Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

ՍԵՐՆ Է ՏԱՐԵՄՈՒՏԻՆ ԹԱԿՈՒՄ ԴՈՒՌԸ /պատմվածք/

Aram Hovhannisyan
Հեղինակ`
Aram Hovhannisyan
08:12, հինգշաբթի, 27 դեկտեմբերի, 2018 թ.
ՍԵՐՆ Է ՏԱՐԵՄՈՒՏԻՆ ԹԱԿՈՒՄ ԴՈՒՌԸ /պատմվածք/

Երկրորդ թակոցի վրա Հայկը բացեց դուռը:

- Կներեք, ուշ ժամի անհանգստացնում եմ, - հարթակին կանգնածը կլիներ քսան տարեկան` ոչ ավելի: Ձեռքին թափանցիկ տոպրակ էր, մեջը` շշով ձեթ: -Ձեր հարևանուհին եմ:

- Ողջույն, -հիացքը մի կերպ թաքցրած` չհնչած բարևին արձագանքեց տղան, հետո սթափվելով` լրեց: - Համեցեք:

- Ոչ, ոչ, - ընդդիմացավ օրիորդը:

- Բա՞ն է պատահել:

- Տատիկս դուռը չի բացում:

- Ջղայնացրե՞լ եք:

- Նոր տարուց առաջ ո՞վ է ում նեղացնում:

- Ձերը ո՞րն է, - հասկանալով, որ դիմացինը տուն մտնելու հրավերքը մերժում է, Հայկը ելավ հարթակ:

- Սա, - ձեռքը մեկնելով զանգի սեղմակին` աղջիկը երկար բաց չէր թողնում: -Չեմ հասկանում:

- Բանալի չեք վերցրել, - խելամիտ լուծումի համար տղան անհարկի հարցերով ժամանակ էր շահում:

- Իջա խանութ բան առնելու, ո՞ւմ մտքով կանցներ:

- Հնարավոր է` քնած լինի, - Հայկն ուժգին բախեց:

- Իմ դուրս գալու պահին հաղորդում էր նայում:

- Գուցե բա՞րձր է միացրել. շա՞տ է տարիքով:

- Յոթանասուն, բայց լսողությունը տեղն է:

- Կներեք, նոր մարդ եմ, դեռ ոչ մեկին չեմ ճանաչում, - արդարացավ:

- Գիտեր, որ տակի մթերայինն եմ մտնում: Գնալ-գալը որքա՞ն կտևի, հի՞նգ, թող լինի տասը րոպե:

- Կարող է մերը բացի՞, - նա միջանցքում կախած վերարկուի գրպանում գտավ բանալին:

- Միայն վերևինն է փակ:

- Տեսնենք կմտնի՞, - տղան փորձեց բանալին: - Չի լինում:

- Անգլիական կողպեք է` ինքն իրեն փակվող: Եթե դանակ լիներ...

- Ավելի բարակ, նուրբ բան է պետք: Պատշգամբում մանրատամ սղոց եմ տեսել: Եկեք ներս, գտնեմ:

- Կսպասեմ, ոչինչ:

- Ցուրտ է, ինչո՞ւ մնաք դրսում:

Օրիորդը երկմտանքի մեջ էր:

- Առանց վարանելու. հարևաններ չե՞նք, - նա տեղ տվեց, որպեսզի աղջիկն անցնի: - Քննությունների եմ պատրաստվում, - կարդալով հյուրի հայացքը` ամանորից առաջ հայի օջախին ոչ բնորոշ խաղաղության, սեղանին կիտած գրքերի, տետրերի համար որպես բացատրություն, ասաց, - հունվարի երեքին առաջինն է:

- Իմն ութին է:

- Մի աշխարհ ժամանակ ունեք: Որտե՞ղ եք սովորում, - ընթացքում Հայկը խառնշտում էր պատշգամբի դարակները:

- Աշխարհագրականում:

- Գտա, - տղան վերադարձավ` ձեռքին սղոցի մի կես: - Կոտրված է, սակայն կարևորը` տեղ անի:

Վերադարձան հարթակ:

- Իզուր էլ ման էի գալիս. շրջանակը չի թողնում: Երկաթից չլիներ, կտաշեինք, լեզվակի հատվածը կարելի էր սղոցել: Ուրիշ բան մտածենք: Կրակին ճաշ չե՞ք թողել, հրդեհի, վառվելու վտանգ չկա՞:

