ՍԵՐՆ Է ՏԱՐԵՄՈՒՏԻՆ ԹԱԿՈՒՄ ԴՈՒՌԸ /պատմվածք/
Երկրորդ թակոցի վրա Հայկը բացեց դուռը: - Կներեք, ուշ ժամի անհանգստացնում եմ, - հարթակին կանգնածը կլիներ քսան տարեկան` ոչ ավելի: Ձեռքին թափանցիկ տոպրակ էր, մեջը` շշով ձեթ: -Ձեր հարևանուհին եմ: - Ողջույն, -հիացքը մի կերպ թաքցրած` չհնչած բարևին արձագանքեց տղան, հետո սթափվելով` լրեց: - Համեցեք: - Ոչ, ոչ, - ընդդիմացավ օրիորդը: - Բա՞ն է պատահել: - Տատիկս դուռը չի բացում: - Ջղայնացրե՞լ եք: - Նոր տարուց առաջ ո՞վ է ում նեղացնում: - Ձերը ո՞րն է, - հասկանալով, որ դիմացինը տուն մտնելու հրավերքը մերժում է, Հայկը ելավ հարթակ: - Սա, - ձեռքը մեկնելով զանգի սեղմակին` աղջիկը երկար բաց չէր թողնում: -Չեմ հասկանում: - Բանալի չեք վերցրել, - խելամիտ լուծումի համար տղան անհարկի հարցերով ժամանակ էր շահում: - Իջա խանութ բան առնելու, ո՞ւմ մտքով կանցներ: - Հնարավոր է` քնած լինի, - Հայկն ուժգին բախեց: - Իմ դուրս գալու պահին հաղորդում էր նայում: - Գուցե բա՞րձր է միացրել. շա՞տ է տարիքով: - Յոթանասուն, բայց լսողությունը տեղն է: - Կներեք, նոր մարդ եմ, դեռ ոչ մեկին չեմ ճանաչում, - արդարացավ: - Գիտեր, որ տակի մթերայինն եմ մտնում: Գնալ-գալը որքա՞ն կտևի, հի՞նգ, թող լինի տասը րոպե: - Կարող է մերը բացի՞, - նա միջանցքում կախած վերարկուի գրպանում գտավ բանալին: - Միայն վերևինն է փակ: - Տեսնենք կմտնի՞, - տղան փորձեց բանալին: - Չի լինում: - Անգլիական կողպեք է` ինքն իրեն փակվող: Եթե դանակ լիներ... - Ավելի բարակ, նուրբ բան է պետք: Պատշգամբում մանրատամ սղոց եմ տեսել: Եկեք ներս, գտնեմ: - Կսպասեմ, ոչինչ: - Ցուրտ է, ինչո՞ւ մնաք դրսում: Օրիորդը երկմտանքի մեջ էր: - Առանց վարանելու. հարևաններ չե՞նք, - նա տեղ տվեց, որպեսզի աղջիկն անցնի: - Քննությունների եմ պատրաստվում, - կարդալով հյուրի հայացքը` ամանորից առաջ հայի օջախին ոչ բնորոշ խաղաղության, սեղանին կիտած գրքերի, տետրերի համար որպես բացատրություն, ասաց, - հունվարի երեքին առաջինն է: - Իմն ութին է: - Մի աշխարհ ժամանակ ունեք: Որտե՞ղ եք սովորում, - ընթացքում Հայկը խառնշտում էր պատշգամբի դարակները: - Աշխարհագրականում: - Գտա, - տղան վերադարձավ` ձեռքին սղոցի մի կես: - Կոտրված է, սակայն կարևորը` տեղ անի: Վերադարձան հարթակ: - Իզուր էլ ման էի գալիս. շրջանակը չի թողնում: Երկաթից չլիներ, կտաշեինք, լեզվակի հատվածը կարելի էր սղոցել: Ուրիշ բան մտածենք: Կրակին ճաշ չե՞ք թողել, հրդեհի, վառվելու վտանգ չկա՞: - Չէ: Տատի, տատի...