Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նախորդ դարասկզբի ամերիկյան զվարճապատում. Հակետ մայրիկի այգին «սուզվել է»

14:16, երկուշաբթի, 18 փետրվարի, 2019 թ.
Նախորդ դարասկզբի ամերիկյան զվարճապատում. Հակետ մայրիկի այգին «սուզվել է»

Նանտակետ կղզու (կղզին գտնվում է ԱՄՆ արևելյան ափի Քեյփ քոթ հրվանդանից 48 կիլոմետր հեռավորության վրա, Մասսաչուսեթս նահանգի մաս է կազմում) նեղուցում ձուկ որսալու սովորաբար դուրս են գալիս արագընթաց առագաստանավերով: Անձնակազմը վերցնում է հնարավորինս շատ թարմ բանջարեղեն, սառեցված միս, տարատեսակ պահածոներ ու երկարաժամկետ նավարկության է մեկնում: Մինչ նավամբարը բերնեբերան ձկով է լցվում, առնվազն երեք-չորս ամիս է անցնում:

Ամենադժվարը ձկնառատ տեղը գտնելն է: Սովորաբար, որտեղ խորն է, այնտեղ էլ ձուկը շատ է: Բայց միայն խորությամբ չի պայմանավորված, պայմանավորված է նաև նրանով, թե այդ խորությունում ծովի հատակն ինչպիսին է: Լավ նավապետը ծովի հատակի բոլոր գաղտնիքները բացահայտում է խորությունը չափող պարանի ծայրին ամրացված կապարե թասիկի օգնությամբ: Այդ թասիկի մեջ ծովի հատակի տիղմ, ավազ կամ հող է լցվում: Այն տախտակամած է հանվում և ուսումնասիրվում է: Փորձառու ձկնորսն այդ հանածոյի միջոցով պարզում է, թե տվյալ տեղանքում ինչպիսին է կյանքը:

Արդ, Նանտակետում մի ծեր նավապետ է եղել, որը համտեսելով ծովի հատակից հանված տիղմը, կարողացել է անսխալ ասել, թե ծովածոցի որ հատվածում է ձուկը: Նրա պես ոչ ոք չի կարողացել այդ բանն անել:

Մի անգամ նրա անձնակազմի անդամները որոշում են խաղ խաղալ իրենց ծեր նավապետի գլխին և վերոհիշյալ թասիկի մեջ իրենց հայրենի քաղաքի կավահողն են լցնում ու հետո նավապետին հարցնում են.

-Ի՞նչ եք կարծում, մենք հիմա որտե՞ղ ենք գտնվում:

Ծեր ձկնորսը, սովորության համաձայն, կապարե թասիկից մի պտղունց հող է բերանն առնում ու սկսում է գոռալ.

-Դժբախտությո՜ւն, դժբախտությո՜ւն: Մեր Նանտակետը սուզվե՜լ է: Հիմա ուղիղ մեր նավի տակ Հակետ մայրիկի այգի՜ն է:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2030 | 0 | 0
Facebook