- Չէ: Տատի, տատի...- աղջիկը սրտմտած` մատը դարձյալ հպեց կոճակին, - ի՞նչ եղար:

- Ճնշումից, սրտից չէ՞ր բողոքում:

- Վատ բա՞ն մտածեցիք: Ժիր է, թողնես` մի րոպե չի նստի:

- Ձեթի համա՞ր էիք խանութ իջել, - Հայկը թեման փոխեց: - Տվեք մի տեղ դնեմ, մինչև բացենք, - և տոպրակը հենեց զարդահայելուն:

- Ուզում էի ավելուկի վրա լցնել, տեսա` պրծել է: -Ժամը քանի՞սն է, - աղջիկը փոքր ինչ խուճապի մեջ էր: - Իմ պատճառով դուռը բաց եք պահել, կցրտի, գոնե ծածկեք:

- Որ ասեմ` ժամացույց չունե՞մ: Այսինքն` ունեմ, բայց չի աշխատում: Արհեստանոց պիտի տարվի, մոռանում եմ: Ինձ թվում է` տասը:

- Տասնմեկն էր, երբ դուրս եկա. Նոր տարուն մի ժամ էր մնացել: - Հեռուստացույցը կմիացնե՞ք:

- Դեկոր է, - նեղվեց Հայկը, - հետս տնից տուն եմ տեղափոխում: Դեմի հարևանին հարցնենք:

- Ռուսաստանում են` արդեն քանի՜ տարի...

- Զանգե՞նք արտակարգ իրավիճակների ծառայություն:

- Նման տե՞ղ էլ կա: Կկարողանա՞ն:

- Հեչ որ չէ` պարանով կկախվեն:

- Երկու հա՞րկ:

- Եթե շատ է բարձր, հեշտը պիտի վերևից իջնելը լինի:

- Համարը գիտե՞ք:

- Կգտնենք:

Ծանոթներին հեռաձայնելը ժամանակ խլեց: Մի քանիսը հետաքրքրվեցին` հո բան չի՞ եղել: Տեսնելով` աղջիկը քողարկում է ճշմարտությունը, Հայկը ևս խուսափողական պատասխաններ էր տալիս: Ի վերջո ոստիկանության հերթապահ աշխատակցուհին խորհուրդ տվեց դիմել հրշեջներին, վերջիններս իրենց հերթին ինչ-որ համար տվեցին, որը շարունակ զբաղված էր: Տարաբնույթ զանգերի արդյունքում մեկմեկու անուն իմացան:

- Շաղիկ... Քնքուշ անուն է, մտքովս չէր անցել:

- Անձնագրով Շողիկ է` մորական տատիս անունը: Կուրսում են Շաղիկ ասում: Արդեն տանն էլ են սովորել:

- Քանի՞ տատիկ ունեք. շատ չեղա՞ն:

- Ընդամենը երկուսը: Մեկը Թիֆլիսում է, մյուսը փակվել, չի բացում: Չզանգե՞մ...

- Ո՞ւր` Վրաստա՞ն...

- Մերոնք գնացել են Դուբայ` ապրանք բերելու: Ամսի երկուսին նոր կգան: Հյուրանոցի համարն ունեմ:

- Իզուր չանհանգստացնենք, - տղան մտմտուքի մեջ էր: - Իսկ եթե ես մտնե՞մ: Մեր թևի վրա պատշգամբ ունե՞ք:

- Ննջարանի կողմի՞ց` իհարկե:

- Ապակեպա՞տ է:

- Ոչ, բայց դուռը փակ ենք պահում:

- Ապակին կհանեմ, - Հայկը վճռական անցավ պատշգամբ, սկսեց հինումին իրերը դեսուդեն տանել. մոտենալու համար տարածք էր ազատում:

- Ավելի լավ է դրսի դուռը ջարդենք:

- Կես մետրի չափ տարածություն է, զգույշ կանցնեմ:

- Հանկարծ ու ընկնեք, չեմ ուզում, - աղջիկը գլուխը կորցրածի պես էր:

- Մի անհանգստացեք, - Հայկը ելավ բազրիքին:

- Ցած չնայեք:

- Հասա, - ոտքի հենարան ընտրելով լվացքապարանի անկյունակը` տղան անհետացավ տեսադաշտից:

