Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երեւանցիների 60 տոկոսը քաղաքապետի պաշտոնում ցանկանում է տեսնել Տարոն Մարգարյանին

Arthur Sarukhanyan
Հեղինակ`
Arthur Sarukhanyan
14:53, հինգշաբթի, 14 մարտի, 2013 թ.
Երեւանցիների 60 տոկոսը քաղաքապետի պաշտոնում ցանկանում է տեսնել Տարոն Մարգարյանին

Gallup International Association–ի անցկացրած վերջին` «Երեւանցիները Երեւանի մասին» սոցիալական հետազոտության արդյունքների համաձայն` «Ում եք տեսնում որպես Երեւանի քաղաքապետ» հարցին երեւանցիների 60 տոկոսը տվել է Տարոն Մարգարյանի անունը: Gallup International Association հայկական գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը նշել է, որ հետազոտությունն իրականացվել է մարտի 9-11 ընկած ժամանակահատվածում:

«Նոյեմբերին իրականացրել եւ ներկայացրել էինք առաջին փորձնական հետազոտության արդյունքները: Երեւանի հիմնախնդիրների վերաբերյալ մշակումների իրականացումը շարունակական է լինելու», - ասաց Նավասարդյանը:

Նրա խոսքով` հարցվածների 17 տոկոսը Երեւանի քաղաքապետարանի պաշտոնում տեսնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, 3 տոկոսը` նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին, 2 տոկոսը` Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին: Գրասենյակի տնօրենի հավաստիացմամբ` Երեւան քաղաքի փոփոխությունները արձանագրել են դրական միտում:

Gallup International Association հետազոտությունների բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը նշել է, որ Երեւան քաղաքում 1, 5 տարվա ընթացքում կատարված փոփոխությունները երեւանցիների 60 տոկոսը որակել է որպես ավելի շուտ դրական, 7 տոկոսը` դրական, 17 տոկոսը չի կողմնորոշվել պատասխանել: Քաղաքապետարանի իրականացրած դրական փոփոխությունների թվում հարցվածների 18 տոկոսը մատնանշել է կանաչապատ տարածքների ավելացումը, 17 տոկոսը` բարեկարգ բակերի կառուցումը, 13 տոկոսը` նստարանների տեղադրումը, 10 տոկոսը` այգիների բարեկարգումը: Հարցվածների գնահատմամբ` Երեւանի առջեւ կանգնած կարեւոր խնդիր է աղբահանությունը (22 տոկոս), այնուհետեւ` հասարակական տրանսպորտը (21 տոկոս), բնապահպանության (14 տոկոս), կոմունալ վարձերի (8 տոկոս) խնդիրը:

Երեւանցիների 56 տոկոսի կարծիքով` քաղաքի առջեւ ծառացած հիմնական խնդիրը գործազրկությունն է, 41 տոկոսինը` գնաճը, ինֆլացիան, 9 տոկսինը` արտագաղթը:

Երեւանցիների 41 տոկոսը կցանկանար, որ քաղաքում ավելանային կանաչ տարածքները, 29 տոկոսը` խաղահրապարակները, 28 տոկոսը` շաբաթօրյակների անցկացումը:

Հարցվածները նշել են, որ զարգացման ենթակա են առողջապահության, կրթության, տրանսպորտի, զբաղվածության խնդիրները: Երեւան քաղաքի վարչական շրջաններից ըստ լուսավորության, կանաչապատման, անվտանգության եւ մաքրության սանդղակների գլխավորում են Կենտրոնն ու Ավանը: Ճարտարագիտական տեսքի առումով առաջատար են Կենտրոն եւ Ավան վարչական շրջանները:

Հետազոտությունն իրականացվել է «Դեմ առ դեմ» հարցումների միջոցով: Հարցումներին մասնակցել է 1066 մարդ: Ընտրանքի սխալի տոկոսը կազմել է 3 տոկոս:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3876 | 1 | 0
Facebook