- աղջիկը սրտմտած` մատը դարձյալ հպեց կոճակին, - ի՞նչ եղար: - Ճնշումից, սրտից չէ՞ր բողոքում: - Վատ բա՞ն մտածեցիք: Ժիր է, թողնես` մի րոպե չի նստի: - Ձեթի համա՞ր էիք խանութ իջել, - Հայկը թեման փոխեց: - Տվեք մի տեղ դնեմ, մինչև բացենք, - և տոպրակը հենեց զարդահայելուն: - Ուզում էի ավելուկի վրա լցնել, տեսա` պրծել է: -Ժամը քանի՞սն է, - աղջիկը փոքր ինչ խուճապի մեջ էր: - Իմ պատճառով դուռը բաց եք պահել, կցրտի, գոնե ծածկեք: - Որ ասեմ` ժամացույց չունե՞մ: Այսինքն` ունեմ, բայց չի աշխատում: Արհեստանոց պիտի տարվի, մոռանում եմ: Ինձ թվում է` տասը: - Տասնմեկն էր, երբ դուրս եկա. Նոր տարուն մի ժամ էր մնացել: - Հեռուստացույցը կմիացնե՞ք: - Դեկոր է, - նեղվեց Հայկը, - հետս տնից տուն եմ տեղափոխում: Դեմի հարևանին հարցնենք: - Ռուսաստանում են` արդեն քանի՜ տարի... - Զանգե՞նք արտակարգ իրավիճակների ծառայություն: - Նման տե՞ղ էլ կա: Կկարողանա՞ն: - Հեչ որ չէ` պարանով կկախվեն: - Երկու հա՞րկ: - Եթե շատ է բարձր, հեշտը պիտի վերևից իջնելը լինի: - Համարը գիտե՞ք: - Կգտնենք: Ծանոթներին հեռաձայնելը ժամանակ խլեց: Մի քանիսը հետաքրքրվեցին` հո բան չի՞ եղել: Տեսնելով` աղջիկը քողարկում է ճշմարտությունը, Հայկը ևս խուսափողական պատասխաններ էր տալիս: Ի վերջո ոստիկանության հերթապահ աշխատակցուհին խորհուրդ տվեց դիմել հրշեջներին, վերջիններս իրենց հերթին ինչ-որ համար տվեցին, որը շարունակ զբաղված էր: Տարաբնույթ զանգերի արդյունքում մեկմեկու անուն իմացան: - Շաղիկ... Քնքուշ անուն է, մտքովս չէր անցել: - Անձնագրով Շողիկ է` մորական տատիս անունը: Կուրսում են Շաղիկ ասում: Արդեն տանն էլ են սովորել: - Քանի՞ տատիկ ունեք. շատ չեղա՞ն: - Ընդամենը երկուսը: Մեկը Թիֆլիսում է, մյուսը փակվել, չի բացում: Չզանգե՞մ... - Ո՞ւր` Վրաստա՞ն... - Մերոնք գնացել են Դուբայ` ապրանք բերելու: Ամսի երկուսին նոր կգան: Հյուրանոցի համարն ունեմ: - Իզուր չանհանգստացնենք, - տղան մտմտուքի մեջ էր: - Իսկ եթե ես մտնե՞մ: Մեր թևի վրա պատշգամբ ունե՞ք: - Ննջարանի կողմի՞ց` իհարկե: - Ապակեպա՞տ է: - Ոչ, բայց դուռը փակ ենք պահում: - Ապակին կհանեմ, - Հայկը վճռական անցավ պատշգամբ, սկսեց հինումին իրերը դեսուդեն տանել. մոտենալու համար տարածք էր ազատում: - Ավելի լավ է դրսի դուռը ջարդենք: - Կես մետրի չափ տարածություն է, զգույշ կանցնեմ: - Հանկարծ ու ընկնեք, չեմ ուզում, - աղջիկը գլուխը կորցրածի պես էր: - Մի անհանգստացեք, - Հայկը ելավ բազրիքին: - Ցած չնայեք: - Հասա, - ոտքի հենարան ընտրելով լվացքապարանի անկյունակը` տղան անհետացավ տեսադաշտից: - Ի՞նչ եղաք, - Շաղիկը դրմփյունից տագնապեց: - Ետ եկեք: - Արդեն ձեր կողմն եմ: - Դուռը փակ է, չէ՞: - Ցավոք` այո: - Իսկ պատուհա՞նը: Հնարավոր է փեղկն ամուր սեղմած չլինենք, փորձեք հրել: - Լավ էլ պինդ է: Ոչինչ, հետս դանակ եմ վերցրել, ապակին պահող փայտերը կթուլացնեմ, դուրս կգա: - Ներսի դուռը տաք լինելու համար բաց ենք պահում: Տատիկս չի՞ երևում: - Միջանցքում լույս վառվում է, սակայն շարժում չկա: Ինչ-որ ձայն եմ լսում: - Երևի հեռուստացույցն է: - Մեխերը քաշելու համար մոռացա գործիք վերցնել: Աջի վրա` պահարանում պիտի լինի... Երրորդ դարակում են: Շաղիկը գտավ աքցանը: - Կհասնի՞, - նա, որքան հնարավոր է, երկարեց ձեռքը: Հայկն իր հերթին ձգվեց` վերցնելու պարզած գործիքը: Այդ պահին օդը լցվեց տրաք-տրաքոցով, հրթիռներ ճայթեցին երկնքում: Անակնկալից աղջիկը բաց թողեց աքցանը: Այն տասներորդ հարկից գրեթե անլսելի ընկավ, հավանաբար խրվեց ձյուների մեջ: - Հիմա կբերեմ: - Գլուխ կհանեմ, մի գնացեք: Անմիջապես տակի հարկից լսելի էր տարեմուտի զանգերի ղողանջը: - Նոր տարին եկավ, այսպես ո՞նց կլինի, - աղջկա ձայնում վհատություն կար: - Հիշելու բան կունենանք, ամենևին վատ մի զգացեք: Երազանք պահեք, կկատարվի, - տղան ապակին զգուշորեն հենեց պատին: - Ներսի կողմինը կոտրելու եմ, այլ կերպ անհնար է: - Ձեզ չվնասեք: - Տատի անունն ի՞նչ է: - Ազգանուշ, Ազգուշ ենք ասում: - Ձայն տամ` չվախենա հանկարծ, կարծի` գող եմ: Շաղիկ, դռռոց եմ լսում: Ինչ-որ բան է աշխատում: Հեռուստացույցից բացի ի՞նչ կա միացած: - Սառնարանը: - Չէ, ուրիշ ձայն է: Կտրվեց: Շաղ...- տղան հուզված էր, - միջանցքի լույսը մարեց: Տատդ ողջ-առողջ է: - Երանի ճիշտ լիներ, - աղջիկն ուժավորվեց: - Այդպես էլ կա` շարժում եմ զգում: Վարագույրը, ափսոս, խանգարում է: Նա է... Երևի քնով էր ընկել, զարթնեց: Իմ մտնելն արդեն իմաստ չունի: Մինչև զանգը տաք, ես մեր կողմը կանցնեմ: - Նման բան չանեք: - Անհարմար չէ՞ տեսնի պատշգամբում: - Խոստացիր, որ կմնաս, - առաջինը մտերմական դու-ի անցավ օրիորդը: - Լավ, - Հայկը ենթարկվեց, - ընթացքում փորձեմ ապակին տեղը դնել: - Խնդրում եմ` ոչնչի ձեռք մի տուր, - հետո, տպավորությունը մեղմելու համար, կեսլուրջ-կեսկատակ գումարեց: - Հարց է` կբացի՞: - Գոնե քաղաքով հիանալ կարելի՞ է: - Անվնաս զբաղմունք է, թույլ եմ տալիս, - առաջարկած դերից չխուսափեց Շաղիկը: - Առայժմ... Մեկտակ ապակին ներսի աղմուկն իսպառ խլացնել անկարող էր, և պատշգամբում կալանված Հայկին լսելի էին թե զանգի ձայնը, թե փականքի շխկոցը և թե խոսքի պատառիկները, որոնք տատի ու թոռնուհու ննջարան մտնելուն պես հստակվեցին: - Հետաքրքիր ես` ինչո՞ւ վերցնեի, - վիճելով` Շաղիկը հասավ պատշգամբ հանող դռանը, սակայն