Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Այսուհետ ուշադիր եղե՛ք ձեր ամեն մի խոսքի ու բառի և նույնիսկ մտքի համար». Հայր Կորյուն

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
01:11, շաբաթ, 25 օգոստոսի, 2018 թ.
«Այսուհետ ուշադիր եղե՛ք ձեր ամեն մի խոսքի ու բառի և նույնիսկ մտքի համար». Հայր Կորյուն

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԾ «Տ. ԿՈՐՅՈՒՆ ԱԲԵՂԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԴԱՎԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԿԱՆՈՆԱԿԱՆ «ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՇԵՂՈՒՄՆԵՐԻ» »


    

Սույն թվականի հուլիսի 17-ին, Մայր Աթոռի ապատեղեկատվական համակարգը հրապարակեց «Կորյուն աբեղա Առաքելյանի դավանաբանական և կանոնական խախտումներն ու շեղումները» վերնագրով հերթական հակադավանաբանական և հակականոնական հայտարարությունը:

Մինչ օրս որոշել էինք որևէ կերպ չարձագանքել Մայր Աթոռի ապատեղեկատվական համակարգի անհիմն և փաստազուրկ հայտարարությանը, սակայն տեսնելով, որ որոշ հոգևորականներ և ժողովրդի միջից ոմանք կուլ են տվել այդ խայծը՝ հավատալով ապատեղեկատվականի հրապարակած տեքստի «ճշմարտացիությանը», ուստի որոշեցինք այսօր դրան հնարավորինս համառոտ անդրադառնալ:

Վերոհիշյալ գրության հեղինակը կամ հեղինակներն իրենց տեքստը բաժանել են 2 մասի՝ դավանաբանական և կանոնական: Նույնիսկ այստեղ է հարց առաջանում. արդյո՞ք նրանք լավ պատկերացում ունեն՝ ի՞նչ է դավանանքը, և ի՞նչ է կանոնը, քանի որ թե՛ դավանաբանականի, թե՛ կանոնականի տակ դրված են բաներ, որոնք ո՛չ դավանանքի, ո՛չ էլ կանոնի հետ առհասարակ կապ ունեն:

Ամեն դեպքում, ձեզ շատ չհոգնեցնելու համար այսօր ձեզ կներկայացնենք միայն ապատեղեկատվականի այսպես կոչված՝ «դավանաբանական շեղումներին» ուղղված մեր պատասխանը, և եթե կարիք լինի, հաջորդ անգամ կխոսենք մնացածի մասին:

Եվ այսպիսով, հրապարակված «Դավանաբանական շեղումներ» վերնագրի տակ կարդում ենք. «Վազգեն Սարգսյանին Սուրբ Հոգին ոչնչացրեց: Դա Աստծո հրաշքն էր»: Այնուհետև գրում են՝ «Հայտարարությունը հակառակ է Քրիստոնեական Սուրբ Եկեղեցու դավանաբանությանը: Սուրբ Հոգին մխիթարիչ է (Հովհ. 14.25), զորություն, շնորհներ պարգևող է (Գործք 1.8), ներշնչող է, կենդանարար, ազատիչ և ոչ պատժող, ոչ բռնադատող (Սուրբ Գրիգոր Տաթևացի): Ըստ հավատո հանգանակի Սուրբ Հոգին անեղն եւ կատարյալ է, ինչը բացառում է, թե Սուրբ Հոգին կարող է մարդասպան լինել»:

Այո՛, իհարկե Սուրբ Հոգին մխիթարիչ է, զորություն, շնորհներ պարգևող, ներշնչող ու կենդանարար: Այո՛, իհարկե Սուրբ Հոգին մարդասպան չէ:

