Ուզու՞մ ես ճանաչել ինձ. Բարի գալուստ իմ աշխարհ
Ողջու՛յն, ես Անուշն եմ, իմ աշխարհում ինձ Ան են ասում, իմ աշխարհը բաղկացած է սեր շնչող մարդկանցից, այդ աշխարհը բաց է նաև քեզ համար, եթե դու անտարբեր չես քո շրջապատի նկատմամբ:
Ես կա՛մ պիտի գժվելու աստիճան սիրեմ իմ շրջապատը, կա՛մ չլինեմ այդ շրջապատում. Երրորդ տարբերակ ինձ համար չկա:
Չեմ կարողանում լեզու գտնել շինծու մարդկանց հետ:
Չեմ հասկանում, չեմ ուզում հասկանալ և ատում եմ դավաճաններին:
Ահավոր տաքարյուն եմ, կռվարար, բայց ծայրահեղ խղճով, հա ու մի բան էլ՝ եթե տեսնեմ կնոջ վրա ձեռք բարձրացնող տղամարդու՝ գանգը կգամեմ, լրիվ լուրջ եմ ասում:
Աշխատանքում բծախնդիր եմ, ինքնաքննադատ:
Նպատակասլաց եմ, եթե մի բան մտքիս դրեցի՝ իմն է:
Ի դեպ, իմն է ասացի հիշեցի, եթե մեկը փորձի քույրերիս ու տղայիս նեղացնել՝ վիճակը մեղմ ասած նախանձելի չի լինի:
Քանի խոսք գնաց քույրերից ասեմ՝ իմ աշխարհի, իմ կյանքի թագուհիներն են ու կյանքիս հաճելի պարտքն է նրանց դարձնել իրական թագուհիներ:
Պաշտում եմ ընտանիքս, այն ինձ համար ոչ միայն ընդհանուր տանիք է, այլ խաղաղության, երջանկության, ինքնաճանաչման, սեր ապրելու և սեր շնչելու դարան:
Կյանքում տեսածս միակ իդեալը հայրս է՝ սիրող, նվիրված, աշխատող, քարից հաց քամող, հայրս նաև մայր է եղել ինձ համար:
Սիրում եմ շատ փող ունենալ, որ գնեմ այն ինչ ուզում եմ, բայց փողի գերի չեմ և չեմ լինի՝ հաստատ:
Հաստատների շարքից չեմ լինի նաև՝ մեջքից հարվածող, լավություն ուրացող:
Սերն ինձ համար անվերջ բացատրվող զգացմունք է ու այն լիարժեք չէ, եթե օրինակ քո սիրած էակի հետ ես, բայց ոչ քո սիրած երկրում: Սիրո մեջ ես ծայրահեղական եմ: Իմ կարծիքով ավելի լավ է միակողմանի սերը, քան փոխադարձ, բայց արգելված:
Իմ աշխարհում ամեն վայրկյանն ու միկրովայրկյանը Աստծո աչքի ներքո է: Ինձ համար Աստված վերացական հասկացություն չէ և ես չեմ փորձում հավատացյալ երևալ միայն եկեղեցու կողքից անցնելիս խաչակնքելով: Ես հավատում եմ, որ Աստված տեսնում է իմ ամեն մի քայլը և քննում՝ սիրտը:
Երջանկությունն ինձ համար իմ որդին է, նրա հետ իմ աշխարհի ներկապնակը վառ է և գունեղ: Նրա հետ ես ինձ կատարյալ եմ զգում, օրհնված, սիրառատ:
Ահա՛ իմ աշխարհը, ՀԱՄԵՑԻ՛Ր