աճապարելուց չէր կարողանում բացել: - Սրան ի՞նչ եղավ: Տատ, լույսը վառիր: Սենյակը լուսավորվեց, վարագույրի թիկունքում ուրվագծվեցին մարմինները: - Ինչի՞դ է պետք, բացում ես: - Մարդը դրսում է, ներս չգա՞: - Մեղա քեզ... - Հայկ, հիմա էլ սա չի բացվում, - նա սկսեց տենդագին պոկոտել կպչաժապավենը, որ հայրն էր գնալուց օրեր առաջ ամրացրել: - Ու՞մ հետ ես խոսում, Շաղո: - Մեր հարևանի: - Էս աղջիկն ինձ չարոց կգցի: Ի՞նչ ես անում, թող, - նա թափով քաշեց դուռը: - Ահան... - Բարև ձեզ, - Հայկը կտրվեց բազրիքից: Կինը շվար` օտարականին հառեց հայացքը: - Ձեր նոր հարևանն եմ, վատ բան մի մտածեք: - Ի՞նչ գործ ունես Սիրակիս տանը, - նա ուշքի էր գալիս: - Ես եմ խնդրել: Զանգը տալիս-տալիս էի, չէիր լսում, ուրիշ ի՞նչ անեինք: Մի կերպ անցել էր, որ բացի: - Ձեռքինդ... ինչո՞ւ ես պահել, - խոժոռ հայացքը վկայում էր, որ լիովին չի վստահում թոռանն ու անծանոթին: Հայկը շփոթահար` դանակը թաքցրեց թիկունքում: - Լուսամուտի ապակին հանելու համար էի վերցրել: Եթե մուրճ տայիք... - Նոր տարի է, այլևս ոչ մի գործ: Ներս արի, Հայկ: - Բա որ փորձանքի գար. մեղքի տակ կմտնեինք: - Դու քեզնից խոսիր, ի՞նչ ես վառել: Ծխահոտ առա: - Բլինչիկը...- տատը, որ փոքրամարմին էր, առաջկտրուկ դիմեց խոհանոց: - Ասե՞լ էի` տոլմայից բացի ոչնչի ձեռք չտաս, - կշտամբեց թոռնուհին, իսկ անորոշության մեջ մի ոտքից մյուսը տեղափոխվող տղային ժպտաց: - Գնա ձեր դուռը փակիր ու եկ: - Հարկ կա՞: - Նոր տարի է, միասին կանցկացնենք: - Բա որ դե՞մ լինի: - Քանի մերոնք չեն եկել, իշխանությունն իմ ձեռքում է: Տատի, - կանչեց, - համաձա՞յն ես Հայկը մնա: - Հյուրն Աստծունն է, ես ո՞վ եմ: Տաք ջուր չի մնացել, բայց սառը խշխշալեն գալիս է, թող գա լվացվի, - նկատելի դժկամ հնչեց հրավերքը: - Մտել էիր բաղնիք, չէ՞: Ես էլ ասում եմ` ինչո՞ւ չի բացում: - Չլողանայի՞, - դիմադարձեց տատը: - Դուք ձեր հաշիվները պարզեք, մինչև գամ: Միջանցքով անցնելիս Հայկը նկատեց լուսառատ հյուրասենյակի շողշողուն տոնածառը: Երկարուկ սեղանին ծոպավոր ճերմակ սփռոց կար փռած, վրան` ութ, թե տասը տեղ ափսե-պատառաքաղ, ըմպանակներ, անձեռոցիկ: Ուտեստն աղջիկը, հավանաբար, հետո պիտի շարեր, եթե դրսում չմնար: - Սպասում ենք, չուշանաս, - Շաղիկը մինչև դուռն ուղեկցեց: - Ամենակարևորը չմոռանամ, - Հայկն ուղղվեց դեպի վերելակը: - Ո՞ւր: - Ուրիշի գործիք է, չտանեն: Դու մտիր, թե չէ նորից կփակի, - կատակեց: - Թող փորձի... Աքցանը հեշտ գտավ. ոտնատակից հեռու ձյան մեջ գլխիվայր խրված էր: Խանութի մոտ հիշեց, որ խմելիք չունի: Վաճառողը, տետրին