- Ի՞նչ եղաք, - Շաղիկը դրմփյունից տագնապեց: - Ետ եկեք:

- Արդեն ձեր կողմն եմ:

- Դուռը փակ է, չէ՞:

- Ցավոք` այո:

- Իսկ պատուհա՞նը: Հնարավոր է փեղկն ամուր սեղմած չլինենք, փորձեք հրել:

- Լավ էլ պինդ է: Ոչինչ, հետս դանակ եմ վերցրել, ապակին պահող փայտերը կթուլացնեմ, դուրս կգա:

- Ներսի դուռը տաք լինելու համար բաց ենք պահում: Տատիկս չի՞ երևում:

- Միջանցքում լույս վառվում է, սակայն շարժում չկա: Ինչ-որ ձայն եմ լսում:

- Երևի հեռուստացույցն է:

- Մեխերը քաշելու համար մոռացա գործիք վերցնել: Աջի վրա` պահարանում պիտի լինի... Երրորդ դարակում են:

Շաղիկը գտավ աքցանը:

- Կհասնի՞, - նա, որքան հնարավոր է, երկարեց ձեռքը:

Հայկն իր հերթին ձգվեց` վերցնելու պարզած գործիքը: Այդ պահին օդը լցվեց տրաք-տրաքոցով, հրթիռներ ճայթեցին երկնքում: Անակնկալից աղջիկը բաց թողեց աքցանը: Այն տասներորդ հարկից գրեթե անլսելի ընկավ, հավանաբար խրվեց ձյուների մեջ:

- Հիմա կբերեմ:

- Գլուխ կհանեմ, մի գնացեք:

Անմիջապես տակի հարկից լսելի էր տարեմուտի զանգերի ղողանջը:

- Նոր տարին եկավ, այսպես ո՞նց կլինի, - աղջկա ձայնում վհատություն կար:

- Հիշելու բան կունենանք, ամենևին վատ մի զգացեք: Երազանք պահեք, կկատարվի, - տղան ապակին զգուշորեն հենեց պատին: - Ներսի կողմինը կոտրելու եմ, այլ կերպ անհնար է:

- Ձեզ չվնասեք:

- Տատի անունն ի՞նչ է:

- Ազգանուշ, Ազգուշ ենք ասում:

- Ձայն տամ` չվախենա հանկարծ, կարծի` գող եմ: Շաղիկ, դռռոց եմ լսում: Ինչ-որ բան է աշխատում: Հեռուստացույցից բացի ի՞նչ կա միացած:

- Սառնարանը:

- Չէ, ուրիշ ձայն է: Կտրվեց: Շաղ...- տղան հուզված էր, - միջանցքի լույսը մարեց: Տատդ ողջ-առողջ է:

- Երանի ճիշտ լիներ, - աղջիկն ուժավորվեց:

- Այդպես էլ կա` շարժում եմ զգում: Վարագույրը, ափսոս, խանգարում է: Նա է... Երևի քնով էր ընկել, զարթնեց: Իմ մտնելն արդեն իմաստ չունի: Մինչև զանգը տաք, ես մեր կողմը կանցնեմ:

- Նման բան չանեք:

- Անհարմար չէ՞ տեսնի պատշգամբում:

- Խոստացիր, որ կմնաս, - առաջինը մտերմական դու-ի անցավ օրիորդը:

- Լավ, - Հայկը ենթարկվեց, - ընթացքում փորձեմ ապակին տեղը դնել:

- Խնդրում եմ` ոչնչի ձեռք մի տուր, - հետո, տպավորությունը մեղմելու համար, կեսլուրջ-կեսկատակ գումարեց: - Հարց է` կբացի՞:

- Գոնե քաղաքով հիանալ կարելի՞ է:

- Անվնաս զբաղմունք է, թույլ եմ տալիս, - առաջարկած դերից չխուսափեց Շաղիկը: - Առայժմ...

