապտած շրթունքներով օրիորդներ էին, որոնց առաջին հայացքից անհնար էր տարբերակել քայլող մյուս մարդկանցից: Խանութի ցուցափեղկից հետևում էի նրանց. Լիլիթը իր ընկերուհու հետ մոտեցավ մոտակա նստարանին, ձեռքով ետ հրեց նստատեղերի ձյունն ու նստեց: Նման եղանակին խիզախություն է պետք նման բան անելու համար: Չնայած նա միշտ էլ խիզախ է եղել, միշտ այնքան մեղմ ու խիզախ: Դուք կհարցնեք, թե որտեղի՞ց եմ նրան ճանաչում: Դեռ փոքր էինք, խաղում էինք բակում, սիրում էի խաղալ նրա երկար սև մազերի հետ, նա էլ կարծես դեմ չէր: Տեսնես հիշո՞ւմ է ինձ:

Ես նրան շատ լավ եմ հիշում. նա չի փոխվել, նույն աչքերն ունի, նույն երկար վարսերը, նույն արագ քայլվածքն ունի ու նույն շրթունքները: Իսկ արդեն վեց տարի է անցել… ‹‹Չէ′, պետք է մոտենալ նրան, դեռ ինչքա~ն եմ հեռվից կարոտս առնելու››…


    

-Բարև′ Լիլ, հիշո՞ւմ ես ինձ:


    

-Բարև, մենք ծանո՞թ ենք:


    

-Իմ աչքերը քեզ ոչինչ չե՞ն ասում: Լիլ, դե՞:


    

-*****, դո՞ւ ես, վա~յ, մամ ջա~ն, էս ո~նց ես փոխվել: Ու՞ր էիր էսքան ժամանակ, անխի′ղճ:


    

-Գաղտնի հետևում էի քեզ:


    

Լիլիթը ժպտաց…


    

-Մաման շատ կուրախանա, արի գնանք մեր տուն սուրճ խմելու:


    

-Չէ′, Լիլ կներես, ես գնում եմ:


    

Վախկոտի մեկն եմ…Ես շրջվեցի ու առանց մի բառ ասելու նորից հեռացա նրա կյանքից: Նույն բակում էինք մեծացել. սովորում էին նույն դասարանում, երբ մի օր հորս որոշմամբ ընտանիքով տեղափոխվեցինք այլ բնակարան: Ես այլևս Լիլիթին չտեսա, բայց ոչ այն պատճառով, որ մոռացել էի կամ չէի ցանկանում, այլ որովհետև միշտ էլ գիտակցում էի, որ նրա համար միայն ‹‹մանկության ընկեր›› բառակապակցությամբ եմ բնորոշվում: Իսկ նա ինձ համար ավելին էր. ու այժմ էլ այնքա~ն էր գեղեցկացել: Իրենից թաքուն միշտ տեղյակ էի, թե ինչով է զբաղվում: Դասից տուն գնալիս միշտ ձեռքինն որևէ գիրք էր լինում: Միշտ այնքան արագ էր քայլում, նրա հետ միշտ երկու աղջիկ նույն ճանապարհով տուն էին գնում ու միշտ նրանից ետ էին ընկնում, իսկ հետո կանգառում բաժանվում էին: Միշտ լսում էի, թե ինչպես են կանգնած ծիծաղում, բայց գրեթե միշտ ականջներումս արձագանքում էր միայն Լիլիթի ծիծաղը…իր բնավորության պես մեղմ ծիծաղը: Տեսնես կա՞ր որևէ մեկն աշխարհում, որ նրան ճանաչեր կամ սիրեր ինձնից առավել: Չեմ կարծում, ինչևէ…ես սխալվեցի, երբ մոտեցա նրան: Եվս մեկ անգամ ցավով բացահայտեցի, որ նրա համար ընկեր եմ եղել, նա ինձ չհիշեց էլ: Տղամարդկային ինքնասիրությունս ինձ թույլ չտվեց լաց լինել, բայց ճչալու ցանկությունը չէր լքում:


    

Լիլիթ~…ես դեռ հիշում եմ այդ օրվա քո սառած ու զարմացած հայացքը: Ու անգամ չգիտեի էլ, որ տանն այդքան լաց ես եղել իմ հայտնվելու պատճառով: Միայն թե իմանայի…Այդ պահին ուզում էի, որ ցավ ապրես, այն նույն ցավը, որը ես եմ միշտ ապրել քեզ ‹‹ընկեր›› կոչելով: Ու էդպես սկսած հինգ տարեկանից…Իսկ հիմա արդեն քսաներկու տարեկան եմ:

Այդ հանդիպումը, սակայն, շատ բան փոխեց իմ կյանքում…խոցված ինքնասիրությունս, կարոտս, սիրելու ու սիրված լինելու ցանկություններս խառնվեցին իրար ու մի բառ դարձան`պայքարել: Ես սկսեցի հաճախ այցելել նրանց, կարծես թե բոլորն ինձ ընդունում էին նախկինի նման` ջերմ ու ընտանեկան մթնոլորտում: Բացի Լիլիթից. ինձ տեսնելուն պես նա փակվում էր սենյակում` դաս անելու պատրվակով, ու դուրս չէր գալիս մինչև իմ հեռանալը: Ես գիտեի, որ նվերներով, սովորական դարձած փափուկ խաղալիքներով, վարդերով ու ամպագորգոռ նամակներով նրան ետ չեմ բերի: Եթե խորը մտածենք, նա իմը չի էլ եղել, որ ետ բերելու մասին կարողանամ խոսել: Բայց ես շարունակում էի այցելություններս` թաքցնելով, որ միայն նրա համար եմ մտնում այն տուն: Մի օր համարձակությունս բավականացրեց նրա սենյակի դուռը թակելու համար: Մտա ներս, Լիլիթը ձևացրեց, թե քնած է, բայց ես լավ գիտեի նրա այդ սովորությունը, դեռ փոքր տարիքում էլ, երբ խուսափում էր որևէ խոսակցությունից, միշտ քնած էր ձևանում: Մոտեցա, նստեցի մահճակալի ծայրին ու միայն նրա կծկված աչքերից հասկացա, որ հազիվ է զսպում արցունքները:


    
    

Ինչքան եմ ես սխալվել` կարծելով, որ նա իմը չէ: Ու այժմ չեմ կարող վերադարձնել այն ժամանակահատվածը, երբ հեռու եմ եղել նրանից միայն այն պատճառով, որ չեմ թափանցել նրա հոգու խորքը: Նա ինձ նման չէր, նրա մեղմությունն ու զսպվածությունը նրան երբեք թույլ չէին տալիս արտահայտվել: Նա երբեք էլ չէր խոսում այդ հիմար սիրուց, բայց ինչպե~՞ս կարող էի չնկատել, որ նրա աչքերը ժպտում էին ինձ տեսնելիս: Միայն հիմա եմ կարողանում կարդալ այդ ժպիտը, երբ մտաբերում եմ մեր յուրաքանչյուր ‹‹ընկերական օրը››:

Լիլիթը երկար չկարողացավ քնած ձևանալ: Ես դեռ լուռ նստած էի… նա շրջվեց իմ կողմ, բացեց աչքերը, մի երկվայրկյան նայեց աչքերս, նստեց մահճակալին ու ամուր-ամուր գրկեց ինձ:


    

-Էլ երբեք չհեռանաս, երկրորդ անգամ քեզ ներել չեմ կարողանա:


    

Ինձ դեռ երբեք ու ոչ ոք նման գորովով ու սիրով չէր գրկել: Ես ընկղմվեցի նրա մեղմ ձեռքերի մեջ: Նա այնքան գեղեցիկ էր, խառնված վարսերը հպվում էին այտերիս, զգում էի, թե ինչպես է արագանում նրա սրտի աշխատանքը: Լիլիթ~…Լիլ~…իմ ձմեռային թարմություն, իմ գարնանային հիշողություն, իմ ամառային ջերմություն, իմ աշնան երա~զ: Ինձ համար Լիլիթը այդ բոլորի ամենաներդաշնակ համադրությունն էր: Ու երբ հանկարծ ինձ խնդրեն մի բառով բնութագրել կյանքիս միակ սիրուն, ես երկար չեմ մտածի` մեղմ…Այո′, մեղմություն բառով կնկարագրեմ նրա ներդաշնակ հոգին:


    

-Չեմ գնա, Լիլ, խոստանում եմ…որովհետև ես սիր…


    

-Սը~ս…չասե′ս…մի′ փչացրու երևակայության ձեռքբերումը, չասե′ս, միայն իմացի′ր, որ ես էլ քեզ….ես էլ քեզ…այս ողջ ընթացքում…այս բոլոր տարկների ընթացքում, …իմ հին ու նոր սեր, հին ու նոր ընկեր, հին ու նոր հիացմունք:


    

Ու սա դեռ սկիզբն էր…հիմա ես նրա ձեռքը բաց եմ թողնում միայն այն ժամանակ, երբ նա գնում է ինձ համար սուրճ պատրաստելու: Սիրում եմ նրա պատրաստած թունդ սուրճը…այնքան մեղմ համ ունի…


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4924 | 2 | 0
Facebook