Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ներկայացվել են մայրաքաղաքի զարգացման 2013 թվականի ներդրումային ծրագրերը

Arthur Sarukhanyan
Հեղինակ`
Arthur Sarukhanyan
17:47, չորեքշաբթի, 27 փետրվարի, 2013 թ.
Ներկայացվել են մայրաքաղաքի զարգացման 2013 թվականի ներդրումային ծրագրերը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է վարչության կողմից 2012թ. կատարած աշխատանքներն ու մայրաքաղաքի զարգացման 2013-ի ծրագրերը:
     Մասնավորապես նշվել է, որ 2012 թվականին քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում Երևանի քաղաքապետարան - մասնավոր հատված համագործակցության արդյունքում իրականացվել են մի շարք ծրագրեր մայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավման` այդ թվում ջրային կառույցների բարեկարգման ուղղությամբ։ Ծրագրի շրջանակում վերագործարկվել են Գլխավոր պողոտայի, Շառլ Ազնավուրի հրապարակի, Օղակաձև այգու և այլ շատրվաններ ու ջրային կառույցներ։ Տարբեր վարչական շրջաններում, մասնավորի հետ համագործակցության արդյունքում, կառուցվել է 7 վերգետնյա անցում։ Արմեն Հարությունյանն ընդգծել է, որ ծրագիրը շարունակական է և այս տարի նախատեսվում է կառուցել ևս առնվազն 8 վերգետնյա անցում։ Մասնավոր ներդրումների հաշվին տարբեր վարչական շրջաններում կառուցվել են նաև գյուղատնտեսական արտադրանքի փոքրածավալ շուկաներ, ըստ անհրաժեշտության, կկառուցվեն նորերը։ Մայրաքաղաքի բարեկարգման ծրագրերի շրջանակում Երևանի քաղաքապետարանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, նախորդ տարի շարունակել է «Գեղեցիկ Երևան» ծրագիրը, որի շրջանակում բարեկարգվել են մայրաքաղաքի մի շարք շենքեր:

Ներդրումային դաշտի ակտիվացման և համագործակցության ոլորտների ընդլայնման նպատակով 2012-ի ընթացքում մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել քույր և գործընկեր քաղաքների հետ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Մարսել կատարած այցի շրջանակում կազմակերպվել են մի շարք հանդիպումներ և քննարկումներ ինչպես փոխգործակցության և ներդրումային նոր ոլորտների ու ծրագրերի համատեղ քննարկման, այնպես էլ հետագայում համատեղ ծրագրերի իրականացման նպատակով: Կլոր սեղաններ ու քննարկումներ են անցկացվել նաև Երևանում Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում:
     «Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես աջակցում է մայրաքաղաքում ներդրումային ծրագրերի իրականացմանը: Այսօր մենք գործընկերների լայն շրջանակ ունենք և համատեղ բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում: Միևնույն ժամանակ, աշխատանքներ են տարվում ներդրողների համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու, ինչպես նաև ներդրումային ծրագրերի վերաբերյալ բավարար տեղեկատվության հասանելիությունն ապահովելու ուղղությամբ» , - նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը:

Անդրադառնալով նորագույն տեխնոլոգիաների ներդրումային ծրագրերին` Արմեն Հարությունյանը նշել է, որ քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների շրջանակում՝ Երևանի քաղաքապետարանը, մասնավոր ներդրողների հետ համատեղ, իրականացրել է քաղաքային ենթակառուցվածքների նոր տեխնոլոգիաներով վերազինման մի շարք ծրագրեր:
     Խոսելով 2013 թվականին նախատեսված ծրագրերի մասին և կարևորելով ներդրումների նշանակությունը քաղաքային տնտեսության զարգացման գործում՝ նշվել է, որ ներկայում մշակվում է Երևան համայնքին պատկանող անմխիթար, ոչ բարեկարգ, այսօր իրենց նպատակային նշանակությունը կորցրած գույքի` մասնավորապես կաթսայատների արդիականացման և վերակառուցման ծրագրի թվով 5 ներդրումային փաթեթ: Արմեն Հարությունյանն ընդգծել է, որ ծրագրի շնորհիվ նոր հնարավորություններ կընձեռվեն թե՛ փոքր և միջին բիզնեսի զարգացման համար և թե՛ քաղաքի արտաքին պատշաճ տեսքի պահպանումը կապահովվի:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4099 | 0 | 0
Facebook