Մեկտակ ապակին ներսի աղմուկն իսպառ խլացնել անկարող էր, և պատշգամբում կալանված Հայկին լսելի էին թե զանգի ձայնը, թե փականքի շխկոցը և թե խոսքի պատառիկները, որոնք տատի ու թոռնուհու ննջարան մտնելուն պես հստակվեցին:

- Հետաքրքիր ես` ինչո՞ւ վերցնեի, - վիճելով` Շաղիկը հասավ պատշգամբ հանող դռանը, սակայն աճապարելուց չէր կարողանում բացել: - Սրան ի՞նչ եղավ: Տատ, լույսը վառիր:

Սենյակը լուսավորվեց, վարագույրի թիկունքում ուրվագծվեցին մարմինները:

- Ինչի՞դ է պետք, բացում ես:

- Մարդը դրսում է, ներս չգա՞:

- Մեղա քեզ...

- Հայկ, հիմա էլ սա չի բացվում, - նա սկսեց տենդագին պոկոտել կպչաժապավենը, որ հայրն էր գնալուց օրեր առաջ ամրացրել:

- Ու՞մ հետ ես խոսում, Շաղո:

- Մեր հարևանի:

- Էս աղջիկն ինձ չարոց կգցի: Ի՞նչ ես անում, թող, - նա թափով քաշեց դուռը: - Ահան...

- Բարև ձեզ, - Հայկը կտրվեց բազրիքից:

Կինը շվար` օտարականին հառեց հայացքը:

- Ձեր նոր հարևանն եմ, վատ բան մի մտածեք:

- Ի՞նչ գործ ունես Սիրակիս տանը, - նա ուշքի էր գալիս:

- Ես եմ խնդրել: Զանգը տալիս-տալիս էի, չէիր լսում, ուրիշ ի՞նչ անեինք: Մի կերպ անցել էր, որ բացի:

- Ձեռքինդ... ինչո՞ւ ես պահել, - խոժոռ հայացքը վկայում էր, որ լիովին չի վստահում թոռանն ու անծանոթին:

Հայկը շփոթահար` դանակը թաքցրեց թիկունքում:

- Լուսամուտի ապակին հանելու համար էի վերցրել: Եթե մուրճ տայիք...

- Նոր տարի է, այլևս ոչ մի գործ: Ներս արի, Հայկ:

- Բա որ փորձանքի գար. մեղքի տակ կմտնեինք:

- Դու քեզնից խոսիր, ի՞նչ ես վառել: Ծխահոտ առա:

- Բլինչիկը...- տատը, որ փոքրամարմին էր, առաջկտրուկ դիմեց խոհանոց:

- Ասե՞լ էի` տոլմայից բացի ոչնչի ձեռք չտաս, - կշտամբեց թոռնուհին, իսկ անորոշության մեջ մի ոտքից մյուսը տեղափոխվող տղային ժպտաց: - Գնա ձեր դուռը փակիր ու եկ:

- Հարկ կա՞:

- Նոր տարի է, միասին կանցկացնենք:

- Բա որ դե՞մ լինի:

- Քանի մերոնք չեն եկել, իշխանությունն իմ ձեռքում է: Տատի, - կանչեց, - համաձա՞յն ես Հայկը մնա:

- Հյուրն Աստծունն է, ես ո՞վ եմ: Տաք ջուր չի մնացել, բայց սառը խշխշալեն գալիս է, թող գա լվացվի, - նկատելի դժկամ հնչեց հրավերքը:

- Մտել էիր բաղնիք, չէ՞: Ես էլ ասում եմ` ինչո՞ւ չի բացում:

- Չլողանայի՞, - դիմադարձեց տատը:

- Դուք ձեր հաշիվները պարզեք, մինչև գամ:

Միջանցքով անցնելիս Հայկը նկատեց լուսառատ հյուրասենյակի շողշողուն տոնածառը: Երկարուկ սեղանին ծոպավոր ճերմակ սփռոց կար փռած, վրան` ութ, թե տասը տեղ ափսե-պատառաքաղ, ըմպանակներ, անձեռոցիկ: Ուտեստն աղջիկը, հավանաբար, հետո պիտի շարեր, եթե դրսում չմնար:

- Սպասում ենք, չուշանաս, - Շաղիկը մինչև դուռն ուղեկցեց:

- Ամենակարևորը չմոռանամ, - Հայկն ուղղվեց դեպի վերելակը:

- Ո՞ւր:

- Ուրիշի գործիք է, չտանեն: Դու մտիր, թե չէ նորից կփակի, - կատակեց:

- Թող փորձի...

