Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երկրորդ աշխարհամարտն ո՞վ է հրահրել. պատասխանում է Իոսիֆ Ստալինը

18:31, հինգշաբթի, 17 հունվարի, 2019 թ.
Երկրորդ աշխարհամարտն ո՞վ է հրահրել. պատասխանում է Իոսիֆ Ստալինը

1939 թվականի նոյեմբերի 28-ին, երբ Ֆրանսիան արդեն պատերազմ էր հայտարարել Գերմանիային, ֆրանսիական տեղեկատվական «Havas» գործակալությունը, որն հետագայում դառնում է «Ֆրանս պրես», սենսացիոն հաղորդագրություն է տարածում այն մասին, որ 1939 թվականի օգոստոսի 19-ին, չհարձակաման մասին սովետա-գերամանական պայմանագրի կնքումից չորս օր առաջ, Ստալինը կուսակցության Քաղբյուրոյի և Կոմինտերնի ղեկավարության հրատապ նիստ է հրավիրում, որի ժամանակ բացատրում է, թե Խորհրդային Միությանն ինչու է անհրաժեշտ պայմանագրի կնքումը Գերմանիայի հետ:


     «Խաղաղություն կամ պատերազմ: Այս հարցը կրիտիկակական փուլի է հասել: Դրա վճռումն ամբողջովին և լիովին պայմանավորված է այն դիրքորոշմամբ, որը կընդունի Խորհրդային Միությունը: Մենք լիովին համոզված ենք, որ, եթե մենք դաշնակցային պայմանագիր կնքենք Ֆրանսիայի կամ Մեծ Բրիտանիայի հետ, Գերմանիան ստիպված կլինի հրաժարվել Լեհաստանից և «modus vivendi» (կենսական տարածք) փնտրել արևմտյան տերությունների հետ: Այսպիսով, պատերազմից կհաջողվի խուսափել, և այդ դեպքում հետագա իրադարձությունների զարգացումը մեզ համար վտանգավոր բնույթ կկրի: Իսկ եթե մենք Գերմանիայի կողմից առաջարկված` ձեզ հայտնի չհարձակման պայմանագիրը կնքենք, Գերմանիան, անկասկած, կհարձակվի Լեհաստանի վրա, և այդ դեպքում այդ պատերազմի մեջ Անգլիայի ու Ֆրանսիայի մտնելն անխուսափելի կդառնա: Այս դեպքում մենք լավ շանսեր կունենանք կոնֆլիկտից հեռու մնալ, և մենք կկարողանանաք, գտնվելով շահավետ վիճակում, դիմանալ այնքան, մինչև որ մեր հերթը գա: Հենց սա է պահանջում մեր շահը:

Եվ այսպես, մեր ընտրությունը պարզ է. մենք պետք է ընդունենք գերմանական առաջարկությունը, իսկ անգլիական ու ֆրանսիական պատվիրակություններին պատասխանենք քաղաքավարի մերժումով ու նրանց տուն ուղարկենք: Դժվար չէ կանխատեսել այն օգուտը, որը մենք կքաղենք` այդ կերպ գործելով: Մեզ համար ակնառու է, որ Լեհաստանը կջախջախվի ավելի վաղ, քան Անգլիան ու Ֆրանսիան նրան օգնության կհասնեն: Այդ դեպքում Գերմանիան մեզ կտա Լեհաստանի մի մասը` ընդհուպ Վարշավայի մատույցները` ներառյալ ուկրաինական Գալիցիան: Գերմանիան մեզ գործելու լիակատար ազատություն կտա մերձբալթյան երեք երկրներում: Նա չի խոչընդոտի Բեսարաբիան Ռուսաստանին վերադարձնելուն: Նա պատրաստ կլինի մեզ՝ որպես ազդեցության գոտի զիջել Ռումինիան Բուլղարիան ու Հունգարիան: Բաց է մնում Հարավսլավիայի հարցը, որի լուծումը կախված է այն դիրքորոշումից, որը կունենա Իտալիան: Եթե Իտալիան մնա Գերմանաիայի կողմում, ապա վերջինս կպահանջի, որպեսզի Հարավսլավիան մտնի նրա ազդեցության ոլորտ, չէ՞ որ հենց Հարավսլավիայով նա ելք կունենա դեպի Ադրիատիկ ծով: Բայց եթե Իտալիան Գերմանիայի հետ չընթանա, ապա այդ դեպքում նա Իտալիայի հաշվին դեպի Ադրիատիկ ծով ելք կստանա, և այս դեպքում Հարավսլավիան մեր ազդեցության ոլորտում կհայտնվի: Այս ամենն այն դեպքում, եթե Գերմանիան պատերազմից հաղթող դուրս գա: Բայց մենք պետք է կանխատեսենք Գերմանիայի՝ ինչպես պարտության, այնպես էլ հաղթանակի հետևանքները: Դիտարկենք Գերմանիայի պարտության տարբերակը: Անգլիան ու Ֆրանսիան բավարար ուժ կունենան, որպեսզի օկուպացնեն Բեռլինն ու ոչնչացնեն Գերմանիան, որին մենք դժվար թե կարողանանք արդյունավետ օգնություն ցուցաբերել:

Այդ իսկ պատճառով մեր նպատակն ամփոփվում է նրանում, որ Գերմանիան որքան հնարավոր է երկար ժամանակ կարողանա պատերազմ մղել, որպեսզի հոգնած ու ծայրահեղ ուժասպառված Անգլիան ու Ֆրանսիան ի վիճակի չլինեն ջախջախել Գերմանիային: Այստեղից էլ բխում է մեր դիրքորոշումը. մնալով չեզոք` մենք օգնում ենք Գերմանիային տնտեսապես` ապահովելով նրան հումքով և պարենամթերքով, սակայն, ինքնին հասկանալի է, որ մեր օգնությունը որոշակի սահմաններից այն կողմ չպիտի անցնի, որպեսզի վնաս չհասցվի մեր տնտեսությանը ու չթուլացվի մեր բանակի հզորությունը: Միևնույն ժամանակ մենք պետք է կոմունիստական ակտիվ քարոզչություն վարենք` հատկապես անգլո-ֆրանսիական դաշինքի երկրներում և, առաջին հերթին, Ֆրանսիայում: Մենք պետք պատրաստ լինենք այն բանին, որ այդ երկրում մեր կուսակցությունը ստիպված է լինելու պատերազմի ժամանակ դադարեցնել լեգալ գործունեությունն ու ընդհատակ անցնել: Մենք գիտենք, որ այդպիսի գործունեությունը մեծ միջոցներ է պահանջում, բայց մենք պետք է առանց տատանվելու գնանք այդ զոհողությանը: Եթե այդ նախապատրաստական աշխատանքը խնամքով կատարվի, այդ դեպքում Գերմանիայի անվտանգությունը կապահովվի, ու Գերմանիան կնպաստի Ֆրանսիայի խորհրդայնացմանը:

Այժմ դիտարկենք երկրորդ վարկածը` կապված Գերմանիայի հաղթանակի հետ: Ոմանք կարծում են, թե այդպիսի հնարավորությունը մեզ համար ամենամեծ վտանգը կլիներ: Այս պնդման մեջ ճշմարտության մասնիկ կա, բայց սխալմունք կլիներ ենթադրել, թե այդ վտանգը շատ մոտ է ու մեծ` ինչպես ոմանք են երևակայում: Եթե Գերմանիան հաղթի, նա պատերազմից այն աստիճան ուժասպառված դուրս կգա, որ մոտակա տասը տարում մեր դեմ չի կարող կռվել: Նրա հիմնական մտահոգությունը լինելու է պարտված Անգլիային ու Ֆրանսիային հսկելը, որպեսզի նրանք ոտքի չկանգնեն: Մյուս կողմից, հաղթած Գերմանիան հսկայածավալ գաղութների տեր է դառնալու. դրանց շահագործումը և գերմանական կարգերին դրանց հարմարեցումը նույնպես մի քանի տասնամյակ կպահանջի: Ակնառու է, որ Գերմանիան շատ է զբաղված լինելու ուրիշներով և մեր վրա չի հարձակվելու:

Ընկերներ, ես շարադրեցի ձեզ իմ եզրահանգումները: Կրկնում եմ, որ ձեր շահերից է բխում, որ պատերազմ սանձազերծվի ռեյխի ու անգլո-ֆրանսիական խմբավորման միջև: Մեզ համար շատ կարևոր է, որ այդ պատերազմը հնարավորինս երկար տևի, որպեսզի երկու կողմերն էլ մաշեն իրենց ուժերը: Հենց այս պատճառներով մենք պետք է ընդունենք Գերմանիայի առաջարկած դաշինքը և նպաստենք այն բանին, որ պատերազմը, եթե այն հայտարարվի, հնարավորինս երկար տևի: Միևնույն ժամանակ մենք պետք է ուժեղացնենք տնտեսական աշխատանքը կռվող պետություններում, որպեսզի լավ պատրաստաված լինենք այն պահին, երբ պատերազմը կավարտվի»:


     Երկու օր անց, 1939 թվականի դեկտեմբերի 1-ին, «Պրավդա» թերթը հրապարակում է Ստալինի պատասխանը

«ՀԱՎԱՍ» գործակալության կեղծ հաղորդագրության մասին

«Պրավդա» -յի խմբագրությունը դիմեց ընկ. Ստալինին հետևյալ հարցով. ինչպես է վերաբերվում ընկ. Ստալինը «Հավաս» գործակալության հաղորդմանը` «Քաղբյուրոյի օգոստոսի 19-ի» նիստում «Ստալինի ճառի» մասին, որում իբր այն միտքն է արտահայտվել, թե «պատերազմը հնարավորինս երկար պիտի տևի, որպեսզի կռվող կողմերն ուժասպառվեն»:

Ընկ. Ստալինը հետևյալ պատասխանն ուղարկեց.

« «Հավաս» գործակալության այդ հաղորդագրությունը, ինչպես նաև նրա բազմաթիվ այլ հաղորդագրություններ, անհեթեթություն է: Ես, իհարկե, չեմ կարող իմանալ, թե որ կոֆեշանտանում է թխվել այդ անհեթեթությունը: Բայց ինչքան էլ ստեն «Հավաս» գործակալության պարոնները, նրանք չեն կարող հերքել այն, որ.

ա. ոչ թե Գերմանիան է հարձակվել Ֆրանսիայի ու Անգլիայի վրա, այլ Ֆրանսիան ու Անգլիան են հարձակվել Գերմանիայի վրա` իրենց վրա վերցնելով ներկա պատերազմի պատասխանատվությունը,

բ.ռազմական գործողություններ սկսելուց հետո Գերմանիան դիմեց Ֆրանսիային ու Անգլիային` խաղաղության առաջարկներով, իսկ Խորհրդային Միությունը բացահայտորեն պաշտպանեց Գերմանիայի խաղաղ առաջարկները, քանի որ ԽՍՀՄ-ը համարել է ու շարունակում է համարել, որ պատերազմի շուտափույտ ավարտելն արմատականորեն թեթևացնելու էր բոլոր երկրների ու ժողովուրդների դրությունը,

գ. Անգլիայի ու Ֆրանսիայի կառավարող շրջանները կոպտորեն մերժեցին ինչպես Գերմանիայի խաղաղասիրական առաջարկները, այնպես էլ Խորհրդային Միության փորձերը հասնելու պատերազմի շուտափույտ ավարտման:

Այսպիսին են փաստերը:

Այս փաստերին ի՞նչ կարող են հակադրել «Հավաս» գործակալության կոֆեշանտանայի քաղաքական գործիչները»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4350 | 0 | 0
Facebook