հակված, խորասուզվել էր թվերի մեջ: - Շնորհավոր նոր տարի: - Քոնն էլ, ախպերս, - նա պատրաստակամ` կտրվեց մատյանից: - Առաջին մտնողն ես, ինչո՞վ հյուրասիրեմ: Աշխատողներին ուղարկեցի տուն, ասի` թող Նոր տարի անեն: Ես եմ մնացել: - Շտապում եմ: Խմիչք է պետք. կոնյակ, թե՞ շամպայն, ո՞րը խորհուրդ կտաք: - Նայած ուր ես տանում: - Ինքս էլ լավ չգիտեմ: - Եթե ինձ մնա` կոնյակ. տպավորությունն ուրիշ է: - Կոնյակ տուր` ոչ շատ թանկանոց և բանան` մի կապուկ: - Իր գնով եմ հաշվելու, - խանութպանը Հայկի պարզած թղթադրամը քսմսեց մոտերքում եղող ապրանքներին: - Խերով տարի լինի: Կարգին տոպրակի մեջ կդնեմ: Հարյուր դրամ արժե, բայց անվճար եմ տալիս. ասի` առաջին հաճախորդն ես: - Մակարդակ... - Բա ո՜նց... Թող եվրոպացիք ու ամերիկացիք մեզնից սովորեն: Հայաստանից լավ տեղ, ճիշտ եմ ասում, չկա: - Ուշանում եմ, բարի գիշեր: - Գնա, ցավդ տանեմ... Գիշեր-ցերեկ խանութս բաց է: Եթե ես էլ չլինեմ, մտի, ասա` Սաքոյի ընկերն եմ: Վերելակն ազատ էր: Կոստյում կհագնեմ, ճերմակ վերնաշապիկ` փողկապով, - սափրվելիս վճռեց, - և սև կոշիկներ: Դուռը կողպելիս մտաբերեց, որ ձեթը չի վերցրել: Մինչ վերստին կբացեր, Շաղիկն անաղմուկ ելավ հարթակ. - Մենք պատրաստ ենք: - Ես` նույնպես, - տղան տոպրակները տվեց աղջկան: - Ձեթը տեսա, իսկ սա՞: - Խմելու բան է, ուրիշ նվերի ժամանակ չկար: - Կարող էիր և առանց դրա: Զգացված եմ, - նա ևս զուգվել էր: Հայկը չկարողացավ զսպել հիացքը. - Գեղեցկուհիների մրցույթի՞ ես պատրաստվում: - Եթե ժյուրիի անդամ դառնաս, գուցե: - Եզրափակիչում հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Շաղիկ...- նա աչքը գցեց ցուցանակին և ասմունքողի առոգանությամբ շարունակեց, - Ավետիսյանը: - Թատերականո՞ւմ ես սովորում: - Ոտք դրած չկամ: - Իսկ ես խմբակի անդամ եղել եմ: Չե՞ս հավատում, - աղջիկն աշխույժով մաքրեց կոկորդը: - Լսիր` հաղթահանդեսի ճաշկերույթը կկայանա մեր տանը: Պատիվ արեք...- և թեթևակի խոնարհվեց: Հայկը ծափեց. - Վատ չէր, - կասեի մինչևիսկ` փայլուն: Հայկական սեղան էր` ուտելիքով ծանրաբեռ: - Նստեք, տոլման սառեց: Խմիչք ո՞վ է լցնելու, - տատն իրար էր խառնվել. Հայկի վայելուչ հագուկապը բարերար էր ազդել, թողած տպավորությունն ակնհայտ այլ էր: - Իհարկե` ես, - տղան օղի բացեց: - Ինձ` գինի: - Ես լիկյոր կխմեմ: Իմ սարքածն է` կանաչ պոպոքի կեղևով... - Տատ, բաժակաճառդ սկսիր, եղավ ժամը մեկը: - Աշխարհին` խաղաղություն, գործերին` հաջողություն, ով օտարության մեջ է, իր տունուտեղին դառնա, ջահելների ոտը քարին չառնի... - Բոլոր կենացները մեկից ասիր, հետո ի՞նչ ենք խմելու, - կանխեց թոռը: - Չկա կենա՞ց... Փառքդ շատ, Աստված, դու հասնես անճարներին, անօթևաններին...