Աքցանը հեշտ գտավ. ոտնատակից հեռու ձյան մեջ գլխիվայր խրված էր:

Խանութի մոտ հիշեց, որ խմելիք չունի: Վաճառողը, տետրին հակված, խորասուզվել էր թվերի մեջ:

- Շնորհավոր նոր տարի:

- Քոնն էլ, ախպերս, - նա պատրաստակամ` կտրվեց մատյանից: - Առաջին մտնողն ես, ինչո՞վ հյուրասիրեմ: Աշխատողներին ուղարկեցի տուն, ասի` թող Նոր տարի անեն: Ես եմ մնացել:

- Շտապում եմ: Խմիչք է պետք. կոնյակ, թե՞ շամպայն, ո՞րը խորհուրդ կտաք:

- Նայած ուր ես տանում:

- Ինքս էլ լավ չգիտեմ:

- Եթե ինձ մնա` կոնյակ. տպավորությունն ուրիշ է:

- Կոնյակ տուր` ոչ շատ թանկանոց և բանան` մի կապուկ:

- Իր գնով եմ հաշվելու, - խանութպանը Հայկի պարզած թղթադրամը քսմսեց մոտերքում եղող ապրանքներին: - Խերով տարի լինի: Կարգին տոպրակի մեջ կդնեմ: Հարյուր դրամ արժե, բայց անվճար եմ տալիս. ասի` առաջին հաճախորդն ես:

- Մակարդակ...

- Բա ո՜նց... Թող եվրոպացիք ու ամերիկացիք մեզնից սովորեն: Հայաստանից լավ տեղ, ճիշտ եմ ասում, չկա:

- Ուշանում եմ, բարի գիշեր:

- Գնա, ցավդ տանեմ... Գիշեր-ցերեկ խանութս բաց է: Եթե ես էլ չլինեմ, մտի, ասա` Սաքոյի ընկերն եմ:

Վերելակն ազատ էր: Կոստյում կհագնեմ, ճերմակ վերնաշապիկ` փողկապով, - սափրվելիս վճռեց, - և սև կոշիկներ: Դուռը կողպելիս մտաբերեց, որ ձեթը չի վերցրել: Մինչ վերստին կբացեր, Շաղիկն անաղմուկ ելավ հարթակ.

- Մենք պատրաստ ենք:

- Ես` նույնպես, - տղան տոպրակները տվեց աղջկան:

- Ձեթը տեսա, իսկ սա՞:

- Խմելու բան է, ուրիշ նվերի ժամանակ չկար:

- Կարող էիր և առանց դրա: Զգացված եմ, - նա ևս զուգվել էր:

Հայկը չկարողացավ զսպել հիացքը.

- Գեղեցկուհիների մրցույթի՞ ես պատրաստվում:

- Եթե ժյուրիի անդամ դառնաս, գուցե:

- Եզրափակիչում հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Շաղիկ...- նա աչքը գցեց ցուցանակին և ասմունքողի առոգանությամբ շարունակեց, - Ավետիսյանը:

- Թատերականո՞ւմ ես սովորում:

- Ոտք դրած չկամ:

- Իսկ ես խմբակի անդամ եղել եմ: Չե՞ս հավատում, - աղջիկն աշխույժով մաքրեց կոկորդը: - Լսիր` հաղթահանդեսի ճաշկերույթը կկայանա մեր տանը: Պատիվ արեք...- և թեթևակի խոնարհվեց:

Հայկը ծափեց.

- Վատ չէր, - կասեի մինչևիսկ` փայլուն:

Հայկական սեղան էր` ուտելիքով ծանրաբեռ:

- Նստեք, տոլման սառեց: Խմիչք ո՞վ է լցնելու, - տատն իրար էր խառնվել. Հայկի վայելուչ հագուկապը բարերար էր ազդել, թողած տպավորությունն ակնհայտ այլ էր:

- Իհարկե` ես, - տղան օղի բացեց:

- Ինձ` գինի:

- Ես լիկյոր կխմեմ: Իմ սարքածն է` կանաչ պոպոքի կեղևով...

- Տատ, բաժակաճառդ սկսիր, եղավ ժամը մեկը:

- Աշխարհին` խաղաղություն, գործերին` հաջողություն, ով օտարության մեջ է, իր տունուտեղին դառնա, ջահելների ոտը քարին չառնի...