Իմ բոլոր ելույթները համացանցի վրա տեղադրված են: Բոլորն էլ կարող են բացել և տեսնել, որ ես երբեք էլ չեմ ասել, թե Սուրբ Հոգին մարդասպան է, այլ Սուրբ Հոգին ոչնչացրեց նրան: Նույնիսկ եթե ես ասած էլ լինեի, թե Աստված սպանեց ինչ-որ մեկին, դարձյալ սխալված չէի լինի, քանի որ դրանով ես հղում արած կլինեի Աստվածաշնչին, ինչը քիչ հետո ստորև ցույց կտամ:

Դրանից բացի, երբ մեկն ասում է Աստված սպանեց ինչ-որ մեկին, դրանով Աստված չի դառնում մարդասպան այն իմաստով, ինչպես որ մենք հասկանում ենք մի մարդասպանի պարագային, երբ վերջինս՝ չարից բռնված, գնում և սպանում է իր նմանին:

Որպեսզի վերոհիշյալ «դավանաբանական շեղումների» հեղինակի կամ հեղինակների միտքը ի վիճակի լինի ըմբռնել մեր խոսքերի իմաստը, փորձենք մեր ամեն մի խոսքը հիմնավորել Աստվածաշնչով՝ դրանով իսկ ցույց տալով և ապացուցելով հենց նրանց շեղումները՝ բոլոր առումներով, քանի որ, ինչպես երևում է, Գևորգյան Ճեմարանում 6 տարի սովորելուց հետո նրանք այդպես էլ կա՛մ չեն կարդացել, կա՛մ էլ ընդհանրապես չեն հասկացել Աստվածաշունչը:

Աստվածաշնչում բազմիցս խոսվում է այն մասին, թե ինչպես է Կենսատու և Կյանք-Աստված սպանում և ոչնչացնում նրանց, ովքեր, ինչպես հենց Սուրբ Գրքում է գրված՝ «Տիրոջ առաջ չար» են: Սրան հակառակ, սակայն, նույն Աստված Իր մոտ է փոխադրում նրանց, ովքեր, ինչպես Աստվածաշունչն է ասում, «հաճելի են» Իրեն՝ «Եվ Ենոքը հաճելի եղավ Աստծուն, և նա ոչ մի տեղ չգտնվեց, որովհետև Աստված նրան փոխադրել էր» (Ծննդ. 5: 24): Այս ամենը շատ պարզ նշանակում է, որ Նա, Ով կյանք պարգևելու իշխանություն ունի, իշխանություն ունի նաև այն հետ վերցնելու: Հետևաբար, Տերունական խոսքի համաձայն, «դրա վրա ինչո՞ւ եք զարմանում» (Յովհ. 5: 28): Սակայն այլ է Աստծո սիրելիների կամ հաճելիների, այլ է չարագործների պարագան: Նրանք, ովքեր հաճելի են եղել Աստծուն, Աստված նրանց փոխադրում է Իր մոտ, իսկ նրանք, ովքեր Տիրոջ առաջ չար են, սպանվում և ոչնչացվում են Աստծո կողմից: Հին Կտակարանում գրված է. «Եվ Հուդայի անդրանիկը՝ Էրը, Տիրոջ առաջ չար էր, և Աստված նրան սպանեց» (Ծննդ. 38: 7): Նույնը գրված է նաև Օնանի մասին: Վերջինիս արարքը, ինչպես Ծննդոց գիրքն է ասում՝ «չար թվաց Աստծո առաջ», և Աստված սպանեց Օնանին (Ծննդ. 38: 10): Դրանից բացի, Սուրբ Պողոս Առաքյալն էլ ասում է՝ «Մեր Աստված ոչնչացնող կրակ է» (Եբր. 12: 29):

Նոր Կտակարանից մի պատմություն ևս հիշեցնենք «դավանաբանական շեղումների» հեղինակին կամ հեղինակներին՝ դարձյալ Սուրբ Գրքով հաստատելու, թե ի՛նչ է պատահում այն մարդկանց հետ, որոնք ստում են Սուրբ Հոգուն:

«Իսկ Անանիա անունով մի մարդ, իր կնոջ՝ Սափիրայի հետ միասին, մի ագարակ վաճառեց և նրա գումարից մի մաս կնոջ գիտությամբ թաքցրեց և մյուս մասը բերեց դրեց առաքյալների ոտքերի առաջ։ Պետրոսն ասաց. «Անանիա՛, ինչո՞ւ սատանան լցրեց քո սիրտը, որ դու ստեիր Սուրբ Հոգուն և ագարակի գումարից թաքցնեիր. չէ՞ որ քանի կար, քոնն էր այն, և վաճառելիս՝ քո տնօրինության տակ էր. ինչպե՞ս եղավ, որ քո սրտի մեջ այս բաները դրեցիր. մարդկա՛նց չստեցիր, այլ՝ Աստծուն» ։ Եվ Անանիան, այս խոսքերը լսելով, ընկավ և շունչը փչեց. և մեծ վախ ընկավ բոլոր նրանց վրա, որ այս բանը լսեցին» (Գործք 5: 1-5):

Մայր Աթոռի ապատեղեկատվական համակա՛րգ,

Այսքան օրինակները ձեզ բավակա՞ն են, թե՞ ուրիշ օրինակներ էլ բերենք, որպեսզի դուք կարողանաք հասկանալ և դավանաբանորեն չշեղվել այն ուղղափառ հավատքից, որ, ինչպես Սուրբ Հակոբոս Առաքյալն է ասում՝ «կա մեկ Օրենսդիր և Դատավոր, որ կարող է փրկել և կորստյան մատնել» (Յակ. 4: 12): Եվ վերջապես, «դավանաբանական շեղումների» հեղինա՛կ կամ հեղինակնե՛ր, ինչո՞ւ եք այդքան մորթապաշտ ու մարդապաշտ, ձեր դեպքում՝ ավելի կոնկրետ՝ գարեգինապաշտ դարձել, չէ՞ որ հենց մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս է ասում՝ «Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող: Այլ դուք հատկապես վախեցե՛ք Նրանից, Ով կարող է թե՛ հոգին և թե՛ մարմինը կորստյան մատնել գեհենում» (Մատթ. 10: 28):

Ուրեմն, Մայր Աթոռի ապատեղեկատվական համակա՛րգ և նրա հավատարիմ ունկնդիրնե՛ր,

Այսուհետ ուշադիր եղե՛ք ձեր ամեն մի խոսքի ու բառի և նույնիսկ մտքի համար, որպեսզի ինքներդ չհայտնվեք հակադավանաբանական, հակականոնական և հակա-ով սկսվող ու շարունակվող տարբեր ու բազմաթիվ իրավիճակների մեջ, այլապես ձեր և նախկին իշխանությունների կողմից պարբերաբար ու համատեղ քարոզվող ատելության, թշնամանքի և ազգի մեջ պառակտման բոլոր փորձերի ամբողջական պատասխանատվությունը ձեր ուսերի ու խղճի վրա կմնա հավերժ, որի համար թե՛ Աստծո և թե՛ մարդկանց առաջ եք ստիպված պատասխան տալու:

Ուստի, եկե՛ք աղոթենք, որ Աստված բոլորիս անխտիր խաղաղություն և իմաստություն պարգևի՝ մեր կյանքի ամեն մի վայրկյանը Իր իսկ կամքի համաձայն ապրելու համար: Թող Աստված Իր շնորհներն ու օրհնությունը առատապես հեղի հայոց ազգընտիր վարչապետի և մեր երկրի ու եկեղեցու համար պատրաստ իր կյանքը զոհաբերող ամեն մի հավատացյալ հայի վրա՝ մեզ հեռու պահելով բոլոր վտանգներից ու փորձանքներից այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:


    

Կորյուն աբեղա Առաքելյան

«Գարեգին Բ-ն կաթողիկոս է ընտրվել Վազգեն Սարգսյանի միջնորդությամբ». Կորյուն աբեղա
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5357 | 0 | 0
Facebook