- նա թեթևակի կում արեց: - Հիմա ձեզ տեսնեմ: Զրնգացին գավաթները: - Հաղթության տարի լինի: Հաջորդը` իսկական բեմահարթակում, ոչ թե տասներորդ հարկի: - Առաջինն ամենաանմոռացն է, - երկիմաստ նկատեց օրիորդը: - Մեր իղձերի կենացը... - Թաքնագրերով եք խոսում: - Ձեր գեղանի թոռնուհու ապագան եմ կանխագուշակում: - Գաղտո՞ւկ, - ապա խոսքը շրջեց: - Անուշ արեք, Շաղիկ, հյուրասիրիր: - Ես սկզբում տիկին Ազգուշի պասուց տոլման կհամտեսեմ: - Վե՛րջ, դարձար աչքի լույսը, Հայկ: - Տեսնեմ ինչքան կուտի, նոր... - Հաշվելո՞ւ ես պատառները: - Շաղիկ, քեզ նման չես: - Նոր տարով դուռը վրաս էիր փակել, լռե՞մ: Ի՞նչ էի անելու, եթե ինքը չլիներ: Սիրտս կանգնում էր, գիտե՞ս ինչեր անցան մտքովս: Մերոնք գան, պատմելու եմ: - Եթե մնամ: Ես էլ տուն ունեմ, հարևանություն, եկող-գնացող կա: Թոռնուհին սեղանը շրջանցելով` փարվեց տատին. - Մինչև տաքերը չընկնեն, քեզ թողնող չկա: Հայկ, արի Ազգուշ տատիս կենացը խմենք: Նա իրականում մեղք չունի: Կարծել է` մոտս բանալի կա: Սպասում էր ջրի տաքանալուն. Նոր տարուց առաջ պարտադիր պիտի լողանա: - Մտքումս նեղացել էի: Ասում եմ` փոխանակ գա, մեջքս տրորի, էլի ո՞ւմ տուն մտավ: - Քեզ առողջություն, երկար-երկար կյանք: - Ձեր թոռներին մեծացնեք, ծոռներին բանակ ճամփեք, - երկրորդեց Հայկը: - Շատ եղավ. թոռներիս համաձայն եմ: Աստված Շաղիկիս պսակին արժանի անի... Հայկի հետ: - Տատ, ինչե՞ր ես խոսում, - աղջկա դեմքը վայրկենաբար բոսորեց: - Սխալ չեմ. ասես իրար համար ծնված լինեք: Հեռախոսազանգը փրկեց դրությունը: - Դուբայից հայրիկենք են, - Շաղիկը վազեց դեպի հեռախոսը, որ միջանցքում էր: - Դու կեր, թող ինքը խոսի: Մսով տոլմա լից: Սպասիր` իմ ձեռով... - Հերիք է, չեմ կարողանա: - Տղամարդը պիտի ուտի: Սիրակս ու Կարինես, ափսոս, ուշացան: Ճանաչում ես, չէ՞: Երկուսն էլ բարձրագույն կրթություն ունեն, գիտահետազոտական ինստիտուտում էին աշխատում, պաշտոն ունեին... Հիմա առևտրով են տուն պահում: Հո ուրիշի ձեռքի չէի՞ն նայելու: Շաղիկը հորն է քաշել` առավ ու առավ: Թող առատ լինի, - ասում է: Հարսս` Կարինեն էլ գովելի է: Ինձ նեղում են` տունդ ծախի, արի մեզ հետ կապրես, - ամեն գնալ-գալիս խոսք կբացեն: Էս երկու շաբաթն էլ Շաղիկի համար եմ այստեղ: Մնացել էր մենակ: Ախպերը, հո, գիտես, բանակում է... - Տատ, հեռախոսի մոտ. հայրիկն ուզում է տարիդ շնորհավորել: Հայկն անհարմար էր զգում, որ ակամա ականատեսն է նրանց ներընտանեկան կյանքի: - Ի՞նքն է լցրել, - Շաղիկը տեսավ լի պնակը: - Եթե լրիվ չուտես, ձեռքից չես պրծնի: - Բարի կին է: - Բա որ Շողիկ մամի՞ս տեսնես` տեղով հումոր: Թիֆլիսահայերի բարբառով հո չի պատմում... Տատը վերադարձավ` աչքերում արտասուք: - Ազգանուշ, հուզվեցի՞ր: - Մա՞րդ էլ էս անուշ օրով իր օջախում չլինի: Նարեկիս հիշեցինք, մեռնեմ թոռանս արևին` բանակային է: - Տատ, կենացդ մնաց: Շողիկ մամին էլ միացնե՞նք: - Խնամուս ականջը կանչի, ուր որ է կզանգի: Թե՞ գիտի, որ Կարինեն քաղաքում չէ: Ձեր տանը մեծ կա՞, Հայկ: - Մերոնք գյուղում են` Ապարանից եմ: - Ապարանցիք լավ ժողովուրդ են: Պարզամտությունը, որ կպցրել են, հորինովի է: Մարդու շիտակությո՞ւնն էլ երեսով տան, ծիծաղի նյութ շինեն: Մուշից գաղթածներ են, չէ՞: Իսկական հայերը մշեցիք են: Չես վերջացրել, տղաս: Գլուխ ես պահում, - նա գոհունակ` անցավ խոհանոց: - Բլինչիկը բերում եմ: - Փոխե՞մ ափսեդ, քանի չի եկել, - խաղացկուն ժպիտ կար Շաղիկի երեսին: - Պայմանով, որ ուրիշ բան չդնես: - Ինչո՞ւ: - Ավելուկի աղցան անգամ չկա, ի՞նչ ուտեմ: - Սոխեռած չեմ արել, մնա վաղը: - Էգուց էլ եմ գալո՞ւ: - Ինչպես կամենաս, - խոսքը բերանում` քիթը կախեց օրիորդը: - Հանկարծ խցից դուրս չգաս, ճգնավոր, - հեգնեց: - Մոռացել էի` ապակին, հո, այդպես չի՞ մնա: Նույնքան արագ տրտմությանը փոխարինեց խինդը, անցավ սեռին հատուկ հտպտանքի. - Կարևորն ապակի՞ն է, թե՞ երազանքը` զանգերի ներքո... Պատասխանը չհնչեց, միջոց չեղավ. տատը վերադարձել էր` պնակում բերնեբերան մսաբլիթ: - Շաղիկիս պատրաստածն է: - Այնպիսի բան ասիք, կարո՞ղ եմ հրաժարվել: Տիկին Ազգուշ, կներեք, հա ուզում եմ հարցնել` ձեր պատշգամբում եղած ժամանակ ականջիս դռռոց էր հասնում, ի՞նչ ձայն էր: - Հայկ, հետաքրքիր տղա ես: Ֆենը, բա, ծննդյանս օրն ինչո՞ւ նվեր բերեց, որ մենա՞կ օգտագործեմ, - հետո արդեն` իբր լուրջ: - Փոխանակ անհանգստանա` թոռն ուր մնաց... Կգան, չէ՞: - Ես ևս բան ունեմ պատմելու: - Չասողի՞, ի՞նչ... - Հեչ, կասեմ` ձեր ցանցառը գնացել էր հարևանի տուն սուրճ խմելու: - Ո՞ր մեկի: - Ում եմ ճանաչո՞մ, - տատն աչքով արեց տղային: - Չեն հավատա: Նրանք մինչևիսկ չգիտեն, որ Սիրուշենք տունը վարձով են տվել: - Կենվոր ե՞ս, - Ազգուշ տատը տատամսեց: - Հիասթափվեցի՞ր, տատի: - Ամիսն ինչքա՞ն ես տալիս: - Հիսուն հազար: - Մի տուր, - նա կտրուկ էր տրամադրված: - Շաղիկ, թող մեր տանը կենա: Երեք սենյակ է, ի՞նչ եմ անում: - Տա՞տ... - Հրես Սիրակս գա... Մեկ է` բնակարանը, երբվանի՞ց եմ ասել, քոնն է: - Տատ, լիկյորն ազդեց, թե՞ իմ դրսում եղած ժամանակ մենակ էլ ես խմել: Վարձը որքա՞ն է լինելու: - Ի՞նչ վարձ: Վերջ-առաջ ձեզ չի՞ մնալու, չպիտի՞ կարգվեք: - Արդեն որոշեցի՞ր: - Քանի՞ շապիկ փոխած կլինեմ. չե՞մ տեսնում: - Հայկ, սուրճ դնե՞մ, - Շաղիկը ճողոպրեց խոհանոց: - Ամաչում է, - տղային դարձավ տատը: - Ինձ թեյ կդնես, Շաղոս: Սիրակիցս բացի ո՞վ ունեմ: Նարեկն իրենց հետ կապրի, դուստրն էլ թող Սեդրակիս ունեցվածքին տեր դառնա: Աստված ինչքան կյանք տվեց, ձեզ հետ կանցկացնեմ: Ախպեր, քույր ունե՞ս: - Երկու եղբայր, մի քույր ենք: Ծնողներս դպրոցում են, հայրս տնօրենն է: - Աստված շատ չհամարի: Ես նույնպես ուսուցիչ եմ եղել` քառասուն տարի: Իսկ դու զբաղմո՞ւնք...- պատշաճության սահմանները խախտելով և, տարեցներին հատուկ, ծավալվեց Ազգանուշը: - Բակալավրի ավարտական քննությունների եմ պատրաստվում, բայց հետո պիտի մագիստրատուրա ընդունվեմ: - Գլուխ չեմ հանում հիմիկվա անուններից: Ասպիրանտուրայի մասի՞ն է խոսքը: - Դրա հերթն էլ կգա: - Շաղիկս համալսարանի երկրորդ կուրսում է` տնից երկու կանգառ է հեռու: Դու ո՞ր բուհում ես: - Կից մասնաշենքեր են` պատմության ֆակուլտետում: - Իրար հետ կգնաք-կգաք, աչքդ վրան կլինի... - Հաստատ ինձնից եք բամբասում, - օրիորդը վերագտել էր իրեն: - Տատ, մեխակ էլ եմ գցել: - Շատ ապրես, քաղցրավենիքը չմոռանաս: - Չեմ ուտի, եթե անգամ քո պատրաստածն է: Խնդրում եմ, մի բեր: - Բերանի մեջ հալվում է: - Եթե չի ուզում, մի զոռիր: - Քեզնից եմ սովորել, - ապա խոսքը փոխեց: - Մեր կուրսում տղա կա, մի տորթ դնես, կուտի` տկռոշին հագենալ չկա: - Պապդ անուշեղեն` չէ, բայց մսակեր էր: Ճաշի մեջ միս չլիներ, կխռովեր, բերան չէր տա: - Հեռուստացույց ինչո՞ւ չենք միացնում, - Շաղիկը գտավ ալիքների փոխարկիչը: Հանրապետության գլխավոր հրապարակում շքահանդես էր` ծով երիտասարդություն: - Ուղիղ եթեր է: - Տատ, թույլ կտա՞ս... - Ժամը քանի՞սն է, քուններդ չի՞ տանում: - Ընդամենը երկուսը: - Տաք հագնվեք: Շաղիկ, գլխարկ կդնես` ականջավորը: Որդի, դու էլ... - Ձյուն է գալիս, ինչ լա՜վ է... Հայկ, դու ձմեռ սիրո՞ւմ ես, - աղջիկը տարերքի մեջ` ցնծում էր: - Շա՜տ: Մեր կողմերում գիտե՞ս ինչքան է դնում. համատարած դառնում է ճերմակ: - Կեսրարս ասում էր` փաթիլն Աստծո թարթիչն է: Մոկսից էին: Հազար ողորմի..- հետո վերադարձավ իրականություն: - Երանի ձեզ, գնացեք: Թոռնիկս, բանալին չմոռանաս: - Գործ մի արա: Կգամ` կհավաքեմ: - Փչացող ուտելիքը սառնարանը դնեմ: Պատշգամբը, լավ է, բացեցիք. որը չտեղավորվեց, դուրսը կթողնեմ: Լավ կծածկեմ, չսառչի հանկարծ, - նա արդեն ինքն իր հետ էր խոսում: - Տիկին Ազգուշ, զգույշ կլինեք, այնտեղ ապակի կա: Առավոտյան տեղը կգցեմ: «OPEL-ի աղջիկը» շարքից։ |