- Բոլոր կենացները մեկից ասիր, հետո ի՞նչ ենք խմելու, - կանխեց թոռը:

- Չկա կենա՞ց... Փառքդ շատ, Աստված, դու հասնես անճարներին, անօթևաններին...- նա թեթևակի կում արեց: - Հիմա ձեզ տեսնեմ:

Զրնգացին գավաթները:

- Հաղթության տարի լինի: Հաջորդը` իսկական բեմահարթակում, ոչ թե տասներորդ հարկի:

- Առաջինն ամենաանմոռացն է, - երկիմաստ նկատեց օրիորդը:

- Մեր իղձերի կենացը...

- Թաքնագրերով եք խոսում:

- Ձեր գեղանի թոռնուհու ապագան եմ կանխագուշակում:

- Գաղտո՞ւկ, - ապա խոսքը շրջեց: - Անուշ արեք, Շաղիկ, հյուրասիրիր:

- Ես սկզբում տիկին Ազգուշի պասուց տոլման կհամտեսեմ:

- Վե՛րջ, դարձար աչքի լույսը, Հայկ:

- Տեսնեմ ինչքան կուտի, նոր...

- Հաշվելո՞ւ ես պատառները:

- Շաղիկ, քեզ նման չես:

- Նոր տարով դուռը վրաս էիր փակել, լռե՞մ: Ի՞նչ էի անելու, եթե ինքը չլիներ: Սիրտս կանգնում էր, գիտե՞ս ինչեր անցան մտքովս: Մերոնք գան, պատմելու եմ:

- Եթե մնամ: Ես էլ տուն ունեմ, հարևանություն, եկող-գնացող կա:

Թոռնուհին սեղանը շրջանցելով` փարվեց տատին.

- Մինչև տաքերը չընկնեն, քեզ թողնող չկա: Հայկ, արի Ազգուշ տատիս կենացը խմենք: Նա իրականում մեղք չունի: Կարծել է` մոտս բանալի կա: Սպասում էր ջրի տաքանալուն. Նոր տարուց առաջ պարտադիր պիտի լողանա:

- Մտքումս նեղացել էի: Ասում եմ` փոխանակ գա, մեջքս տրորի, էլի ո՞ւմ տուն մտավ:

- Քեզ առողջություն, երկար-երկար կյանք:

- Ձեր թոռներին մեծացնեք, ծոռներին բանակ ճամփեք, - երկրորդեց Հայկը:

- Շատ եղավ. թոռներիս համաձայն եմ: Աստված Շաղիկիս պսակին արժանի անի... Հայկի հետ:

- Տատ, ինչե՞ր ես խոսում, - աղջկա դեմքը վայրկենաբար բոսորեց:

- Սխալ չեմ. ասես իրար համար ծնված լինեք:

Հեռախոսազանգը փրկեց դրությունը:

- Դուբայից հայրիկենք են, - Շաղիկը վազեց դեպի հեռախոսը, որ միջանցքում էր:

- Դու կեր, թող ինքը խոսի: Մսով տոլմա լից: Սպասիր` իմ ձեռով...

- Հերիք է, չեմ կարողանա:

- Տղամարդը պիտի ուտի: Սիրակս ու Կարինես, ափսոս, ուշացան: Ճանաչում ես, չէ՞: Երկուսն էլ բարձրագույն կրթություն ունեն, գիտահետազոտական ինստիտուտում էին աշխատում, պաշտոն ունեին... Հիմա առևտրով են տուն պահում: Հո ուրիշի ձեռքի չէի՞ն նայելու: Շաղիկը հորն է քաշել` առավ ու առավ: Թող առատ լինի, - ասում է: Հարսս` Կարինեն էլ գովելի է: Ինձ նեղում են` տունդ ծախի, արի մեզ հետ կապրես, - ամեն գնալ-գալիս խոսք կբացեն: Էս երկու շաբաթն էլ Շաղիկի համար եմ այստեղ: Մնացել էր մենակ: Ախպերը, հո, գիտես, բանակում է...

- Տատ, հեռախոսի մոտ. հայրիկն ուզում է տարիդ շնորհավորել:

Հայկն անհարմար էր զգում, որ ակամա ականատեսն է նրանց ներընտանեկան կյանքի:

- Ի՞նքն է լցրել, - Շաղիկը տեսավ լի պնակը: - Եթե լրիվ չուտես, ձեռքից չես պրծնի:

- Բարի կին է:

- Բա որ Շողիկ մամի՞ս տեսնես` տեղով հումոր: Թիֆլիսահայերի բարբառով հո չի պատմում...

