Երևանի Օպերային թատրոնը Քուվեյթում կներկայացնի Մոցարտի «Կախարդական սրինգը», հանճարեղ մի ստեղծագործություն, որը Քուվեյթի պատմության մեջ բեմ կբարձրանա առաջին անգամ։
«Կախարդական սրինգը» Քուվեյթի Օպերային տանը կներկայացվի սեպտեմբերի 27-ին և 28-ին
Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ։ Բացի այդ, սեպտեմբերի 29-ին Քուվեյթի սրտում տեղակայված Շեյխ Ջաբեր ալ-Ահմադի մշակութային կենտրոնում տեղի կունենա գալա համերգ։ Շեյխ Ջաբեր ալ-Ահմադի համալիրը Միջին Արևելքի խոշորագույն մշակութային կենտրոնն ու օպերային թատրոնն է։
«Մեզ համար ոչ միայն մեծ պատիվ է ներկայացնել «Կախարդական սրինգը» Քուվեյթի օպերային թատրոնում, այլև առանձնահատուկ հնարավորություն հանդես գալ Քուվեյթի հազարավոր խորն ու գնահատող ունկնդիրների առաջ, -ասում է Օրբելյանը, -այսօր, երբ մենք շարունակում ենք մեր միջազգային շրջագայությունը, ես, ինչպես և մեր հրաշալի մենակատարները, երաժիշտները, երգչախումբն ու ողջ անձնակազմը, իսկապես հուզմունքով ենք սպասում կիսելու օպերայի կախարդանքը Քուվեյթի փառահեղ օպերային թատրոնում» ։
Մաեստրո Օրբելյանը, օգտվելով առիթից, իր խորին երախտագիտությունն է հայտնում Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ-Էնեզիին, ինչպես նաև Շեյխ Ջաբեր ալ-Ահմադի մշակութային կենտրոնի ղեկավարությանը Քուվեյթում իրենց առաջիկա ներկայացումների իրականացման գործում անգնահատելի աջակցության համար։
Քուվեյթում «Կախարդական սրինգի» ներկայացումը պատմական համերգային շարքի շարունակությունն է, որը մեկնարկել էր Դուբայում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-15-ը Երևանի օպերային թատրոնը Դուբայում հանդես եկավ հրաշալի հյուրախաղերով՝ ներկայացնելով ժամանակակից շնչով բեմադրված Բիզեի հանրահայտ «Կարմենն» ու Մոցարտի «Կախարդական սրինգը» ։ Ներկայացումների կարևորությունը կայանում էր նաև նրանում, որ դրանք համընկել էին Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին։
Ինչպես Դուբայում, այնպես էլ Քուվեյթում «Կախարդական սրինգի» դիրիժորն է Հարություն Արզումանյանը։ Ներկայացումը կառանձնանա բացման երեկոյի հրաշալի կազմով, որի մեջ հանդես կգան «Ոսկե դիմակի» մրցանակակիր, տենոր Լիպարիտ Ավետիսյանը, խարիզմատիկ բարիտոն Կիմ Սարգսյանը, կոլորատուրային փայլուն սոպրանո Հասմիկ Թորոսյանը, սքանչելի և արտահայտիչ սոպրանո Ալինա Փահլևանյանը Օպերային թատրոնի նվագախմբի և երգչախմբի գերազանց կազմի աջակցությամբ։ Ներկայացումը կառանձնանա նաև տպավորիչ բեմական հագուստով՝ ձևավորված հանրահայտ դիզայներ Ալբերտո Սպազիի կողմից, ինչպես նաև հրաշալի պրոեկցիոն համակարգով և լուսաձայնային հարուստ էֆեկտներով՝ շնորհիվ միջազգային ճանաչում ունեցող օպերային ռեժիսոր Պաոլո Միչիկեի, որը նաև այս ներկայացման ռեժիսորն է։