Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է

18:07, երեքշաբթի, 27 փետրվարի, 2018 թ.
Ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է

2016 թվականի ապրիլը երբեք չի մոռացվի: Ինչպես ներկայի անբաժանելի մի մասնիկ, անցյալի հուշերը կուղեկցեն անդադար, կուղեկցեն ամբողջ կյանքում: Կլինեն պահեր, երբ կուզես սթափվել մղձավանջից, շեղվել մի փոքր ու չհիշել ցավալի անցյալը: Սակայն կզգաս, որ սրտիդ զգացմունքները անզոր են դիմադրելու ուղեղիդ թելադրանքին, որ անցածը չի մոռացվում, որ հիշում ես ապրելու համար: Եվ բաց կանես պատմության փառավոր էջերը, կտեսնես հազար ու մի դեպքեր ու դեմքեր, հազար ու մի մարդկային ճակատագրեր՝ խորհրդավոր, առեղծվածային ու նաև տխուր:

Հայրենիքի սահմանը պաշտպանելիս զոհվածի մասին հերթական լուրն լսելիս կսկիծը մի կերպ կուլ կտաս ու չես խեղդվի ու, ինչքան էլ զարմանալի է, կշարունակես ապրել՝ հողին հանձնելով գարնան ծաղիկներին, որոնք ընդամենը 18- 20 տարեկան են, ու որոնցից մեկն էլ դու էիր, մեր հերո՛ս Մանվել…

Լուսավոր հայացքիցդ լույս է հորդում, որ հերոսի հպարտությամբ պատմում է գիտակցաբար մահը նախընտրած զինվորիդ կյանքի կարճ պատմությունը. դա տակնուվրա է անում իրարամերժ զգացմունքները, ցնցում է, բայց հանդիպելով խաղաղ հայացքիդ՝ փշրում է սառույցը, ատելությունը, վախերը… Քո փոքր մարմից մեծ ուժ է հորդում, ու դու պատմում ես այն մեծ ուժի մասին, որ զգացել էիր, երբ թշնամուն քո թիկունքով դիմադրելու փորձն էիր անում… Ո՞ւմ էիր հիշել, երբ, վերջին ականը պայթեցնելով, հասկացել էիր, որ ընդմիշտ հրաժեշտ ես տալիս երկրային կյանքիդ… Մայրդ կծկվել, մի բուռ է դարձել, բայց իր փխրուն սրտում կուտակված ցավը հերոսի ծնողին արժանի պատվախնդրությամբ լուռ տանում է՝ ցույց չտալով սրտի խոր վերքը, որ երբեք էլ չի սպիանա: Դո՞ւ ես այդպես ուզում. մանկության ընկերդ ասաց, որ չտխրենք, ասաց, որ Մանվելը ամենաշատը դրանից կտխրի: Քո աչքերում երկնային արքայության լույս եմ տեսնում, դու ժպտում ես այնպես անվրդով, այնքան անհոգ…

Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ հերոս…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3575 | 0 | 0
Facebook