Տատը վերադարձավ` աչքերում արտասուք:

- Ազգանուշ, հուզվեցի՞ր:

- Մա՞րդ էլ էս անուշ օրով իր օջախում չլինի: Նարեկիս հիշեցինք, մեռնեմ թոռանս արևին` բանակային է:

- Տատ, կենացդ մնաց: Շողիկ մամին էլ միացնե՞նք:

- Խնամուս ականջը կանչի, ուր որ է կզանգի: Թե՞ գիտի, որ Կարինեն քաղաքում չէ: Ձեր տանը մեծ կա՞, Հայկ:

- Մերոնք գյուղում են` Ապարանից եմ:

- Ապարանցիք լավ ժողովուրդ են: Պարզամտությունը, որ կպցրել են, հորինովի է: Մարդու շիտակությո՞ւնն էլ երեսով տան, ծիծաղի նյութ շինեն: Մուշից գաղթածներ են, չէ՞: Իսկական հայերը մշեցիք են: Չես վերջացրել, տղաս: Գլուխ ես պահում, - նա գոհունակ` անցավ խոհանոց: - Բլինչիկը բերում եմ:

- Փոխե՞մ ափսեդ, քանի չի եկել, - խաղացկուն ժպիտ կար Շաղիկի երեսին:

- Պայմանով, որ ուրիշ բան չդնես:

- Ինչո՞ւ:

- Ավելուկի աղցան անգամ չկա, ի՞նչ ուտեմ:

- Սոխեռած չեմ արել, մնա վաղը:

- Էգուց էլ եմ գալո՞ւ:

- Ինչպես կամենաս, - խոսքը բերանում` քիթը կախեց օրիորդը: - Հանկարծ խցից դուրս չգաս, ճգնավոր, - հեգնեց:

- Մոռացել էի` ապակին, հո, այդպես չի՞ մնա:

Նույնքան արագ տրտմությանը փոխարինեց խինդը, անցավ սեռին հատուկ հտպտանքի.

- Կարևորն ապակի՞ն է, թե՞ երազանքը` զանգերի ներքո...

Պատասխանը չհնչեց, միջոց չեղավ. տատը վերադարձել էր` պնակում բերնեբերան մսաբլիթ:

- Շաղիկիս պատրաստածն է:

- Այնպիսի բան ասիք, կարո՞ղ եմ հրաժարվել: Տիկին Ազգուշ, կներեք, հա ուզում եմ հարցնել` ձեր պատշգամբում եղած ժամանակ ականջիս դռռոց էր հասնում, ի՞նչ ձայն էր:

- Հայկ, հետաքրքիր տղա ես: Ֆենը, բա, ծննդյանս օրն ինչո՞ւ նվեր բերեց, որ մենա՞կ օգտագործեմ, - հետո արդեն` իբր լուրջ: - Փոխանակ անհանգստանա` թոռն ուր մնաց... Կգան, չէ՞:

- Ես ևս բան ունեմ պատմելու:

- Չասողի՞, ի՞նչ...

- Հեչ, կասեմ` ձեր ցանցառը գնացել էր հարևանի տուն սուրճ խմելու:

- Ո՞ր մեկի:

- Ում եմ ճանաչո՞մ, - տատն աչքով արեց տղային:

- Չեն հավատա: Նրանք մինչևիսկ չգիտեն, որ Սիրուշենք տունը վարձով են տվել:

- Կենվոր ե՞ս, - Ազգուշ տատը տատամսեց:

- Հիասթափվեցի՞ր, տատի:

- Ամիսն ինչքա՞ն ես տալիս:

- Հիսուն հազար:

- Մի տուր, - նա կտրուկ էր տրամադրված: - Շաղիկ, թող մեր տանը կենա: Երեք սենյակ է, ի՞նչ եմ անում:

- Տա՞տ...

- Հրես Սիրակս գա... Մեկ է` բնակարանը, երբվանի՞ց եմ ասել, քոնն է:

- Տատ, լիկյորն ազդեց, թե՞ իմ դրսում եղած ժամանակ մենակ էլ ես խմել: Վարձը որքա՞ն է լինելու:

- Ի՞նչ վարձ: Վերջ-առաջ ձեզ չի՞ մնալու, չպիտի՞ կարգվեք:

- Արդեն որոշեցի՞ր:

- Քանի՞ շապիկ փոխած կլինեմ. չե՞մ տեսնում:

- Հայկ, սուրճ դնե՞մ, - Շաղիկը ճողոպրեց խոհանոց:

- Ամաչում է, - տղային դարձավ տատը: - Ինձ թեյ կդնես, Շաղոս: Սիրակիցս բացի ո՞վ ունեմ: Նարեկն իրենց հետ կապրի, դուստրն էլ թող Սեդրակիս ունեցվածքին տեր դառնա: Աստված ինչքան կյանք տվեց, ձեզ հետ կանցկացնեմ: Ախպեր, քույր ունե՞ս:

- Երկու եղբայր, մի քույր ենք: Ծնողներս դպրոցում են, հայրս տնօրենն է:

- Աստված շատ չհամարի: Ես նույնպես ուսուցիչ եմ եղել` քառասուն տարի: Իսկ դու զբաղմո՞ւնք...- պատշաճության սահմանները խախտելով և, տարեցներին հատուկ, ծավալվեց Ազգանուշը:

- Բակալավրի ավարտական քննությունների եմ պատրաստվում, բայց հետո պիտի մագիստրատուրա ընդունվեմ:

- Գլուխ չեմ հանում հիմիկվա անուններից: Ասպիրանտուրայի մասի՞ն է խոսքը:

- Դրա հերթն էլ կգա:

- Շաղիկս համալսարանի երկրորդ կուրսում է` տնից երկու կանգառ է հեռու: Դու ո՞ր բուհում ես:

- Կից մասնաշենքեր են` պատմության ֆակուլտետում:

- Իրար հետ կգնաք-կգաք, աչքդ վրան կլինի...

- Հաստատ ինձնից եք բամբասում, - օրիորդը վերագտել էր իրեն: - Տատ, մեխակ էլ եմ գցել:

- Շատ ապրես, քաղցրավենիքը չմոռանաս:

- Չեմ ուտի, եթե անգամ քո պատրաստածն է: Խնդրում եմ, մի բեր:

- Բերանի մեջ հալվում է:

- Եթե չի ուզում, մի զոռիր:

- Քեզնից եմ սովորել, - ապա խոսքը փոխեց: - Մեր կուրսում տղա կա, մի տորթ դնես, կուտի` տկռոշին հագենալ չկա:

- Պապդ անուշեղեն` չէ, բայց մսակեր էր: Ճաշի մեջ միս չլիներ, կխռովեր, բերան չէր տա:

- Հեռուստացույց ինչո՞ւ չենք միացնում, - Շաղիկը գտավ ալիքների փոխարկիչը:

Հանրապետության գլխավոր հրապարակում շքահանդես էր` ծով երիտասարդություն:

- Ուղիղ եթեր է:

- Տատ, թույլ կտա՞ս...

- Ժամը քանի՞սն է, քուններդ չի՞ տանում:

- Ընդամենը երկուսը:

- Տաք հագնվեք: Շաղիկ, գլխարկ կդնես` ականջավորը: Որդի, դու էլ...

- Ձյուն է գալիս, ինչ լա՜վ է... Հայկ, դու ձմեռ սիրո՞ւմ ես, - աղջիկը տարերքի մեջ` ցնծում էր:

- Շա՜տ: Մեր կողմերում գիտե՞ս ինչքան է դնում. համատարած դառնում է ճերմակ:

- Կեսրարս ասում էր` փաթիլն Աստծո թարթիչն է: Մոկսից էին: Հազար ողորմի..- հետո վերադարձավ իրականություն: - Երանի ձեզ, գնացեք: Թոռնիկս, բանալին չմոռանաս:

- Գործ մի արա: Կգամ` կհավաքեմ:

- Փչացող ուտելիքը սառնարանը դնեմ: Պատշգամբը, լավ է, բացեցիք. որը չտեղավորվեց, դուրսը կթողնեմ: Լավ կծածկեմ, չսառչի հանկարծ, - նա արդեն ինքն իր հետ էր խոսում:

- Տիկին Ազգուշ, զգույշ կլինեք, այնտեղ ապակի կա: Առավոտյան տեղը կգցեմ:


    

«OPEL-ի աղջիկը» շարքից։

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2752 | 0 | 0
Facebook
COMMENT.am